Լրահոս
Օրվա լրահոսը

Մանչուկն սկսել է գրոհել

Հոկտեմբեր 29,2010 00:00

Պորտո Կարրասում շախմատի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:

18 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ութ հնարավորից կորցրել է ընդամենը մեկ միավոր (նա երկու ոչ-ոքի է արել) եւ 7,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, նախորդ տուրում իսրայելցի Տալ Բարոնի հետ միավորը բաժանելուց հետո նրա առավելությունը մրցակիցների նկատմամբ փոքր-ինչ նվազեց, այդուհանդերձ, երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Սթիվեն Զիերեկը Սամվելից կես քայլ ետ էր մնում: Երեկ այս տարիքային խմբի հաղթողի գլխավոր հավակնորդ հայ շախմատիստն իններորդ տուրում սեւ խաղաքարերով հանդիպում էր Շվեդիան ներկայացնող Նիլս Գրանդելիուսին:

Աշխարհի առաջնության վերջնամասում, կարծես, լավ մարզավիճակ է սկսել ձեռք բերել 12 տարեկանների պայքարին մասնակցող Մանուել Պետրոսյանը: Նա, սկսած չորրորդ տուրից, կանոնավոր կերպով մրցաշարային աղյուսակում առաջադիմում է եւ ութերորդ տուրից հետո 6,5 միավորով հայտնվել է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում: Նրան եւ առաջատար Տրոֆ Կայդենին բաժանում էր մեկ միավոր: Երեկ հայաստանցի մանչուկը վերելքը շարունակելու որոշակի հնարավորություն ուներ, քանի որ սպիտակներով խաղում էր Յան-Քրիստոֆ Դուդայի (Լեհաստան) հետ:

Ցավոք, մեր աղջիկներն արդեն մրցանակային տեղերի համար պայքարելու հեռանկար, թվում է, չունեն: Նրանցից լավագույն ցուցանիշն ունի 12 տարեկան Սիրանուշ Ղուկասյանը, որը 5,5 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել