Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, հերքում է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունները իր եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսակցության մասին: Ներկայացնում ենք այդ հայտարարությունը դեսպանատան թարգմանությամբ. «Փոխնախագահը եւ նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար, եւ հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին: Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընդհակառակը՝ փոխնախագահ Բայդենի եւ նախագահ Սարգսյանի միջեւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»: