Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՃԻՇՏ ՍՆՎԵԼ ՉԳԻՏԵՆ

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Ուտում են՝ ինչ պատահի, ոնց պատահի, ինչն էլ, ըստ մասնագետների, ճարպակալման է հանգեցնում

Հայերը միշտ աչքի են ընկել իրենց թմբլիկ ու կերած-խմած «չաղլիկ» արտաքինով: Բայց դա ամենեւին էլ կապված չէ սոցիալական լավ պայմանների հետ: Պարզապես հայերը սխալ են սնվում եւ սխալ սնունդ են օգտագործում: Մասնագետները փաստում են, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ճարպակալումը դառնում է լուրջ խնդիր: Մեր բժիշկները, իհարկե, պայքարում են հայերի ճարպակալման դեմ, բայց դա արվում է ոչ թե նրա համար, որ ազգն ունենա, այսպես ասած, մոդելի կառուցվածք, այլ պարզապես ունենա առողջ օրգանիզմ: Քանի որ ճարպակալումը սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի, արյան ճնշման տատանումների պատճառ է դառնում:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը ներկայացրեց «հայի սխալ սնվելու» ձեւը. «Նախ, հիմնական սնունդը ընդունում են երեկոյան ժամին, որից հետո պետք է հանգստանան: Այնինչ հիմնական սնունդը պետք է ստանալ ցերեկը եւ առավոտյան: Ավելի ճիշտ է ուտել օրը 3 անգամ՝ քիչ-քիչ, քան ամբողջ օրը սոված մնալ եւ երեկոյան հարձակվել ուտելիքի վրա, ու ամբողջ կալորիաները՝ էներգիան, հավաքել միանգամից: Երեկոյան սնվելուց հետո օրգանիզմը չի հասցնում դա վերածել էներգիայի, կալորիան չի հասցնում սպառվել, քանի որ այդ ժամերին սովորաբար հանգստանում են կամ քնում: Այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենում. մեր ճարպը սինթեզվում է մեր կերածի հետ, իսկ մեր կերածը պետք է դառնա կալորիա, այսինքն՝ էներգիա, որպեսզի օրգանիզմի բջիջները դրանով աշխատեն: Երբ մարդը շատ է ուտում, մի մասը դառնում է կալորիա, մյուս մասը՝ չծախսված էներգիան կուտակվում է ճարպի ձեւով: Եթե ամբողջ օրը սոված է մնում, բայց երեկոյան է ուտում՝ ուշ է կշտանում, նաեւ շատ է ուտում, քանի որ օրգանիզմը սննդի իր պահանջն ունի: Օրգանիզմը պահանջում է այն կալորիաները, որը մարդը ծախսել է ամբողջ օրվա ընթացքում: Ոչ մի դեպքում չի կարելի սոված գնալ աշխատանքի»:

Բացի այս, մենք նաեւ սովորություն ունենք ուտելու ընթացքում հյութ կամ ջուր օգտագործել, որը մասնագետը եւս համարում է սխալ. «Ջուրը պետք է խմել ուտելուց 1 ժամ առաջ՝ 2 կամ 1 բաժակ: Յուրաքանչյուր մարդ 2,5-3 լիտր հեղուկ պետք է օգտագործի, որպեսզի մաքրի օրգանիզմը: Շատերը դա էլ չեն անում: Կամ էլ ուտելուց հետո են ջուր կամ հյութ խմում: Դա էլ անթույլատրելի է: Ես դեմ եմ բոլոր կարգի հյութերին, որոնք այսօր կան վաճառքում, իսկ տարիներ առաջ դրանք մեր շուկայում չկային: Դրանք բոլորը խտանյութերով (կոնցենտրատ) են պատրաստվում: Խոսքը վերաբերում է հատկապես տետրապարկերով հյութերին: Նույնը վերաբերում է կաթին, երշիկեղենին ու մյուս սննդատեսակներին: Ամեն ինչի մեջ կոնսերվանտներ (կայունացուցիչներ) կան»:

Ըստ բժշկի, կայունացուցիչներ կան, որոնք մարդու լյարդը շարքից հանում են, ուռուցքներ ու քաղցկեղ են առաջացնում. «Մենք չգիտենք, թե ի՞նչ է մատակարարվում մեր երկիր: Ոչ մի հետազոտություն չկա, թե ինչ կայունացուցիչ է բերվում ու օգտագործվում մեր սննդամթերքների մեջ»:

Մեր սխալ սնվելու պատճառներից է նաեւ այն, որ ամեն քայլափոխի կամ խորովածանոց է, կամ լահմաջոյանոց, կամ էլ արագ սննդի այլ կետեր: Եվ որպեսզի շատ ժամանակ չկորցնենք, առանց մտածելու, որ մեր օրգանիզմն ենք վնասում՝ խորոված կամ քյաբաբ ենք գնում ու տեղում սնվում: Այնինչ, հենց այդպիսի արագ սնվելու ձեւն էլ շատ արագ բերում է հավելյալ քաշի, որից ճարպակալումն ընդամենը մեկ քայլ է: Մեր տատերից սովորություն մնացած լավ յուղալի ճաշեր պատրաստելով՝ իբր թե դրանք ավելի համով են, կրկին ճարպակալման խնդրի առաջ կարող ենք կանգնել: Մասնագետները հորդորում են կենդանական յուղի փոխարեն օգտագործել բուսական յուղ. «Կենդանական յուղ օգտագործելով՝ նաեւ խոլեստերինի խնդիր է առաջանում»: Կրկին մեր տատերից մնացած այն կարծիքը, որ «դե, 1-2 երեխա է ծննդաբերել՝ չաղացել է, մի քիչ թմբլիկացել է, նորմալ է, էլի», մասնագետները աննորմալ են համարում: Տիկին Հայրապետյանի խոսքերով՝ «Նորմալ գիրություն չկա: Չպիտի նաեւ թմբլիկանա: Իսկ Եվրոպայում չեն գիրանում, որովհետեւ ճիշտ են սնվում եւ ճիշտ սնունդ են օգտագործում»: Այսինքն՝ մայր դառնալը չպետք է գիրանալու պատճառ դառնա, եւ մեր կանայք չպետք է իրենց գիրանալը պատճառաբանեն, որ մի քանի երեխա են ունեցել: Ինչ վերաբերում է նրան, որ շատ մայրեր կրծքով կերակրելու ժամանակ կրկին գիրանում են եւ դա նորմալ են համարում, բժիշկ-էնդոկրինոլոգը ասում է. «Կրծքով կերակրելու ընթացքում դեռ մի բան էլ պետք է նիհարեն: Կրծքով կերակրող կինը ոչ թե պետք է շատ ուտի, որ կաթ լինի, այլ հեղուկներ պետք է շատ օգտագործի, այն էլ առանց կոնցենտրատների հեղուկներ: Կանայք կան, որ շատ են ուտում, իբր թե կաթ լինի, դրա հետեւանքն էլ, բնականաբար, հավելյալ քաշն է»:

Բացի սննդից, ճարպակալման պատճառ կարող է լինել նաեւ վատ նյութափոխանակությունը: Կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում փորձել են նիհարել եւ տարբեր դիետաներ են օգտագործել, բայց նույնիսկ 1 կիլոգրամով քաշը չի պակասել, ուրեմն, ինչպես բժիշկն է ասում՝ դիմեք էնդոկրինոլոգի: Նույն մասնագետին պետք է դիմեն նաեւ նրանք, ովքեր շատ են ուտում, որպեսզի մի փոքր «լցվեն», բայց՝ ապարդյուն, կրկին պետք է դիմեն էնդոկրինոլոգի. «Նման մարդիկ նյութափոխանակության խնդիր ունեն: Դիետաները պետք է սկսեն բժշկից: Ցավոք՝ մեր երկրում սննդաբաններ չկան, ուստի մեզ պիտի դիմեն: Կատեգորիկ արգելվում է, հատկապես երիտասարդ աղջիկներին, ինքնուրույն դիետաներ օգտագործել»:

Ի վերջո, որպեսզի ճիշտ սնունդ օգտագործենք եւ կշտանանք, մասնագետները խորհուրդ են տալիս ճաշը սկսել կանաչեղենից պատրաստված աղցանից. «Այդ տեսակ աղցանը ստամոքսում ծավալ է առաջացնում եւ շուտ է հագեցնում: Այսինքն՝ հիմնական, ավելի ծանր սննդի համար քիչ տեղ է մնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել