Լրահոս
Օրվա լրահոսը

Կայքերը գլխացավանք՝ իշխանությունների համար

Հոկտեմբեր 29,2010 00:00

Մասնագետների դիտարկումները

\"\"Այսօր ամբողջ աշխարհում սոցիալական կայքերի ամենաակտիվ օգտագործողները Ռուսաստանի, Իսրայելի եւ Թուրքիայի քաղաքացիներն են: Սոցիալական կայքերին առավել շատ ժամանակ նվիրում են ռուսները, ովքեր համակարգչի առջեւ ամսական 9,8 ժամ են անցկացնում՝ այցելելով սոցիալական կայքեր: Այս տվյալները հրապարակել էր comScore-ը՝ իր վերջին զեկույցում: Հայաստանում այսօր եւս մեծ հետաքրքրություն է դրսեւորվում սոցիալական կայքերի նկատմամբ, իսկ Youtube-ում եւ Facebook-ում վերջերս տեղադրված տեսանյութերին արձագանքեցին ՊՆ-ն, ԿԳ նախարարությունը, անգամ՝ նախագահականը: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը ինտերնետ միջավայրում լուրջ էվոլյուցիա է ապրել. «Վերջին 1 տարվա ընթացքում ձեւավորվել է քաղաքացիական հասարակության մի սեգմենտ, որ մինչ այդ ոչ ոք չէր պատկերացնում, թե կարող է լինի: Այսօրվա կրթության նախարարության եւ իշխող կոալիցիայի ֆրակցիաների մղձավանջը Facebook-ում սկիզբ առած «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումն է: Ունենք նորմալ նախարարություններ, որոնք արձագանքում են, բայց, օրինակ, բնապահպանության նախարարությունը, որի դեմ ամենից շատ նյութերն են հրապարակվում, թքած ունի Youtube-ի եւ մնացած կայքերի վրա»: Փորձագետի խոսքով՝ «Այսօր սկսել են գործել նաեւ մանիպուլյատիվ գործոնները, որոնց ականատեսը կդառնանք ընտրությունների շեմին եւ նույն Youtube-ը կհեղեղվի տգեղ տեսանյութերով»: Նրա կարծիքով, հայաստանյան նախորդ ընտրական գործընթացներին մասնակցողները «անգրագետ էին, ավելի շատ օգտագործում էին հին, բռունցքային մեթոդներ, իսկ հիմա ավելի շատ կսկսեն օգտագործել նաեւ ցանցային մեթոդներ»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ բանակի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ կապված վերջին տեսանյութից հետո Հայաստանում արգելափակվի Facebook-ը կամ այլ սոցիալական կայք, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց, թե դա Հայաստանի համար թանկ հաճույք է, բայց, նրա կարծիքով. «Այսօր աշխարհում ամեն ինչ դրան է տանում, որովհետեւ իշխանությունների համար այդ կայքերը գլխացավանք են»: Հաճախ է խոսվում նաեւ ինտերնետից, համակարգչային խաղերից կախվածության եւ այլ խնդիրների մասին: Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ ինտերնետը հոգեբանական առումով հզոր ազդեցություն է թողնում մարդու վրա, հանգեցնում նաեւ նեւրոզների. «Կյանքում խնդիրների լուծված չլինելը, անբավարարվածությունը անձին դրդում է վիրտուալ աշխարհում դրսեւորվելուն»: Նա խոսեց ինտերնետային աուտիզմի մասին, երբ մարդը ձգտում է մենակության, բայց հոգեբանին այդ խնդրով դեռեւս չեն դիմել: Ինչ վերաբերում է դեռահասների՝ համակարգչային խաղերից եւ սոցիալական բազմաթիվ կայքերից օգտվելուն, հոգեբանը գտնում է, որ ամեն ինչ պետք է լինի ծնողների վերահսկողությամբ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ս. Մարտիրոսյանը, որ նաեւ մանկավարժ է աշխատել, վստահ է՝ երեխան պետք է չունենա համակարգչից օգտվելու հնարավորություն կամ էլ այն պետք է լինի սահմանափակ, բայց, նրա խոսքով՝ ծնողներ կան, որ նույնիսկ համակարգիչ անջատել-միացնել չգիտեն. «Ծնողների մեծ մասը չի էլ պատկերացնում, թե երեխան ինչի կարող է հանդիպել համացանցում: Նայեք, թե երեխաներն իրենց հեռախոսներում ինչեր են պահում, ինտերնետից քաշած գլխատումներ, էրոտիկա, բաներ, որ ինքս նայում եմ՝ մազերս բիզ-բիզ են կանգնում»: Փորձագետը գտնում է, որ պետք է գործեն ֆիլտրեր, որոնք հստակ կզատեն, թե ինչի չպետք է ականատես լինի երեխան համացանցում:

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ FoxNews-ը բարձրաձայնել էր այն մասին, որ նույն Facebook-ը մանկական պոռնոգրաֆիա է տարածում, եւ այդ ցանցում չկա ոչ մի մեխանիզմ, որը կպաշտպանի երեխաներին մանկապիղծների «հարձակումներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել