Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՏՆԵՐ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐ ՉԵՆ

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Հայաստանում խաղատներ այցելողների մեծ մասը բնակչության չունեւոր եւ բախտախնդիր շերտն է…

Հիվանդությունների 10-րդ միջազգային դասակարգման «Հոգեկան եւ վարքային խանգարումների դասակարգում, կլինիկական նկարագրություն եւ ախտորոշման ցուցումներ» բաժնում (Ե., 2001) ասվում է. «Մոլեխաղի հիվանդագին հակումը. այս խանգարումը բնորոշվում է մոլեխաղով տարվելու հաճախ կրկնվող էպիզոդով, որն առաջնակի է եւ գերակշռող անհատի կյանքում, բերում է սոցիալական, մասնագիտական, նյութական, ընտանեկան արժեքների իջեցման: Անհատը նշված ոլորտներում չի կատարում իր պարտականությունները: Նա կարող է զրկվել աշխատանքից, մեծ պարտքեր անել, օրինազանց լինել՝ միայն թե փող ճարի, կամ խուսափել պարտքերը վերադարձնելուց: Հիվանդն ինքը նկարագրում է անհաղթահարելի, ուժեղ հակում մասնակցելու այդ խաղերին, որը մեծ դժվարությամբ է հաղթահարվում, եւ այդ ցանկությունը, պատկերացումը՝ խաղի, նրան ուղեկցող իրավիճակի մասին համակում է հիվանդի ամբողջ մտքերը: Այդ համակող պատկերացումներն ու հակումը սովորաբար սաստկանում են այն ժամանակ, երբ կյանքում տեղ է գտնում սթրեսը: Այս խանգարումը կոչվում է նաեւ մոլեխաղին կոմպուլսիվ մասնակցություն, բայց այդ անվանումը վիճելի է, քանի որ վարքը կոմպուլսիվ չէ ոչ իր էությամբ, ոչ էլ օբսեսիվ-կոմպուլսիվ նեւրոզի հետ իր ընդհանրությամբ: Ախտորոշման ցուցումները. հիմնական նշանը համարվում է մոլեխաղով տարվելու մշտական, կրկնվող սովորույթը, որը շարունակվում է եւ հաճախ խորանում, անկախ սոցիալական հետեւանքից, ինչպիսիք են աղքատանալը, ընտանեկան փոխհարաբերությունների խաթարումը, անձնական կյանքի փլուզումը»:

1988 թ. տվյալներով Ավստրիայում խաղատների ֆինանսական պտույտը կազմել է 16 մլն շիլինգ: Իշխանությունների որոշմամբ, մոլեխաղերը պետք է կազմակերպվեն այնպես, որ այցելուներին վերադարձվի ներդրված գումարի 75, 5 տոկոսը: Սակայն այս կանոնը ամենուր խախտվում է, քանի որ խաղային ավտոմատները միտումնավոր աշխատեցվում են այնպես, որ խաղացողներին շահումների ձեւով վերադարձվի ներդրած գումարի սոսկ չնչին մասը:

Հայաստանում գործող խաղատների յուրա քանչյուր սեղանի համար խաղատունը պետությանը վճարում է 3000 դոլար հաստատագրված վճար (1999թ.), ինչը կառավարության համար բյուջեն լցնելու ձեռնտու «գործարք» է: 1999թ. խաղատների եւ շահումով խաղերի լիցենզավորումից Հայաստանի պետբյուջե գանձված տուրքը կազմել է 87, 6 մլն դրամ: 2002թ. փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է լիցենզավորված 16 խաղատուն եւ շահումով 60 խաղասրահ:

Ձեւավորված է թյուր կարծիք, թե խաղատներ այցելողների մեծ մասը հարուստներ են: Մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ խաղատներ այցելողների զգալի մասը մարդիկ են, ովքեր կրել են նյութական կամ ֆինանսական դժվարություններ, կորցրել են աշխատանքը, խրվել ընտանեկան անախորժությունների կամ պարտքերի մեջ եւ չեն տեսնում դրա ելքը: Նրանք իրենց հնարավոր փրկությունը տեսնում են շահումով խաղերի մեջ եւ, ի հիասթափություն իրենց, օրեցօր ավելի են խորացնում անելանելի վիճակը: Ահա այսպես զարգանում է մի հիվանդություն, որը հոգեբույժները կոչում են «խաղամոլի ախտաբանություն» կամ ուղղակի «խաղամոլություն»:

Խաղամոլուցքով հիվանդանում են հիմնականում 25-45 տարեկան ամուսնացած, միջին կամ ցածր աշխատավարձ ստացող տղամարդիկ: Դրանք հիմնականում թույլ կամ խաթարված նյարդային համակարգ ունեցող անձինք են, ովքեր շատ հեշտությամբ եւ իրենց համար աննկատելիորեն անցնում են այն սահմանը, որը խաղից ստացվող զվարճանքը բաժանում է խաղի հետեւանքով առաջացող տառապանքից: Հայաստանում խաղատներ այցելողների մեծ մասը բնակչության չունեւոր եւ բախտախնդիր շերտն է, մարդիկ, ովքեր փողերը վատնելուց հետո սկսում են վաճառել կնոջ նշանի մատանին, տան հեռուստացույցը, հայրական տունը, հույսով՝ թե մեծ գումար շահելու դեպքում ոչ միայն կվերադարձնեն կորցրածը, այլեւ միանգամից կհարստանան:

Խաղամոլների մեծ մասը նշում է, որ խաղալու նպատակը ոչ այնքան փող շահելն է, որքան խաղալու կիրքը բավարարելը, ազարտին հագուրդ տալը:

Բանն այն է, որ, ի տարբերություն գինեմոլության եւ թմրամոլության, խաղամոլը չի ունենում մարմնական առողջության վատացում եւ այդ պատճառով չի զգում իր գլխին կախված վտանգը: Հայաստանում խաղամոլության ոչ պակաս տարածված ու վտանգավոր տեսակ է լոտոմանիան կամ վիճակախաղամոլուցքը: Մոլեխաղի մի տեսակ է նաեւ համակարգչային խաղամոլուցքը, որով կարող են «վարակվել» ինչպես դեռահասները, այնպես էլ մեծահասակները: Իսկ ավելի վտանգավոր է, երբ դրանով զբաղվում են մարդիկ, ովքեր ի պաշտոնե ներգրավված են երկրի տնտեսության տարբեր ոլորտների կառավարման մեջ: Մեզանից յուրաքանչյուրը հաճախ է ականատես եղել, թե ինչպես այս կամ այն գերատեսչության թանկարժեք համակարգիչների մոտ նստած պաշտոնյան, օպերատորը կամ գործավարը՝ բան ու գործ թողած, ժամերով կլանված է պարզունակ խաղերի մեջ:

Մոլախաղով զբաղվողներին կարելի է բաժանել մի քանի պայմանական խմբերի:

Ցուցամոլ հարուստներ, որոնց համար խաղատուն այցելելը եւ էլիտար խաղերով զբաղվելով մեծ-մեծ փողեր վատնելը՝ հանգիստը անցկացնելու ցուցադրական ձեւ է եւ ինքնահաստատվելու միջոց: Բախտախնդիրներ, որոնց համար խաղատուն այցելելը եւ մոլախաղեր խաղալը՝ արագ եւ միանգամից հարստանալու արկածային ու բաղձալի միջոց է: Միամիտներ, որոնք մանկամտորեն հավատում են, թե խաղատների եւ լոտոների տերերը ազնվորեն ու անվերապահորեն մտահոգված են քաղաքացիների շահումներով: Հիվանդներ, որոնք խաղատուն այցելելով եւ խաղալով բավարարում են իրենց հիվանդագին մոլուցքը, կիրքը, ազարտը: Սրանք մարդիկ են, ովքեր իրենց վերջին միջոցները ծախսում են խաղատանը եւ լիակատար սնանկացումից հետո փող ճարելու նպատակով կատարում տարաբնույթ զանցանքներ ու հանցանքներ՝ գողություն, խաբեյություն, ավազակություն, սպանություն, անգամ՝ ինքնասպանություն:

Իսկ ինչպես վարվել հիվանդների հետ: Օրինակ՝ Վիեննայում գործող խաղատների շրջակայքում շրջում են մարդիկ, ովքեր խաղատների այցելուներին բաժանում են հուշաթերթիկներ, որոնցում գրված է. «Խաղի նկատմամբ մոլուցքը վտանգավոր է: Եթե դուք դժվարանում եք ազատվել այդ արատից՝ դիմեք «Անանուն խաղամոլ» ընկերությանը», որտեղ աշխատում են հոգեբույժներ եւ հոգեբաններ, որոնք իրենց դիմած պացիենտի հետ անցկացնում են անհատական եւ խմբային բուժական սեանսներ»: «Անանուն խաղամոլ» ընկերության կլինիկայում խաղամոլները անցնում են բուժման կուրս, ազատվում այդ վտանգավոր սովորությունից եւ ձեռնամուխ լինում իրենց բախտակիցներին հայտնաբերելու եւ բուժման ներգրավելու ազնիվ գործին: Ընկերության կլինիկայում գործում է վստահության հեռախոս, որով խաղամոլուցքով տառապող հիվանդը նախօրոք կարող է ծանոթանալ բուժման պայմաններին, արդյունավետությանը եւ այլ մանրամասներին:

1980-ական թվականներից ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գործում է թղթախաղի, պտուտակախաղի եւ այլ մոլեխաղերի կրքոտ խաղամոլների բուժման՝ աշխարհում առաջին հիվանդանոցը, որի գործունեության ընթացքում բուժված հազարավոր հիվանդների մեծ մասը պնդում է, որ բուժումից հետո իրենց հաջողվել է ազատվել մոլեխաղի նկատմամբ ունեցած հիվանդագին կրքերից:

Իմ աշխատանքային գործունեության ավելի քան 35 տարիների ընթացքում ունեցել եմ խաղամոլուցքով տառապող մոտավորապես 10 հիվանդ, ովքեր չկարողանալով իրենց մեջ կամքի ուժ գտնել, ընդամենը 1-2 այցելությունից հետո, ցավոք, դադարեցրել են բուժումը: Դրանցից մեկը Երեւանի բուհերից մեկի դոցենտ էր, որին բուժման էր բերել 70-ամյա պրոֆեսոր հայրը, որը անչափ ցավագին էր տանում որդու դանդաղ կործանման փաստը: Մյուսը ընկերոջս 24-ամյա որդին էր, որը սկսել էր տնից իրեր գողանալ: Երրորդը մի ուսանող էր, որի պարտքերը հասել էին այնպիսի չափերի, որ հայրը որդուն փրկելու նպատակով դիմել էր զինկոմիսարիատ՝ նրան բանակ զորակոչելու խնդրանքով: Եվ այդպես շարունակ:

Համոզված կարելի է ասել, որ մեր երիտասարդության մեջ դանդաղորեն, բայց հաստատ արմատավորվում է խաղամոլուցք չարորակ հիվանդությունը, որի դեմը ժամանակին չառնելը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Նաեւ դրանով կարելի է բացատրել հանրապետության քրեածին ոչ բարվոք իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031