Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետերը իրենց կտուգանե՞ն

Հոկտեմբեր 29,2010 00:00

Կառավարության ծրագրերից օգտվելու համար հարկավոր է  հարկային պարտավորությունները ժամանակին կատարել:

2010 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Լոռու մարզի 113 համայնքներում սեփական եկամուտների նախանշված 1,22 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 944 մլն դրամ կամ նախատեսվածի 77,4%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 61,7%-ի փոխարեն: 100% եւ ավելի աճ են գրանցել մարզի 17 համայնքներ, իսկ սեփական եկամուտները 50%-ից քիչ են հավաքել Շամլուղ, Քարկոփ, Նեղոց, Մեծ Այրում, Կարմիր Աղեկ, Անտառամուտ, Դաշտադեմ, Թեղուտ համայնքները:

Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը այս ցուցանիշը բավարար է համարում: Մարզի գլխավոր ֆինանսիստը նշում է, որ համայնքներում սկսել են գիտակցել, որ իրենց առաջ ծառացած խնդիրները կարող են լուծել սեփական եկամուտները հավաքագրելով: Ըստ Սեւակ Հովհաննիսյանի, լոռեցիները սկսել են պարտաճանաչ վճարել «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո: «Պետք է օգտագործել այս հնարավորությունը, մայր գումարը մարելով՝ ազատվել տույժ ու տուգանքներից, քանի որ տուգանքները շատ մեծ են եւ կազմում են մայր գումարի գրեթե կեսը»,- նկատեց պարոն Հովհաննիսյանը: Իսկ մարզպետ Արամ Քոչարյանը նկատեց, որ անցած տարի այս հնարավորությունը ճիշտ օգտագործվեց: «Հիմա էլ տեղեկացրեք ձեր բնակչությանը, բոլորին գրավոր նամակներ ուղարկեք, հանկարծ չստացվի, որ հարցում անենք, ու ինչ-որ մեկը չիմանա այս մասին»,- համայնքապետերին հանձնարարել է Լոռու մարզպետը:

Մարզում արտագնա աշխատանքի մեկնածների չվճարած հարկերի հարցն է սուր: «Մարդիկ գնում են Ռուսաստան՝ աշխատելու, կամ գյուղում միայն ծերերն են ապրում, ծերը մահանում է, ժառանգը գյուղ չի գալիս, ու տարին տարվա վրա ապառքը մեծանում է»,- ասում է Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը: Փոքր գյուղերում մի խնդիր էլ կա: Օրինակ՝ ընդամենը 55 տնտեսություն ու 1,6 միլիոն դրամ ապառք ունեցող Ահնիձորը մի մեծ ընտանիքի է նման, բոլորն իրար ճանաչում են, հենց դրանից ելնելով էլ գյուղապետը չի կարող դատական կարգով ստիպել հարկային պարտավորությունները մարել: Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանն առաջարկում է. «Ավելի լավ է հարկայինից մարդ կցեն, 40 հազար դրամ էլ գումար ծախսեմ, քան իմ գյուղացուն դատի տամ»: Նույն խնդրին բախվում են հարեւան Աթան, Շամուտ, Լորուտ, Մարց համայնքների գյուղապետերը: «Դատի տամ՝ 3 կովից մեկն էլ վարի ա տալու, որ դատական ծախսերը հոգա, էդ էլ մի նոր հիասթափության առիթ է դառնալու, գնացողներն առանց էդ էլ շատ են, ես ո՞ւմ ռոզիսկ տամ, ասեմ՝ հողի հարկ մուծի»,- ասում է 20 միլիոն դրամ ապառք ունեցող Շամուտի համայնքապետ Բաղիշ Վանյանը: Իսկ Սպիտակի շրջանում, որտեղ հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրը հողագործությունն է, անբարենպաստ եղանակի պատճառով այս տարի հարկը մուծում են ոչ թե հողից ստացած եկամտից, այլ նպաստից ու թոշակից: «Էս տարի շաբաթը մեկ կարկուտ եկավ, հիմա էլ չորացնում է, կաղամբն էր մի քիչ նորմալ, էդ էլ միայն այս տարի է 80 դրամով վաճառվում, անցած տարի 25-30 դրամից ավելի փող չեն տվել, դալալներն են փող աշխատում»,- ասում է Ջրաշենի փոխհամայնքապետ Հմայակ Սաֆարյանը:

Համայնքային բյուջեն հարստացնելու հնարավորություն է առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտներում հսկողություն սահմանելու եւ համապատասխան խախտումների դեպքում տույժ ու տուգանքներից գոյացած գումարը: 2010թ. 7 ամիսների ընթացքում 14 համայնքներում 189 սպասարկման կետ է վերահսկվել, որից 150-ը՝ առեւտրի, 26-ը՝ հանրային սննդի, 13-ը՝ կենցաղային ծառայության: Արձանագրվել է խախտման 27 դեպք, գանձվել է 55 հազար դրամ տուգանք, որից 25 հազարը՝ մարզկենտրոն Վանաձորում, որը ցածր ցուցանիշ է 113 համայնք ունեցող մարզի համար: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը զարմանում է՝ ինչո՞ւ համայնքապետերը չեն օգտվում իրենց ընձեռված հնարավորությունից. «Ամեն անգամ առիթը բաց չեք թողնում ֆինանսական վիճակից բողոքելու, լրացուցիչ եկամտի աղբյուր է, ես հասկանում եմ, որ առեւտրի օբյեկտները մեծամասամբ համայնքապետերին են պատկանում, դրա համար էլ չեն տուգանում, ո՞ւմ պիտի տուգանեն, իրե՞նց»,- հարցնում է Արամ Քոչարյանը:

Ֆինանսական միջոցների սղության պատճառով համայնքապետերը չեն գրանցում համայնքային գույքը: 1997-ից հիմնական ֆոնդերի համայնքներին փոխանցումից հետո մինչ օրս շենք-շինությունների գրանցման գործընթացը չի ավարտվել, համայնքային սեփականություն հանդիսացող 327 շենք-շինություններից պետական գրանցում է ստացել 128-ը: Քաղաքապետարանների ու գյուղապետարանների 74 շենքերից գրանցված է 32-ը: Գյուղապետարանների մի մասը կամ դեռեւս վագոն-տնակներում են, կամ ծվարել են գյուղի դպրոցում, մանկապարտեզում: Լոռու մարզպետը համայնքապետերին հանձնարարել է 2011թ. շենք-շինությունների գրանցման գործընթացը ավարտին հասցնել:

Հարկերի հավաքագրման հարցում շահագրգիռ են բոլոր համայնքապետերը, քանի որ դրանից է կախված ոչ միայն ամենամյա պետական դոտացիայի չափը, այլեւ հիմնադրամներից ու այլ ծրագրերից օգտվելու հնարավորությունը: Թումանյանի շրջանի 7 գյուղերի համայնքապետերն էլ հույս ունեն, որ հարկային պարտավորությունները ժամանակին կատարելով՝ հնարավորություն կունենան գյուղացուն գյուղից վանող Մոտկորի ճանապարհի հարցը կրկին բարձրացնել: «Ճանապարհն է մեր գլխավոր խնդիրը, որ գյուղացին կարենա իր ապրանքը ծախի, վախտին էլ փողը կտա, իրան էլ ձեռնտու չի, որ պարտք կուտակի»,- իրար շարունակելով ասում են Մարց եւ Շամուտ գյուղերի գյուղապետերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել