Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Լիբանանի գործով ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի հետաքննիչների միջազգային խումբը Բեյրութի հարավում հարձակման է ենթարկվել: «Նախարնետ» գործակալության փոխանցմամբ, տրիբունալի դատախազի գրասենյակի երկու աշխատակիցներ, որոնք հետաքննում են Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը, ժամանել էին Դահիի հիվանդանոցներից մեկում նախապես նշանակված հանդիպմանը: Այն պահին, երբ նրանք պատրաստվել են ծանոթանալ հիվանդների գործերի հետ, շենք է ներխուժել կանանց մի բազմություն, որը գրավել է տարածքն ու այն ջարդուփշուր արել:

Ծուղակում հայտնված կրիմինալիստներին օգնության են հասել լիբանանյան բանակի զինծառայողները, որոնք քննիչներին դուրս են բերել շենքից եւ առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այդ ակցիայի թիկունքում կանգնած են շիաների երկու խմբավորումներ՝ «Հզբոլլահն» եւ «Ամալը»: Երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Յասին Ջաբերը, LBC հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե տեղի ունեցածը վկայում է, որ տրիբունալի անդամները Լիբանանում ցանկալի հյուրեր չեն: Շիաների ղեկավարությունը միջադեպի առնչությամբ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել: Փոխարենը Լիբանանի կառավարությանը սատարող «Մարտի 14-ի դաշինքը» դատապարտել է միջազգային փորձագետների վրա հարձակումն ու պահանջել պատժել մեղավորներին: Կանադացի դատախազ Դանիել Բելմարի գրասենյակն իր հերթին միջադեպը որակել է որպես հետաքննությանը խոչընդոտելու փորձ:

Հիշեցնենք, որ Հաագայում Բեյրութի գործով քրեական դատարանը ձեւավորվել է ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ՝ հետաքննելու համար սունիների առաջնորդ, Լիբանանի նախկին վարչապետի սպանության գործը: Սպանության կազմակերպման մեջ կասկածվում է շիաների «Հզբոլլահ» շարժումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել