Լրահոս
Օրվա լրահոսը

53. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"
1992-94 թթ.-ից մնացած տանկ-հուշարձանի մոտ:

\"\"
500-ամյա սոսին:

\"\"
Չափար գյուղը՝ մառախուղի մեջ:

Քայլում եմ քաղաքային մայթով, ու ոտքի հարվածներով ձգտում սալարկած մայթին ընկած կաղնու պտուղները մայթի ու փողոցի միջեւ կանաչ գազոնի մեջ գցել։ Անցորդները ոտքի տակ անխնա տրորել-ջարդել են ցած ընկած սերմերը, զրկել նրանց տնկի դառնալու, ապրելու հնարավորությունից։ Ես համոզված եմ, որ կաղնու սերմերը եւս կենդանի էակներ են, բնության, թե Աստծո կողմից օժտված ծլարձակելու, սերնդեսերունդ ապրելու ունակությունը իրար փոխանցելու աստվածային շնորհով, ուստի եւ ոտքի տակ տրորելը մեղք եմ համարել եւ քանի տարի է, ոտքի թեթեւ հարվածով գազոնները նետելով՝ փրկել նրանց, առանց ետին մտքի, թե Աստված կամ Բնությունը կտեսնի ու կգնահատի արարքս ու մի դուռ կբանա իմ առջեւ։

Մի կին, որը բանաստեղծուհի է, հասավ ինձ ու ասաց.

-Տեսնում եմ, թե ոնց ես սերմերը փրկում, բայց իմացիր, որ սխալ ես ապրում։ Խղճահարությունը թուլության նշան է։ Ուժեղները կտրորեն քեզ, ու չես էլ հասցնի գազոնի վրա հայտնվես, քեզ ոչ ոք չի փրկի, չնայած քո գրվածքները պետք են մարդկանց։

– Բայց դա աշխարհընկալում է,- պատասխանեցի ես։

– Հասկանալի է, նույնիսկ, ես կասեի՝ կենսափիլիսոփայություն, բայց այդ ամենի տակ խիղճն է։ Ուզում եմ, որ ուժեղ լինես։

Ովքե՞ր են ուժեղները։ Բյուրոկրատները, խաբեբաները, կոռումպացված պաշտոնյաները… Իսկ գրո՞ղը, լրագրո՞ղը, արվեստագե՞տը… Մի՞թե ես ոչ իրենց տեղում՝ քաղաքային մայթի սալահատակին հայտնված պտուղների պես պիտի տրորվեմ նրանց ոտքերի տակ։ Տասնյակ հազարավոր մարդիկ վատ են ապրում ոչ թե նրա համար, որ ունակ չեն աշխատանքի (պտուղը հողի մեջ գցես՝ կծլարձակի, ծառ կստեղծի), այլ, որովհետեւ բաշխման համակարգը մի փոքր խմբի համար է գործում, իսկ ունեւորները ոտքի տակ տրորում են չունեւորներին, նրանց որդիները նույնպես իրենց հայրերի «գործը» յուրացնում են սալարկած մայթին կաղնու սերմերը ոտքի տակ տրորելով։

Այս մտորումների մեջ էի, երբ պատահեցի վաղեմի ընկերոջս՝ Ռոմա Սարգսյանին։

– Հերիք է Երեւանով ճամփորդես,- ասաց նա,- հարկավոր է երբեմն էլ հայաստանյան մարզերով, Արցախի բնակավայրերի միջօրեներով ճամփորդես։ Եթե համաձայն ես, ես վաղը իմ հայրենի Չափար գյուղ եմ մեկնում, արի միասին գնանք, այնտեղ էլ գրելու շատ բան կա։

– Օրինակ…

– Գիտեմ, որ վաղուց Չափարի ջոկատների հրամանատարների հետ էիր ուզում զրուցել։ Նրանք հիմա գյուղում են։ Եթե գալիս ես՝ զանգեմ, սպասեն։

-Իմ թույլ տեղը լավ գիտես,- ժպտալով ասացի ես,- գալիս եմ։

Վաղ առավոտյան մեկնեցինք։ Մեքենան Կոմիտասի պողոտայից «Լամբադա» կամրջով թեքվեց դեպի Թբիլիսյան խճուղի։

– Բայց մի՞թե մենք Արցախ ենք գնում,- ասացի ես, մտաբերելով մինչ 1988-ը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով Արցախ գնալու միակ ճանապարհը։

– Քարվաճառով ենք գնալու,- պատասխանեց Ռոման,- ընդամենը 250 կմ է, իսկ Բերձոր- Շուշիով 475 կմ պետք է կտրենք։

Իսկական աշունն իր ողջ հմայքով զգալու համար պետք է դուրս գալ քաղաքից ու ընթանալ Գեղարքունիքի պուրակներով։ Ոսկին, ճիշտ է, ուժ ունի, սակայն չունի իսկական աշնանային դեղինով պատած ծառերի հմայքը։ Արեւի ճառագայթները այնպիսի խելագար եւ աշխույժ երանգներով են լցրել շրջապատը, որ ուզում ես կանգ առնել, ձուլվել բնության այս աննկարագրելի ներդաշնակությանը։ Մի քանի օր առաջ ես հիացել էի գեղանկարիչ Նիկոլի գուներանգներով, սակայն, թող ների իմ սիրելի արվեստագետը, այո, ինքն էլ է մարդու համար նոր միջավայր, նոր ներդաշնակություն ստեղծում, բայց բնությունն անգերազանցելի է մնում։ Անշուշտ, եթե նա չիմանար դա, ապա երբեք չէր էլ նկարի։

Պատմական Վայունիքը ի՛ր աշունն է մատուցում։ Խելացնոր Թարթառից սնունդ առած ծառերը ասես փորձում են դիմադրել, ավելի երկար իրենց մեջ պահել ամռան կանաչը, սակայն հայացքով ծառերի կատարներով վեր սահելով, լեռան ծերպին տեսնում ենք ոչ միայն աշնան լիաթոք շունչը, այլեւ տերեւաթափը, ձմռան գալուստը…

Նոր Խարխափուտ, Նոր Կարաչինար, Նոր Էրքեջ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Նոր Վերին Շեն, Նոր Մանաշիդ… Օկուպացված արցախյան Շահումյանի շրջանի գյուղերը ստիպված տեղափոխվել են Քարվաճառի անդնդախոր կիրճերն ու ձորերը, իրենց հազարամյա բնակավայրերի անուններով, ուրույն խոսվածքով պահպանել հայրենի եզերքի հիշատակը, բայց եւ ձգտել ընտելանալ այս տեղանքին, նոր հայրենիք ստեղծել, որը հնի շարունակությունն է։ Ճանապարհի եզերքին արդեն տեսնում ենք նորակառույց դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, ԼՂՀ դրոշներով գյուղապետարաններ։

Անցյալ տարի Մոսկվայի շուկաներում արմատներով շահումյանցի տղաների էի հանդիպել, որոնք չգիտեն էլ, թե ինչ է հայրենիքը, քանի որ հենց այդ շուկաներում են մեծացել։

Օմար տանող խաչմերուկ հասանք։ Հենց այստեղ ադրբեջանցի զինվորների տասնյակ դիակների էի հանդիպել։ Գրոհայիններ տանող մեքենայի վրա էր ընկել արկն ու պայթել։ Դիակները ոչ միայն ավտոմեքենայի թափքում էին, այլեւ շրջակայքում։ Ստորաբաժանման հրամանատարը, որի հագուստը բռնկվել էր, իրեն նետել էր դեպի գետը, որ հանգցնի կրակը, սակայն ջրին չէր հասել։ Ես նկարահանում էի զոհված զինվորներին, տեսաֆիլմ պատրաստում եւ ուղարկում Ադրբեջան՝ զոհված գրոհայինների մայրերին, հայրերին ուղղված կոչով։ Այն ընթերցել էր ինքնակամ գերի հանձնված մի ադրբեջանցի ու պահանջել, որ դադարեցնեն ագրեսիան, անիմաստ պատերազմը։ Գիտեի, որ ռազմաճակատից ամիսներ շարունակ Ադրբեջանի ռազմական իշխանությունները ծնողներին ոչինչ չեն հայտնում զոհված զինվորների մասին։ Մայրերը այդ կադրերում փնտրում էին իրենց «անհետ կորած» որդիներին։ Իմ ուղարկած տեսանյութը հարյուրավոր օրինակներով բազմացավ, տարածվեց ողջ Ադրբեջանով մեկ։ Շուտով մայրերը ցույցի դուրս եկան, Մեջլիսից, երկրի նախագահից պահանջեցին դադարեցնել ուրիշի հողը, հայրենիքը խլելու համար սանձազերծած պատերազմը։

Թարթառի ափին սփռված Նոր Կարաչինար գյուղի դպրոցի բակում աշխույժ եռուզեռ էր։ Կենդանի նվագի տակ աշակերտները պարում են, ուրախանում։ Այդ երեխաները Նոր Կարաչինարում են ծնվել։ Նրանք գիտեն իրենց ծնողների հայրենիքի մասին, բայց նրանց հայրենիքն այժմ ԼՂՀ Քարվաճառի շրջանն է, Նոր Կարաչինարը։

Եղեգնուտ գյուղը իր գեղեցկատես մանկապարտեզով ու դպրոցով նոր հմայք եւ իմաստ է հաղորդել հին Տրտուականի խելացնոր հոսքին։ Այստեղ նախկին բնակիչների տների պատերի մեջ ագուցված հայատառ գրեր ունեցող խաչարձանների տասնյակ քարաբեկորներ եմ տեսել ու լուսանկարել։ Իսկ Տրտուականի վերին հոսանքում գտնվող միջնադարյան իշխանանիստ հանդիսացած Ծար ավանում մի ամբողջ դպրոց հանգստարանի քարերով է կառուցվել, ընդ որում՝ շինաքարի վերածված բեկորների շքեղ ու անկրկնելի նախշազարդերն ու գրերը դեպի դուրս են շարվել։ Ազգությամբ քուրդ դպրոցականները հիացել են քարերի զարդամոտիվներով, հասկացել, որ երկիրը հնուց ի վեր հայկական է, ու փորձել են դիմակայել Բաքվի իշխանությունների պարտադրած «ադրբեջանացմանն» ու «թուրքացմանը»։ Ես այդ քարաբեկորները լուսանկարել էի եւ ՀՀ նկարիչների տան ցուցասրահում ցուցադրել հանրությանը։ Հին Վայունիքի հարյուրավոր եկեղեցիներ, վանական կառույցներ, բերդապարիսպներ, իշխանական տներ քանդվել են՝ կորցնելով անցյալում ապրած մարդկանց հիշատակը։ Ինչքան էլ այսօր գրեն, գոռան, ճիգեր թափեն նավթադոլարներով հղփացած Բաքվի իշխանավորները, պատմությունը անհնար է ջնջել՝ եթե ժողովուրդը հարգում, պահպանում է իր անցյալի պատմությունը։

Ճանապարհին «Նիվա» ավտոմեքենա էր կանգնած։ «ՈՒԱԶ» տիպի մեքենան բարակ մետաղալարով պետք է փորձեր քաշելով տեղ հասցնել «Նիվային»։

– Մեր գյուղի մեքենան է,- ասաց Ռոման ու ետ վերադարձավ,- այդ մեքենան ես եմ գյուղին նվիրել։

Պարզվեց, որ մեքենայի շարժիչը այրվել է, ու տանում են Վարդենիս՝ նորոգելու։

Դադիվանք մտնելու ժամանակ չկար։ Սակայն ինձ հետաքրքրում էր տաճարի հետեւի պատնեշի մեջ ագուցված 12 հինավուրց խաչքարերի ճակատագիրը։ Ազատագրելուց հետո դրանք տեղում էին։ Սակայն վերանորոգման ընթացքում տեսա, որ դրանք հանվել ու անհետացել են։ Բազում անգամ դիմել եմ պատասխանատու անձանց, սակայն այն անհետեւանք է մնացել։ Ըստ երեւույթին, գիտեն ով է գողացել, ու բազմանշանակալի լռում են։ Հիշում եմ, նմանօրինակ դեպք էր պատահել Ախթալայի վանքում։ Վրացի տղաները կաշառելով պատից հանել էին որմնանկարներն ու տարել։ Հետո նույն կերպ տարել էին հին սրբապատկերները։ Ոչ ոք պատասխան չտվեց դրա համար։

Ճանապարհին դեռեւս մնացել են ոչ անցյալի պատերազմի հետքերը։ Մի տանկի կմախքի մոտ կանգ առանք, ուտելիքը շարեցինք տանկի թրթուրի վրա եւ ճաշակեցինք համեստ ուտեստը։

Գետավան չհասած, Տրտու- Թարթառի ափին, կանաչ հարթակում տուֆակերտ խաչքար էր կանգնեցվել։

– Գյուղի ջոկատներից մեկի հրամանատար Արայիկն է այն կանգնեցրել՝ ի հիշատակ իր ջոկատի զոհված ազատամարտիկների,- ասաց Ռոման։

– Բայց ինչո՞ւ միայն ի՛ր ջոկատի,- առարկեցի ես,- ավելի ճիշտ չի՞ լինի Գետավան եւ Չափար գյուղերի զոհված բոլոր ազատամարտիկների հիշատակին կոչել։ Ինչքան գիտեմ, երկու ջոկատները իրար հետ համագործակցված են կռվել ու հաղթել։

– Տղաների հետ կխոսես ու կհամոզես,- ասաց ուղեկիցս՝ Ռոման։

Գետավանի մուտքում մարդկանց դիմավորում է 500-ամյա սոսին, անցյալի իրադարձությունների վկան։ Գետավանից թեքվեցինք ձախ, դեպի Չափար։

– Քրոջս՝ Հենձելայի ամուսնուն՝ Կիմին, ինչքան փորձեցի համոզել, որ մեր նախկին տան տեղում նոր տուն կառուցի, չստացվեց,- ասաց Ռոման,- կպել է էս ժայռերին, ոչ այգի կա, ոչ հողամաս… Պատերազմի ժամանակ երկու անգամ այրվել է տունը, երկու անգամ էլ վերակառուցել ենք։ Թորքը երկու անգամ գյուղ է մտել…

Չափար գյուղն ընկած է Մռավից դեպի գետը հանգչող Հակառակաբերդի ու Ջրաբերդի լեռնաբազուկների միջեւ։

– Այստեղ հին ժամանակներից բնակավայր է եղել, որի բնակիչներին 17-րդ դարի սկզբին պարսից Շահ Աբասը տեղահանել, քշել է Իրանի խորքերը,- բացատրեց Ռոման,- իսկ 19-րդ դարում Արցախի Հարար, Բերդաձոր բնակավայրերից, Տաթեւից, Խծաբերդից, Շվանիձորից, միախառնվելով ինչ-որ կերպ այստեղ մնացած Հակառակաբերդ-չափարցիների հետ, ստեղծել են ուրույն համակեցություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել