Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները Արցախում էին

Հոկտեմբեր 30,2010 00:00

Եվ զարմացել են, թե ինչու հայ փախստականների մասին գրեթե ոչինչ չեն իմացել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երեկ հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին (Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խումբ, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ) եւ Դամիեն Աբադիին (Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ): Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հյուրերին ասել է, թե կարեւորում է նրանց կատարած այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Արմեն Ռուստամյանը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը ինքնորոշվել է ժամանակին գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, այսօր էլ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես անկախ կարգավիճակով:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երեկ հանդիպել են նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, տիկին Զոհրաբյանը եւս կարեւորել է Եվրախորհրդարանի պատգամավորների այցը Ղարաբաղ՝ վստահ լինելով, որ եվրոպացի խորհրդարանականները տեսել են խաղաղ ապրող մի ժողովուրդ, մի պետություն, որն ունի կայացած ինստիտուտներ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միշել Ռիվազին իր հերթին առաջարկել է հետաքննող հանձնաժողով ստեղծել՝ պարզելու, թե Ադրբեջանը ի՞նչ պայմաններում է պահում իր իսկ ազերի փախստականներին: Ի դեպ, պատգամավորները չեն էլ թաքցրել, որ իրենց այցի հիմնական պատճառը Եվրախորհրդարանի ընդունած հանրահայտ բանաձեւն էր, որը չէր համապատասխանում ոչ միայն իրենց, այլեւ այս հարցով մտահոգ շատերի պատկերացումներին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանձնախմբի ջանքերով է կազմակերպվել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցը եւ Հայաստան, եւ Արցախ: Գաղտնիք չէ, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հազվադեպ են լինում Արցախում, եւ Եվրոպական խորհրդարանը մինչեւ վերջին ժամանակներս աշխատում էր զերծ մնալ այդ կարգի այցերից՝ Մինսկի խմբի հետ կապելով ողջ բանակցային գործընթացը, եւ իրեն, այսպես, չեզոք դիրքերի մեջ դնելով: Ըստ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, սա շատ կարեւոր այց էր, եւ շատ կարեւոր հանդիպումներ տեղի ունեցան: ՀՅԴ Բյուրոյի անդամի ներկայացմամբ. «Վերջապես Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հասկացան, թե որտեղից են առաջացել եւ ինչ էին անում հայերը Ադրբեջանի խորքի քաղաքներում, ոչ թե այն մասում, որը պատմական Հայաստան է՝ Արցախ, Ուտիք եւ այլն, մինչեւ Կուր գետը: Այդտեղ հասկանալի է, դա հայրենիքն է, ով էլ ինչ ասի, բայց դրանից այն կողմ հայերը ցարական կամ սովետական Ռուսաստանի ժամանակ գնացել են մեծ շինարարությունների, նավթահորեր մշակելու, Սումգայիթի քիմիական գործարանները կառուցելու եւ այլն: Գնացել են ոչ միայն ԼՂՀ տարածքից, այլեւ ամբողջ Արցախի տարածքից, այսինքն՝ նաեւ այն տարածքներից, որոնք այսօր ԼՂՀ կոնտրոլի տակ են, եւ որոնք ինչ-ինչ լրատվամիջոցներ կամ քաղաքական գործիչներ թյուրիմացաբար անվանում են օկուպացված: Երբ այդ մարդկանց սկսեցին ջարդել, ցեղասպանություն իրականացնել, խլել նրանց գույքը, այդ մարդիկ ո՞ւր պետք է փախչեին ու վերադառնային, իհարկե՝ հայրենիք: Իսկ իրենց հայրենիքը միայն ԼՂԻՄ-ն ու Ստեփանակերտը չէր, դա նաեւ Քելբաջարն է, դա նաեւ Լաչինն է, դա նաեւ հարավային շրջաններն են: Եվ այս առումով շատ կարեւոր էր, որ եվրոպացիներին սա հասկացվեց: Իսկ ինձ համար զարմանալի էր եվրոպական պառլամենտականների տարակուսանքը, թե ինչու իրենք մինչեւ հիմա այս ամենը չգիտեին: Մենք պայմանավորվեցինք կարեւոր գործընթացը սկսելու շուրջ: Սա Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այն աշխատանքն է, որը մենք համարում ենք անհրաժեշտ եւ անում ենք դա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել