Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՎԻԱՆ» ՀԱՅՏՆՎԵՑ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Հոկտեմբեր 29,2010 00:00

9 ամսվա ընթացքում մուծելով ընդամենը 758,656 մլն դրամ

Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2010թ. երեք եռամսյակների՝ հունվարից սեպտեմբեր ամիսների առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Այս տարի առաջին անգամ այդ ցուցակում երեւաց ազգային փոխադրող «Արմավիան»՝ այն հանգրվանել է 67-րդ տեղում՝ վճարելով 758,656 մլն դրամ, որից 726, 402-ը ուղղակի հարկերն են, այսինքն՝ այս ընկերության եկամտահարկերն ու շահութահարկերը:

Հիշեցնենք, որ «Արմավիան» ոչ առաջին եռամսյակում, ոչ էլ կիսամյակում չկար խոշոր հարկատուների ցուցակներում (տե՛ս «Արմավիան» խոշոր հարկատու չէ», «Առավոտ», 30.04.2010 եւ «Խոշորները գրեթե չեն փոխվել», «Առավոտ», 28.07.2010): Այդ հանգամանքը, բնականաբար, չէր կարող տարօրինակ չթվալ մեզ, եւ բացառապես ՊԵԿ-ի հրապարակած ցուցակների հիման վրա կատարած մեր դիտարկումները ընթերցողներին ներկայացնելուց հետո «Միկա լիմիթեդ» ընկերությունից ստացանք հետեւյալ տեղեկությունը. «Օգոստոսի 11-ի դրությամբ «Արմավիա» ընկերությունը պետբյուջե վճարել է 1 միլիարդ դրամից ավելի գումար՝ չհաշված օդի հարկը եւ լիցենզիայի վճարները: Նույն ժամանակահատվածում «Միկացեմենտ» ընկերության վճարած հարկը կազմել է 318 միլիոն 500 հազար դրամ: Ինչ վերաբերում է «Միկա քորփորեյշընին», ապա 2010-ի առաջին կիսամյակում վճարվել է 1 մլրդ 797 մլն 29 հազար 500 դրամ, այն դեպքում, երբ 2009-ի տարվա կտրվածքով վճարվել է 2 մլրդ 299 միլիոն 147 հազար 700 դրամ: Նշված ընկերությունները պարտքեր չունեն, ունեն ընթացիկ պարտավորություններ, որոնք վճարվում են ըստ ժամանակացույցի: «Միկմետալ» ընկերությունը որեւէ կապ չունի Միխայիլ Բաղդասարովի ընկերությունների հետ»: (17.08.2010, «Առավոտ»)։

Նկատենք, որ 758,656 մլն դրամն ամենեւին 1 մլրդ դրամ չէ: Սակայն մյուս կողմից՝ «Արմավիան» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ լուրջ թռիչք է գրանցել՝ 2009-ի սեպտեմբերի դրությամբ այս ընկերությունը 128-րդն էր եւ վճարել էր ընդամենը 368,310 մլն դրամ: Այնպես որ՝ այս տարի պարոն Բաղդասարովը մի քիչ ավելի շատ է իր եկամուտներից մասնաբաժին հանել պետությանը, քան նախորդ տարի: Սակայն հիշենք, որ նրա եկամուտները միայն «Արմավիայից» չեն: Պարոն Բաղդասարովին պատկանող «Միկա քորփորեյշընը» այս տարվա ինն ամիսների ընթացքում վճարել է 3 միլիարդից ավելի գումար, որը մոտ 700 մլն դրամով ավելի է, քան նույն ընկերության՝ նախորդ ողջ տարվա համար վճարած գումարները, եւ հայտնվել է ցուցակի պատվավոր՝ 14-րդ տեղում: Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էլ էր 14-րդ տեղում, բայց 2,288 մլրդ դրամ վճարելու արդյունքում: Ինչ վերաբերում է «Միկացեմենտին», ապա այս ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում 151-րդն է եւ վճարել է 350,208 մլն դրամ: 2009-ի նույն ժամանակահատվածում «Միկացեմենտը» շատ ավելի լավ դիրքերում էր՝ 107-րդն էր, եւ վճարել էր 416,852 մլն դրամ:

Հուսով ենք՝ այս տեղեկությունների հրապարակումից հետո որոշ թերթերում չի հայտնվի «Միկա լիմիթեդի» հայտարարությունն այն մասին, թե «Առավոտը» «անհիմն եւ չճշտված» տեղեկություններ է հրապարակում, «պատվեր» է կատարում, վարկաբեկում է «հայտնի մեկենասին եւ գործչին», ինչպես եղավ նախորդ եռամսյակում մեր հրապարակումներից հետո: Մենք ընդամենը ներկայացնում ենք ՊԵԿ-ի հրապարակած տվյալները, իսկ թե որքանով են դրանք վարկաբեկում «մեկենասին»՝ թող դատի ընթերցողը:

Սակայն վերադառնանք հարկատուների ցուցակին: Այս տարվա արդեն երրորդ եռամսյակի տվյալներով, առաջատար երկյակը չի փոխվում՝ «ՀայՌուսգազարդ» եւ «Ալեքս Գրիգ», դրանք ՀՀ պետբյուջե են մուտք արել համապատասխանաբար՝ 12,915 եւ 12,590 մլրդ դրամ: Երրորդ տեղում «Ղ- տելեկոմն» է՝ «ՎիվաՍելը»՝ 12,185 մլրդ դրամով, եւ 4-րդում՝ «ԱրմենՏելը»՝ 11,106 մլրդ դրամով:

Ուշադրության արժանի է այն փաստը, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առաջատար քառյակն ընդհանուր առմամբ ավելի քիչ էր մուծել՝ 1-ին տեղում «ՎիվաՍելն» էր՝ 12,7 մլրդով, 2-րդում՝ «ԱրմենՏելը»՝ 10,8, երրորդում՝ «Ալեքսգրիգը»՝ 10,7 մլրդով եւ 4-րդում՝ «ՀայՌուսգազարդը»՝ 10,7 մլրդով:

Մեկ այլ նկատառում եւս. եթե 2009-ի 3 եռամսյակների կտրվածքով առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը եզրափակող ընկերությունը՝ Բյուրեղավանի «Լինդան», մուծել էր 40,332 մլն դրամ, ապա այս տարվա ինն ամիսների ցուցակը եզրափակող Լեռնագոգի «Բաղրամյանշին» ընկերությունը մուծել է 39,615 մլն դրամ: Թեեւ դա այնքան էլ մտահոգիչ թիվ չէ, քանի որ ընդհանուր առմամբ ցուցակը առաջխաղացում ունի. ասենք՝ 900-րդ տեղում գտնվողը նախորդ տարի մուծել էր 45,635, իսկ այս տարի՝ 52,698 մլն դրամ: Դա նշանակում է, որ միայն վերջին հարյուրյակում է մուծումների նվազում արձանագրվել:

Եվ, թերեւս, ամենաուրախալի փաստը. առաջատար հնգյակում է հայտնվել արդյունաբերական եւ ոչ թե սպասարկման կամ ներմուծմամբ եւ առեւտրով զբաղվող ընկերություն՝ խոսքը Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասին է, որը 8,849 մլրդ դրամ վճարելով՝ հայտնվել է 2010թ. առաջին ինն ամիսների խոշոր հարկատուների ցուցակի 5-րդ տեղում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս կոմբինատը 15-րդն էր՝ 2,126 մլրդ դրամ հարկային մուտքերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել