Լրահոս
Օրվա լրահոսը

Աստանայից առաջ հայոց խորհրդարանը որոշեց զգուշացնե՞լ

Հոկտեմբեր 29,2010 00:00

«Մշո Սուլթան Սուրբ Կարապետ թող մեզ լինի օգնական»,- Ղարաբաղի ճանաչման մասին իրենց իսկ ներկայացրած օրինագծի քվեարկությունը մինչեւ դեկտեմբերի 9-ը հետաձգելու մասին հայտարարելով՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը

Ազգային ժողովում երեկ ի վերջո քվեարկության դրվեց դեռ նախորդ քառօրյայի ընթացքում քննարկված եւ քվեարկությունը հետաձգված «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին: Երեկ ուշ երեկոյան էր արդեն մեզ հայտնի դարձել, որ Հանրապետականը, «Բարգավաճը» եւ «Օրինաց երկիրը» բոյկոտելու են քվեարկությունը, իսկ Դաշնակցությունը, իր նախկինում հնչեցրած խոստմանը հավատարիմ, կողմ էր քվեարկելու: Ստեղծվել էր խիստ «խուճուճ» իրավիճակ, եւ խորհրդարանը երեկ մի քիչ անհանգիստ էր: Ղարաբաղի հարցը բոլոր բաներից վեր է բոլորի համար, եւ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները կարծես մի քիչ անհարմարության զգացողություն ունեին: Եվ երբ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, թե օրինագիծը դրվում է քվեարկության, վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ընթերցեց կոալիցիոն ուժերի հայտարարությունը: Սրանում նշված է. «Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած կառուցողական դիրքորոշումից։

Միաժամանակ, համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական պետություն ունենալու իրավունքը այն բարձրագույն արժեքն է, հանուն որի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվի։ Այս պահին իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ չի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը»:

Սրանից հետո հայտարարություն արեց նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ասելով՝ գիտակցում է, որ Ղարաբաղի վերաբերյալ նախագիծն այն նուրբ հարցերից է, որը պետք է ընդունվի միաձայն՝ ընդդիմության եւ իշխանական ուժերի կողմից: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց իրենց ներկայացված օրինագծի քվեարկությունը հետաձգել երկու ամսով` մինչեւ Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ գագաթաժողովը. «Խիստ անհավանական է, որ ինչ-որ բան կփոխվի Աստանայից առաջ կամ դրանից հետո: Մեր մեջ ինչ-որ բան պետք է փոխվի, եւ եթե մեծամասնության համար ժամանակ է պետք, մենք դեմ չենք: Համաձայն ենք ճշմարտության մեր պահը տեղափոխել երկու քառօրյա անց, մինչեւ հինգշաբթի, դեկտեմբերի 9: Այլեւս մեզանից չեք լսի մեծ օրակարգ մտցնելու պահանջ, փոխհամաձայնություն, փոխզիջում, որովհետեւ քաղաքական մեծամասնության փաստարկները մենք ընդունում ենք: Ուրեմն՝ մինչեւ դեկտեմբերի 9։ Մշո Սուլթան Սուրբ Կարապետ մեզի լինի օգնական»:

Պարոն Հովհաննիսյանը հարկ համարեց հիշեցնել, որ դեկտեմբերի 10-ին լրանում է Ղարաբաղում անցկացված հանրաքվեի 19-ամյակը:

ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը մինչեւ դեկտեմբերի 9-ը հետաձգելու օգտին խորհրդարանը քվեարկեց միաձայն՝ 77 կողմ, առանց դեմ եւ ձեռնպահ ձայների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել