Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻԼԱՇՓՈԹ՝ ԹԻՎ 188 ԴՊՐՈՑՈՒՄ

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Ուսուցիչը դժգոհում է տնօրենից, նա էլ՝ նշված բողոքները հերյուրանք է համարում

Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ Գ. Չաուշի անվան թիվ 188 դպրոցի ուսուցիչներից մեկի կողմից: Մանկավարժը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի թերթում՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում կկորցնի աշխատանքը: Սակայն նրա հետ խոսակցության ձայնագրությունը պահպանվում է խմբագրությունում: Մանկավարժի դժգոհությունը կապված է ընդհանուր առմամբ դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի հետ: Նա վրդովված նշեց. «Բոլորն էլ տեղյակ են, որ արձակուրդից հետո դպրոցներում աշխատանքը սկսվում է օգոստոսի 18-ից, բայց ինչ-ինչ պատճառով մեր դպրոցում աշխատանքի ենք վերադարձել օգոստոսի 25-ից եւ վարձատրվել 5 օրվա համար, ինչի համար ոչ մի բացատրություն չենք ստացել: Հասկանալի է, որ այդ գումարները տնօրենը հաշվապահի հետ յուրացրել է»: Մյուս դժգոհությունը կապված է դպրոցի խորհրդի նիստերի կազմակերպման եւ անդամների ընտրության հետ. «Կոլեկտիվը պիտի տեղյակ լինի, թե ովքեր են խորհրդի անդամները, ում կարելի է դիմել բողոքի առաջացման դեպքում: Սակայն մենք ոչ ընտրել ենք խորհրդի անդամներին, ոչ էլ տեղյակ ենք՝ ովքեր են նրանք: Դպրոցի տնօրենը իր մոտիկ մարդկանցով է կատարել ընտրությունը: Ընդհանրապես մեր դպրոցում տիրում է տնօրենի իշխանությունը: Նա ինչ ուզի՝ կանի: Պատճառն այն է, որ նա հզոր թիկունք ունի, խոսակցություններ կան, որ տնօրենի հովանավորը նրա խնամին է: Ի դեպ, տնօրինության կազմում բոլորը տնօրենի յուրայիններն են. նրա դուստրը, եղբոր աղջիկը…»:

Դժգոհող ուսուցչուհին նաեւ հավելեց, որ տնօրենը աշխատանքից անօրինական ազատել է տարբեր ուսուցիչների, դպրոցում պարբերաբար դրամահավաքություն է կազմակերպվում:

Նշված դժգոհությունների վերաբերյալ «Առավոտը» պարզաբանումներ ստացավ թիվ 188 դպրոցի տնօրեն Լուսյա Սարգսյանից: Խորհրդի անդամների ընտրության առնչությամբ նա ասաց. «Խորհրդի անդամ ընտրվելը ո՞րն է: Նրանց մեզ դեռ չեն «հրամցրել», հինը դեռ գործում է, ինչի՞ մասին է խոսքը: Խորհուրդների հարցն էլ այնպես է, որ կարող է արդեն ընդհանրապես գոյություն չունենան: Այդ պատճառով մենք հաշվետվություն ենք ներկայացրել եւ խորհրդի անունը մատիտով գրել»: Արձակուրդի հետ կապված դժգոհության մասին դպրոցի հաշվապահը պարզաբանեց. «Տոն օրերը գումարվել են արձակուրդին, դրա համար էլ արձակուրդը երկարել է: Ուստի դա լրիվ օրինական է: Իսկ գումար յուրացնելը հնարավոր չէ»: Լ. Սարգսյանը հավելեց. «Իսկ չեն նշո՞ւմ, որ իրենց արձակուրդը հուլիսի 1-ից էր, բայց ես թույլ եմ տվել աշխատանքի չգալ հունիսի 28-ից»: Անդրադառնալով իր դստեր եւ եղբոր աղջկա՝ դպրոցում աշխատելու մասին դժգոհությանը, տիկին Սարգսյանն ասաց. «2001-ից եղբորս աղջիկը դպրոցում կազմակերպիչ է եղել, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Իսկ իմ աղջիկը, երբ ֆիզարձակուրդից վերադառնա, այլեւս չի աշխատելու այս դպրոցում, թող այդ մարդիկ հանգստանան»: Այն խոսակցությունների մասին, թե իր խնամու հովանավորությամբ է աշխատում, տիկին Սարգսյանն ասաց. «Կարող եք գնալ կրթության նախարարություն եւ ստուգել, որ նա պաշտոնատար անձ չէ, որ իմ հովանավորը լինի»: Տիկին Սարգսյանը վրդովվեց, երբ իմացավ, որ ուսուցիչը դժգոհել է, թե տնօրենն ինչ ուզի՝ կանի, թե իշխող անձնավորություն է: Մեզ հետ զրույցի ընթացքում դպրոցի տնօրենը հասկացավ, թե ով կարող է եղած լինել բողոք ներկայացնող ուսուցիչը եւ ցույց տվեց 8-րդ դասարանի ծնողների մի նամակ, որտեղ դժգոհություն է հայտնվում ուսուցչի՝ աշակերտների հետ վերաբերվելու մեթոդներից: Տնօրենը հավելեց նաեւ, որ ժամանակին այդ ուսուցչին պետք է աշխատանքից ազատած լիներ, քանի որ նա ծնողին երեխայի փոխարեն գրավոր է գրել տվել եւ այլն, եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել