Վերջին տարիներին նկատվում է հոգեկան հիվանդությունների թվի աճ ու երիտասարդացում: Դրա հիմնական պատճառը սոցիալական պայմաններն են, փաստում են հոգեբույժները, միաժամանակ նշելով, որ հիվանդների մի մասն էլ աղանդավորական խմբերի մեջ ընկնելով է հոգեկան խանգարում ստացել: Նրանց զառանցանքները հիմնականում կրոնական բնույթի են: Արարատյան հայրապետական թեմի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը եւ Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի տեխնիկական պատասխանատու հոգեբույժ Արամ Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանում հոգեկան հիվանդությունների եւ դրանց ավելացման վրա աղանդների ազդեցության մասին, նկատեցին, որ դա նաեւ պետության խնդիրն է: Պարզապես՝ վեջին շրջանում թե աղանդավորական շարժումների, թե դրանց դեմ տարվող պայքարի մասին շատ քիչ է խոսվում։ Արդյո՞ք անցել է վտանգը, թե՞ համակերպվել ենք նրանց համատեղելիության հետ:
«Հակագովազդը գովազդի լավագույն տարբերակն է, հետեւաբար՝ պետք էլ չէ մեծ ուշադրություն դարձնել եւ շատ խոսել աղանդավորական շարժումների մասին»,- ասում է Արարատյան հայրապետական թեմի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, հավելելով, որ չպետք է անտեսել նաեւ այն հանգամանքը, որ աղանդավորական շարժումների տարածումը սպառնում է թե հասարակության, թե պետության անվտանգությանը. ի վերջո՝ կան որոշ աղանդավորական կազմակերպություններ, որոնց ներգործությունը կարող է պարզապես կործանարար ազդեցություն ունենալ:
Քահանան նշում է՝ «ունենք բազում օրինակներ, եւ այդ տենդենցը ցավոք աճում է, երբ հոգեբանական խնդիրների եւ անգամ շեղումների հողի վրա ինքնասպանություններ են տեղի ունենում: Ժամանակին հոգատար մայրը կարող է դառնալ թափառաշրջիկ կին, որը չգիտես ինչու իր վրա առաքելություն է վերցնում, որ ինքը պետք է քարոզչությամբ զբաղվի: Վերջերս մի քանի անգամ ցույց տվեցին HTB-ի պատրաստած ֆլմը, որը հենց աղանդավորական գործունեության մասին էր: Ցույց տվեցին «Կյանքի խոսքի» անդամներին՝ իրենց պաշտամունքի ժամանակ: Կարելի էր տեսնել երեխաներ, որոնք հիստերիկ ծիծաղով տառապում էին այդ պահին: Անհնար է աստվածային ներգործության պատճառով այդ տեսակ հիստերիայի մեջ ընկնելը»:
Ինչ վերաբերում է աղանդների հետեւանքով մարդկանց մոտ առաջ եկող հոգեբանական խնդիրներին, ապա դրանց ազդեցությունը կարող է ճակատագրական դառնալ: Հոգեբույժ Ա.Հովհաննիսյանը, օրինակ, աղանդներից առաջացած հիվանդությունները դասում է խաղամոլության եւ թմրամոլության խմբին: Ըստ նրա. «Մարդը կարծես զրկվում է իր կամքից, կատարելով ուրիշի կամքը: Հոգեբուժական հիվանդանոցներում եւ հոգեբուժական դիսպանսերներում շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր դարձել են աղանդների զոհ: Ասեմ, որ շատ դժվար է լինում նման մարդկանց բուժումը, քանի որ, որպես կանոն, աղանդը ուժեղ պայքար է տանում այդ մարդուն իր շարքերում պահելու ուղղությամբ եւ ցավոք հաճախ հաղթում է»:
Մշտապես խոսվում է աղանդների խնդրի եւ հետեւանքների մասին, բայց ինչպե՞ս պայքարել դրանց դեմ: Ակնհայտ է, որ աղանդավորական շարժումները լուրջ ֆինանսներ են ներդնում եւ շատ դեպքերում քարոզի համար ընտրում անգամ բաց տարածքներ՝ մարզադաշտեր: Ինչպե՞ս կարող են պաշտպանվել հարակից տարածքի բնակիչներն այդ քարոզի հնարավոր հետեւանքներից: Քահանա Ղեւոնդյանի փոխանցմամբ՝ «դա ոչ միայն եկեղեցու, այլեւ պետության խնդիրն է: Պետությունն ընդունել է մի շարք օրենքներ, այլ խնդիր է, թե այդ օրենքներն ինչպես կարող են կիրառվել: Պարզապես պետք է ավելի հզորացնել իրավական դաշտը, օրենքը կիրառելու բոլոր հմտություններն ու լծակներն ուժեղացնել, որոնցով նախեւառաջ այդօրինակ գործողությունը պետք է կանխվի, արգելվի, նաեւ պատժվի: Մենք օրենք ունենք, որով այդ կարգի գործունեությունները քրեորեն հետապնդելի են, բայց առ այսօր այդ գործունեությամբ զբաղվող որեւէ աղանդավոր քրեորեն չի հետապնդվել»: