Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈՒ» ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Ընկերությունը պնդում է, որ մատուցած ջրի եւ ծառայության դիմաց իր գումարներն է պահանջում, գյուղացիները հայտարարում են, որ պարտքերը սխալ են հաշվարկվել:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղի տրամադրած տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզում 17 գյուղերի բնակիչ-բաժանորդներն ունեն բավականին մեծ չվճարված պարտքեր, ընդհանուր գումարը՝ 271,887 միլիոն դրամ: Միայն Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքների (յոթ գյուղ) բնակիչների պարտքը կազմում է 144,653 միլիոն դրամ: Մեղրու տարածաշրջանից միայն Կարճեւան գյուղին է սպասարկում «Հայջրմուղկոյուղին», որտեղ նույնպես պարտքեր են հաշվարկվել:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղը պարտքերը հավաքելու համար դատի է տվել շատ բաժանորդների՝ այդ թվում՝ նաեւ մահացած մարդկանց, որը մեծ դժգոհություն է առաջացրել գյուղացիների շրջանում: Ընկերությունը պարզաբանում է, որ «Հայջրմուղկոյուղու» կառավարումը ստանձնած «Սաուր» ֆրանսիական ընկերությունը համակարգն ընդունել է այդ պարտքերով հանդերձ: «Մենք բազմիցս ենք ջրմուղին պարտք բնակիչներին տեղեկացրել այդ պարտքերի մասին, նույնիսկ հայտարարություններ ենք տվել, հրավիրել ենք տեղամասեր, որպեսզի գան, պայմանագրեր կնքեն, նրանց հնարավորություն էր տրվել գալ եւ պարտքերի վերահաշվարկ անել տեղամասերում, նրանց զիջումներ կարվեին, եթե մահացած մարդ էր պարտք, ապա հարազատը մահվան վկայականը պետք է անպայման ներկայացներ, ճշտումներ կարվեին, բայց էդ մարդիկ չեկան, դրա համար էլ պարտքերը փորձում ենք գանձել դատական պրոցեսների միջոցով»,- տեղեկացնում են տեղամասից:

«Հայջրմուղկոյուղուն» 47,23 միլիոն դրամ գումար են պարտք Գորիսի տարածաշրջամի Շինուհայր գյուղի բնակիչները: Խնդիրն այստեղ շատ ավելի լուրջ է: Նրանց խմելու ջրի պարտքերն ավելի շատ գոյանում են ներքին ցանցի անմխիթար վիճակի հետեւանքով առաջացած ջրի կորուստներից: «Ջրմուղն առաջնորդվում է գյուղի վերեւում տեղադրված հաշվիչով: Խմելու ջրի ներքին ցանցում մենք շատ մեծ խնդիր ունենք: Մաշվածության պատճառով ջրի մեծ կորուստներ ենք ունենում: Բնակիչներն էլ վճարում են իրենց տներում տեղադրած ջրաչափի հաշվարկով, որը ներքին ցանցից մինչեւ իրենց տներն է սպասարկում: Իսկ ջրմուղը ներքին ցանցի կորուստներն էլ է հաշվարկում ու պարտքեր գրում բնակիչների վրա: Գյուղացիներն էլ հրաժարվում են վճարել դրանք եւ վճարում են այնքան, որքան ջուր ստանում են գրաֆիկով: Ներքին ցանցը համայնքին է պատկանում, սակայն մեծ գումարներ են պետք այն վերականգնելու համար, ձմռանը շատ ավելի է բարդանում խնդիրը: Մեր ուժերով ամեն ամիս որոշակի աշխատանքներ տանում ենք, բայց հարցը հիմնովին լուծման կարիք ունի: Ես դիմել էի Պատրիկ Լորենին, որպեսզի ներքին ցանցը հանձնվի «Հայջրմուղկոյուղուն», որ իրենք գոնե նորոգեն, բնակիչները դրանից չտուժեն, սակայն պատասխանեցին, որ ներքին ցանցը իդեալական վիճակի բերեք, նոր մենք պատրաստ ենք ընդունելու: Դե, եթե փող ունենայինք իդեալական վիճակի բերելու, էլ ինչո՞ւ էինք իրենց դիմում: Բացի դա, ներքին ցանցը համայնքն է սպասարկում, բայց ջրմուղը գանձումներից համայնքին գումարներ չի տրամադրում, որպեսզի մենք էդ գումարները ներդնենք՝ գոնե որոշակի աշխատանքներ տանենք համակարգի վրա»,- ասում է Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը: Ըստ գյուղապետի՝ տարիներ առաջ գյուղացիները խմելու ջրի վարձավճարները նաեւ վճարել են բնամթերքով՝ կարտոֆիլով, պանիրով, օղիով եւ այլն, որոնց դիմաց վճարումը հաստատող կտրոններ գյուղացիներին չեն տրամադրել:

Մեղրու տարածաշրջանի Կարճեւան գյուղի բնակիչների պարտքը 3,387 միլիոն դրամ է: Այստեղ ջրի վարձավճարների պարտքերը ներքին ցանցի մաշվածության հետեւանք չեն: «Մեր գյուղի բնակիչները խմելու ջրի վարձը վճարում են ըստ շնչերի, մեկ շնչի հաշվով ամսական գումարը կազմում է մոտ 1000 դրամ: Սակայն բանն այն է, որ 3-4 տարի առաջ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից բանավոր տեղեկացրին, որ բնակիչները պետք է խողովակի թողունակությամբ վճարեն, ինչը շատ մեծ գումարների էր հասնում, ամեն մի ընտանիք ամսական պետք է վճարեր 10-11 հազար դրամ, որի հնարավորությունը չունեին գյուղացիները: Ամբողջ պարտքերն էդ ժամանակից են գոյացել: Դժգոհություններից հետո նորից սկսեցին շնչերի հաշվով հաշվարկել: Վերջերս էլ մեր գյուղացիներից մեկին, պարտքը չվճարելու համար, դատի տվեցին եւ 40 հազար դրամ գանձեցին: Էդ մարդը բարեխիղճ, պարտաճանաչ ամեն ամիս իր վճարումները կատարում էր, ուղղակի նախկինում ոչ իր մեղքով կուտակված վարձավճարի պատճառով տուժել է էսօրվա դրությամբ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Կարճեւանի գյուղապետ Արմեն Ավետիսյանը:

Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան գյուղի ղեկավար Արմեն Բեկլարյանը մտահոգ չէր: «Ես անձամբ ջրմուղին պարտք չեմ, իսկ եթե պարտք կա գյուղացիների վրա հաշվարկված, ուրեմն ճիշտ ա դա, դե հո ջրմուղի մարդիկ հենց ընենց տեղը պարտք չէին գրանցելու, եթե գյուղացիք պարտք չլինեին ու օգտագործած ջրի դիմաց վճարած չլինեին»,- ասաց պարոն Բեկլարյանը: Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղի որոշ բնակիչներ էլ դատարան կգնան «Հայջրմուղկոյուղի» ընկերության հայցով, քանզի ընկերությունում հաշվել են, որ քարահունջցիք 25,925 միլիոն դրամ պարտք ունեն: «Պարտքերը սխալ են հաշվարկվել: Բնակիչները, որ գնան ջրմուղ, փաստաթղթերը ներկայացնեն, պայմանագրերում փոփոխություններ կատարեն՝ կշտկվի: Ջրաչափ չեն տեղադրել, խողովակի թողունակությամբ են հաշվարկել: Մի քանի հոգու դատի են տվել, եթե բնակիչները գնան էնտեղ, մահացած մարդկանց վկայականները ներկայացնեն՝ բոլոր հարցերը կկարգավորվեն»,- պարզաբանում է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը:

Շատ գյուղացիներ ոչ էլ վճարում են այդ գումարները, հաստատապես մերժելով, որ իրենք այդքան գումարի ջուր չեն ծախսել: Նաեւ պնդում են, որ ոչ էլ պատրաստվում են վճարել:

ՀՀ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արշավիր Խալափյանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության բնակիչ-բաժանորդներին խորհուրդ է տալիս ձեռնարկել ամենատարրական քայլերը՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար: «Բնակիչները նախ պետք է պահեն ջրի վարձավճարների վճարումը հավաստող փաստաթղթերը՝ կտրոնները, կնքված պայմանագրերը, իսկ եթե դատարանում վճիռ է եղել հօգուտ իրենց, դա էլ պետք է անպայման պահել, քանի որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն շատ հաճախ այդ փաստը որպես հիմք չի պահպանում կամ էլ ձեւացնում է, թե պահպանում է: Շատ դեպքերում բաժանորդները տհաճ անակնկալների են բախվում իրենց անփութության, փաստաթղթերին կարեւորություն չտալու պատճառով»,- նշում է պարոն Խալափյանը:

«Հայջրմուղկոյուղու» հետ «դատարանում գործ ունեն» նաեւ Կապանի տարածաշրջանի Շահումյան բանավանի շատ բնակիչներ: Նրանցից մեկի շահերը ներկայացրել է Արշավիր Խալափյանը: «Վստահորդիս ամուսինը մահացել էր 2005թ.-ին, իսկ 2010թ.-ին նրա դեմ դատական պրոցես է սկսվել, որպես պատասխանող ներգրավվել էր ամուսինը: Մենք կնոջ անունից առարկություններ ներկայացրինք, բայց դատարանը կնոջը դիտեց որպես պատշաճ հայցվոր, էլ չեմ անդրադառնում այն փաստին, թե որքանո՞վ էր դատարանի այս որոշումն ընդունելի, արդյո՞ք նման իրավիճակում թույլատրելի էր հանգուցյալի փոխարեն կնոջը դիտել որպես պատշաճ հայցվոր: Բայց վերջին հաշվով քաղաքացին շահող դուրս եկավ, եւ հայցապահանջը մերժվեց»,- ասաց պարոն Խալափյանը:

Սա, սակայն, եզակի դեպք է եւ այսօր ոչ իրենց մեղքով պարտքատեր դարձած ու տհաճ իրավիճակներում հայտնված բազմաթիվ բնակիչներ կան Սյունիքում, որոնք, իրենց ասելով, կրակն են ընկել «Հայջրմուղկոյուղու» ձեռքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել