Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օլիգարխները չպե՞տք է մտնեն խորհրդարան

Հոկտեմբեր 30,2010 00:00

Որոշել են կատարել Սահմանադրության  պահանջը

Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ազգային ժողովի նախագահի մոտ վերջերս տեղի է ունեցել մի քննարկում, որի նպատակն է առաջարկություններ ներկայացնել ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Ըստ այդ փոփոխությունների, գործարարությամբ զբաղվողները զրկվելու են պատգամավոր դառնալու հաճույքից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ՝ որպեսզի ԱԺ որոշ պատգամավորների կողմից չխախտվի այդ պահանջը, խնդիր է առաջացել, որ նրանք իրենց բիզնեսները կա՛մ հանձնեն հավատարմագրային կառավարման, կա՛մ չզբաղվեն պատգամավորական գործունեությամբ: Նպատակ կա ստեղծել Էթիկայի հանձնաժողով, ինչն ընդունված աշխատաոճ է նաեւ մի շարք եվրոպական երկրներում:
Մեր հարցին՝ արդյոք այս փոփոխությունների մասին առաջարկը ծագել է կոնկրետ մեկ-երկու օլիգարխ-պատգամավորի՞ համար, որպեսզի հատկապես վերջիններս զրկվեն խորհրդարանում հայտնվելու հնարավորություններից, գրեթե բոլոր զրուցակիցները ժխտողական պատասխան էին տալիս, ասելով, որ ընդամենը Սահմանադրության համապատասխան դրույթը պետք է իրականացվի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքով, այս նախաձեռնության նպատակն է հստակեցնել եւ մանրամասնել սահմանադրական պահանջը. «Մենք ոչ թե սկզբունքներին ենք երբեւէ դեմ լինելու, որովհետեւ սկզբունքը սահմանադրական է եւ մեզ համար հասկանալի, այլ մենք աշխատելու ենք այդ փաստաթղթի վրա այնպես, որ նա չստեղծի ծայրահեղություններ, որոնք չկան միջազգային պրակտիկայում: Մենք պնդելու ենք, որ այդ փաստաթուղթը ամբողջապես համահունչ լինի Եվրոպայի խորհրդի տարածքում գործող նմանատիպ օրենքներին եւ մոտեցումներին՝ դրանից ոչ ավել, ոչ պակաս»:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, մեկ այլ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էլ համոզված է, որ խորհրդարանում պե՛տք է լինեն պատգամավորներ, ովքեր կպաշտպանեն գործարարների շահերը: Նա նաեւ հավելել է, որ խնդիրը ոչ թե պատգամավորի կողմից սեփականության իրավունք չունենալու մեջ է, այլ դա կառավարելու: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ պնդեց, որ սա կոնկրետ մարդկանց դեմ ուղղված չէ. «Ոչ, սա բացարձակապես կոնկրետ մարդկանց դեմ ուղղված չէ: Բոլորովին կոնկրետ մարդկանց բնույթը նկատի չունի»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, թե հարցը դեռ քննարկման փուլում է, եւ դեռ երկու շաբաթ կա առաջարկությունները ներկայացնելու համար:
Ի պատասխան մեր հարցի՝ կա՞ն կոնկրետ անձինք, որոնց դեմ ուղղված է այս նախաձեռնությունը, տիկին Բիշարյանն ասաց. «Մշտապես մենք խոսում ենք այն մասին, որ գործարարությամբ զբաղվողները պետք է չմտնեն խորհրդարան, եւ սա կբերի նաեւ պրոֆեսիոնալ խորհրդարան ունենալու հարցի լուծմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել