Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրը՝ հանուն գյուղացու բարեկեցության

Հոկտեմբեր 29,2010 00:00

Գյուղացիները կազատվեն բյուրոկրատական քաշքշուկից

Հողատարածքների օգտագործման համար հայտարարված մրցույթում հաղթած գյուղացին առաջիկայում կազատվի բյուրոկրատական քաշքշուկներից: Նրանից կպահանջվի միայն բնօգտագործման պայմանագիր կնքել ու այլեւս հարկ չի լինի դիմել Անշարժ գույքի կադաստրի պետական ծառայություն, նոտարական գրասենյակ:

Երեկ գործադիրը հաստատեց «Արոտավայրերի ու խոտհարքի օգտագործման մասին» որոշման նախագիծը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ արմատական փոփոխությունների շնորհիվ գյուղացիների համար կստեղծվեն որակապես նոր պայմաններ. «Այսուհետեւ գյուղացիները պարտադրված չեն լինի կադաստրում ծառայության վճար իրականացնել, որը 10-20 հազար դրամ էր կազմում, կազատվեն նաեւ 7-10 հազար դրամի հասնող տուրքից, չեն վճարի նաեւ 5-20 հազար դրամի հասնող նոտարական վճարումները: Գյուղացիներին ազատել ենք նաեւ հատակագծի կազմման անհրաժեշտությունից, որը 150-200 հազար դրամ էր կազմում: Արդյունքում համայնքների բյուջեները մուտք կստանան, որովհետեւ ուղղակի պայմանագիր կլինի՝ առանց բարդույթների»: Նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ էլ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ասաց, որ համակարգի պարզեցումը ոչ միայն կհեշտացնի բնակչությանը մատուցվող ծառայությունները, այլեւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը՝ սահմանափակելով վարչարարության լծակները. «Թվում է, թե սա միայն նեղ շրջանակ է ընդգրկում, բայց ընդհակառակը, սա վերաբերում է բոլոր մարզերին եւ գյուղաբնակչության 10%-ին»: Նա նաեւ նշեց, որ երկար ժամանակ նախագիծը քննարկել են վարչարարություն իրականացնող մարմինների հետ. «Մի մասը պնդում էր, որ խոտհարքը, արոտավայրը օգտագործման հանձնելը այնքան էլ իրավաչափ չէ: Ես էլ փաստում էի, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե հողի եղած բարիքների օգտագործման իրավունքի մասին է, այլ հենց հողի իրավունքի: Գտնում ենք, որ թեկուզ մեր համակարգի մեջ գտնվող ծառայությունները ավելի քիչ դրամական հատուցումներ կստանան, բայց արդյունքում կշահենք այն, որ պայմանագրերի մի մեծ զանգված վավերացման ենթակա այլեւս չի դառնա»: Պարոն Դանիելյանն ասաց, որ փոփոխությունների արդյունքում գյուղացին շահեց ամենակարեւորը՝ այն 50-60 հազար դրամը, որը ստիպված էր վճարել միայն պայմանագիր կնքելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել