Նրանց աշխատավարձը գրոշաչափ կբարձրանա
Երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, թե 2011թ. պետբյուջեով նախատեսված են աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումներ: Մասնավորաբար՝ վարչապետը աչքալուսանք տվեց մշակույթի գործիչներին՝ 15%-ով նրանց աշխատավարձերը բարձրացնելու առիթով: Թվում էր, թե հանրապետության բոլոր նվագախմբերն ու երգչախմբերը պիտի հավաքվեին ու «օվսաննա» հնչեցնեին իշխանությունների պատվին, իսկ պարային խմբերը, թատրոններն ու գրադարանները օրնիբուն զբաղվեին իշխանությունների մարդասիրական վերաբերմունքի փառաբանությամբ: Մինչդեռ մշակութային օջախների կուլիսներում 15%-ի բարձրացումը որակվում է պետական ցինիզմ, ինչը առիթ կդառնա արվեստագետների միգրացիայի նոր ալիքի: 35-40 հազար դրամ ստացողների աշխատավարձը կավելանա ընդամենը 5-6 հազարով, ինչը օրեցօր բարձրացող գնաճի պայմաններում իսկապես ծաղր է:
Աշխարհում մշակութային ոլորտի ամենաբարձր աշխատավարձերը տրվում են պարողներին, օպերային երգիչներին՝ հաշվի առնելով մասնագիտական բարդություններն ու դժվարությունները:
Ժամանակին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հատուկ կարգավիճակ ստեղծեց Մեծ թատրոնի արտիստների համար՝ հայտարարելով, որ դա անում է, որպեսզի նրանք չգայթակղվեն «արեւմտյան» աշխատավարձերով: Ինչ վերաբերում է Ռուսաստանում գործող ճանաչված պարային կոլեկտիվներին, այդ թվում՝ նաեւ աշխարհահռչակ Մոիսեեւի անվան, Միխայիլ Շվիդկոյը իր հեղինակային «Կուլտուրնայա ռեւոլյուցիա» հաղորդաշարից մեկում նշեց, որ նրանք նաեւ պետական միջոցներով 2-3 ամսով հյուրախաղերի են մեկնում, այդպիսով ստանալով շոշափելի գումար:
Նախկին ԽՍՀՄ երկրներից այսօր պարողների ամենաբարձր աշխատավարձը Վրաստանում է. նվազագույնը՝ $1000:
Հայ արվեստագետները կարծում են, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է համապատասխան վարձատրություն ու մեկնաբանություն ներկայացներ կառավարություն՝ հիմնավորելով հատկապես պարային կոլեկտիվների աշխատավարձերի բարձրացման առանձնահատուկ սկզբունքները: Սակայն պարզվում է, որ նախարարությունը ոչ թե զբաղված է մշակութային քաղաքականությամբ, որի բաղկացուցիչներից մեկն է աշխատավարձերի օբյեկտիվ ձեւավորումը, այլ հիմնականում տարբեր փառատոների անցկացմամբ:
Ցածր աշխատավարձերը առիթ են տվել, որ, օրինակ, պարային կոլեկտիվներից մեկում փորձերին ներկայանան միայն կանայք, իսկ տղամարդ պարողները այլ ուղիներով իրենց նվազագույն ֆինանսական հարցերը լուծեն: Ինչ է, այս մասին չգիտե՞ն մշակույթի նախարարությունում…
Թե ինչու չենք հիշատակում հիշյալ կոլեկտիվի անունը՝ պարզաբանենք: Նման դեպքերում նախարարության չինովնիկները անմիջապես շտապում են համոզել, նույնիսկ սպառնալ, պահանջելով հրապարակավ հերքել իրականությունը:
Վիճակագրական տվյալները հուշում են, որ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից հեռացել է 61 հազար մարդ: Նրանց թվում, բնականաբար, կան նաեւ մշակույթի մարդիկ, անվանիներ՝ նույնպես: Վերցնենք, թեկուզ, Կոմիտասի անվան լարային քառյակի երկրորդ ջութակահար Սուրեն Հախնազարյանի օրինակը: