Tert.am-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Աստրախանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն «ակնհայտորեն դրական» է որակել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ միաժամանակ նկատելով, որ Կովկասում ԱՄՆ քաղաքականության դերը նվազում է, ինչի ֆոնի վրա բավական ակտիվ է դառնում ռուսական քաղաքականությունը: Երկու երկրների նախագահների աստրախանյան հանդիպման կարեւորությունը, քաղաքագետի համոզմամբ, այն է, որ կողմերը հասան ռազմագերիներին փոխանակելու համաձայնության, ինչն ամրագրված է նաեւ Ժնեւյան կոնվենցիայով: Ստեփան Գրիգորյանը նաեւ նշել է, որ ԼՂ հակամարտությունը չի լուծվի «զուտ քաղաքական բանակցությունների» միջոցով, այլ հարկավոր է երկու կողմերի համար ստեղծել համագործակցության դաշտ՝ «միմյանցից դնել կախվածության մեջ», որպեսզի կողմերից ոչ մեկն այլեւս չմտածի պատերազմի մասին եւ գնա միայն ու միայն խնդրի խաղաղ լուծման ճանապարհով: Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանն ու ադրբեջանցի փորձագետ Ռաուֆ Ռաջաբովը հոկտեմբերին համատեղ հայտարարություն էին ստորագրել, որում, ի թիվս մի շարք այլ կետերի, ողջունել են բանակցությունների շարունակությունը: