Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կընդունի՞ Նաիրա Զոհրաբյանի առաջարկը

Հոկտեմբեր 30,2010 00:00

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանն օրերս հետեւյալ նամակով դիմել է ԵՄ-Հարավային Կովկաս խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Միլան Ցաբրնոխին. «Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ վերջին շրջանում բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջեւանի հայկական գերեզմանոցների, հայկական պատմական խաչքարերի պղծման եւ ավերման հարցերը: Հիշեցնեմ, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ 10-ամյա Գործընկերության եւ համագործակցության պայմանագրի 76-րդ հոդվածը նախատեսում է համագործակցություն մշակույթի ոլորտում, ներառյալ՝ «Հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանությունն ու պաշտպանությունը»: Բացի դա, 2006 թվականին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված թիվ 2004/2166 բանաձեւում հստակ կոչ է ուղղված Ադրբեջանին՝ «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել հայկական միջնադարյան գերեզմանոցների եւ Հարավային Նախիջեւանի պատմական խաչքարերի ոչնչացմանը, որը խախտում է 1993 թվականին այդ երկրի վավերացրած՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային եւ բնական համաշխարհային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի պայմանները:
Մենք ցավում ենք, որ նախապես որոշված դիտորդական առաքելությունը, որը պիտի ուղարկվեր Նախիջեւան, տեղի չունեցավ, ինչը հնարավորություն կտար տեղում տեսնելու ադրբեջանական վանդալիզմի իրական դեմքն ու գնահատական տալու մերօրյա վանդալներին: Ես կրկին ուզում եմ բարձրացնել ոչնչացված եւ հողին հավասարեցված հայկական գերեզմանոցներ Եվրոպական խորհրդարանի կողմից դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը: Ժողովրդավարության առաջին եւ գլխավոր պայմանն արդարության պահպանումն է: Իսկ եթե մի երկիր, որը հայտարարելով եվրոպական իր ձգտման մասին՝ իր երկրի իշխանության բարձր հովանու թողտվությամբ եւ հրահրմամբ փոշուն է հավասարեցնում մեկ այլ ժողովրդի մշակութային արժեքները, ապա թույլ տվեք մեծապես կասկածել տվյալ երկրի եվրոպական ձգտման անկեղծությանը:
Մեզանից յուրաքանչյուրի գործողությունների եւ քայլերի անաչառ գնահատումը պետք է մեզ բոլորիս՝ ԵՄ անդամ պետություններին, եվրոպական ինտեգրումը որպես արտաքին քաղաքական գերակայություն հռչակած պետություններին՝ միասին առաջ շարժվելու համար: Իսկ երբ հանցագործները մնում են անպատիժ, եւ նրանց արարքը համապատասխան գնահատականի չի արժանանում, դա ծնում է նորանոր հանցագործություններ: Ես առաջարկում եմ կարեւորագույն այս հարցը եւս ներառել դեկտեմբերի 1-2-ին Բրյուսելում նախատեսված Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստի օրակարգ»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ ստացել է Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին դեռ օգոստոսին ուղարկած իր նամակի պատասխանը, որը կներկայացնենք մեր հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել