Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը նաեւ «ուռող» է

Հոկտեմբեր 29,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում ստեղծված նյութերն առաջիկա օրերին կփոխանցվեն հատուկ քննչական ծառայություն: Ստեղծված նյութերը կապված են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի քրեական գործերով դատավոր Կարեն Պողոսյանի եւ նրա աներորդու՝ Հակոբ Կարապետյանի հետ:

Ըստ մեր աղբյուրի, հոկտեմբերի 1-ին, գիշերվա ժ.03.30-04-ի սահմաններում, Չարենցի փողոցում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մոտ իրենց ծառայությունը կատարող Կենտրոնի ոստիկանության գիշերային հերթափոխի ոստիկանները նկատել են նրանց: Ոստիկանների մոտ կասկած է առաջացել այն ժամանակ, երբ նրանցից մեկը կքանստած էր, իսկ մյուսն էլ ոտքով հենվել էր պատին: Ոստիկանները մոտեցել են նրանց: Կասկածն ավելի է խորացել, երբ զգացել են թմրանյութի հոտ: Երբ փորձել են պարզել երիտասարդների ինքնությունը, Կարեն Պողոսյանը հայտնել է, որ ինքը դատավոր է եւ քեֆը ոնց տա, այնտեղ էլ կպպզի:

Ոստիկանները պահանջել են, որպեսզի դատավորը ցույց տա անձը հաստատող փաստաթուղթ: Վերջինս հրաժարվել է, իսկ երբ ոստիկանները հայտնել են, որ նրանք հրավիրվում են ոստիկանություն, դատավորը տեղի է տվել. «Ես եմ որոշում կայացնում ում ուր տանեն-բերեն, հիմա դուք էլ ինձ ուզում եք տանեք քաղմաս»: Ոստիկանները կապվում են հերթապահ մասի հետ եւ հայտնում տեղի ունեցածի մասին:

Այնտեղից նրանց հրահանգում են, որպեսզի երկու անհնազանդներին բերեն բաժին: Ոստիկանները այդպես էլ վարվում են:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կարեն Պողոսյանն ու Հակոբ Կարապետյանը ենթարկվում են նարկոլոգիական փորձաքննության՝ Ավանի նարկոդիսպանսերում: Պարզվում է, որ Կ. Պողոսյանի եւ Հ. Կարապետյանի արյան մեջ առկա է թմրանյութ: Մեր տեղեկություններով, դատավորի եւ նրա աներորդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ոչ միայն ոստիկաններին չենթարկվելու, նաեւ՝ թմրանյութ օգտագործելու հատկանիշներով: Երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելը:

Ի դեպ, երբ դատավորը տեղեկանում է իր փորձաքննության արդյունքի մասին, ազատման մասին դիմում է գրում ՀՀ արդարադատության խորհրդին: Վերջինս բավարարել է նրա դիմումը եւ այն ուղարկել է ՀՀ նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել