Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԿԸ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԷՐ ԱՆԻ

Հոկտեմբեր 29,2010 00:00

«Առավոտի» նախորդ համարում «Բնակչին ստիպում են կրկնակի վճարել» հրապարակման մեջ Սայաթ-Նովա 20 հասցեի թոշակառու բնակիչ Ռազմիկ Պետրոսյանը դժգոհել էր, որ տարիներ առաջ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացրել են իր բնակարանը, որի համար նա մոտ 40 հազար դրամ վճարել էր ընկերության՝ Ալիկ անունով ներկայացուցչին: Սակայն հիմա ընկերությունը հերթական ստուգումների ժամանակ պարզել է, որ խողովակները սխալ են անցկացվել ու 30 000 դրամ տուգանել է՝ խախտման համար: «ՀայՌուսգազարդից» «Առավոտին» խոստացել էին խնդիրը մանրազնին ուսումնասիրելուց հետո պարզաբանումներ տալ: Երեկ ընկերության լրատվության բաժնից տեղեկացրին, որ իրենք շահագրգռված են իրենց բաժանորդներին չկորցնելու հարցում, սակայն այս դեպքում ստիպված են կտրուկ քայլերի գնալ. «Սայաթ-Նովա 20 հասցեի բնակիչը բաժանորդ է դարձել 2005 թվականի ապրիլին՝ մեկ կետով, որից հետո 2007-ին դիմել է ծառայություն, որ եւս մի կետ ավելացնի, ու մենք էլ թույլատրել ենք, մեր կողմից այլեւս ոչ մի աշխատանք չի տարվել: Տվյալ բաժանորդը ինքնակամ միացում է արել, այսինքն՝ 13 մ մետալապլաստե խողովակ է միացրել երկրորդ կետում, ու այն, որ քաղաքացին պատմել է մեր ընկերության ոմն աշխատակից Ալիկի մասին, մեզ համար բանահյուսական ժանրից է, որովհետեւ մեր կողմից մետալապլաստե խողովակով ներտնային մոնտաժ անելը կարելի է առնվազն հանցագործություն համարել, քանի որ այն դժբախտ պատահարի, պայթյունավտանգ իրադարձության նախապայման է, եւ նման բան մեր ոչ մի աշխատակից անել չէր կարող: Այս ամենից հետո բնակչին զգուշացվել է փոխել խողովակը, հակառակ դեպքում՝ կդադարեցվի գազամատակարարումը, ինչը լրիվ օրենքի սահմաններում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել