Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը հրդեհվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար այստեղ բերված հորատող սարքավորումը, որն արդեն մի քանի օր է՝ աշխատում էր գյուղում: Հրդեհի մասին որեւէ մանրամասներ չեն հաղորդվում: Ըստ տարածված լուրերի՝ հորատող տեխնիկան հրկիզել են, որի մասին լեռնաձորցիները իմացել են միայն առավոտյան: «Մենք առավոտն ենք իմացել, որ սենց բան ա եղել: Էդ հորատող սարքը գյուղի վերեւում ա գտնվում, հեռու ա ստեղից, մեր գյուղի տներն էլ հակառակ ուղղությամբ են, չէր երեւա մեր տներից էդ պաժառը, մանավանդ, որ ասում են՝ գիշերն ա պաժառ ընկել»,- ասում են գյուղամիջին մեզ հանդիպած գյուղացիները: Իսկ լրագրողների աշխատանքին խոչընդոտում էին երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող մասնագետները, ովքեր չէին թույլատրում մոտենալ եւ լուսանկարել հրդեհված տեխնիկան, նշելով, որ իրենց ղեկավարը Երեւանից ճանապարհվել է Լեռնաձոր, եւ միայն նրա ներկայությամբ հնարավոր կլինի այդ աշխատանքներն անել ու որեւէ տեղեկություն իմանալ այս հարցի շուրջ, իսկ ղեկավարը մի քանի ժամ հետո միայն կլիներ գյուղում: Մեզ հաջողվեց հեռվից լուսանկարել, սեւացած ու վառված հետքերով տեխնիկան: Դեպքի վայրում աշխատում էին Սյունիքի մարզային քննչական բաժնի աշխատակիցները, տեղում էին նաեւ Կապանի եւ Քաջարանի ոստիկանապետերը, ինչպես նաեւ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձագետները: Սակայն տեխնիկայի հրկիզման մասին ոչ մի պաշտոնական հստակ ինֆորմացիա չկար: