Վստահ է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը
– Խորհրդարանական հայտարարությունների ժամին դուք գյուղին վերաբերող հերթական խնդրի մասին խոսեցիք, սակայն արդյոք բարձրացված հարցերը ինչ-որ լուծում ստանո՞ւմ են, թե՞ դրանք մնում են պարզապես հարցեր:
– Կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի թիվ 971 N որոշման համաձայն, կառավարությունը խոստացել էր գյուղացիներին անվճար սերմ բաժանել՝ մեկը երկուսի հարաբերակցությամբ վերադարձնելու պայմանավորվածությամբ: Այն գյուղացիները, որոնք ցանկանում էին սերմ ստանալ, մշակեցին իրենց հողերը, նախապատրաստվեցին, քանի որ մարդկանց համոզել էին, որ կորնգան ցանած արտերը վարելուց հետո շատ ավելի բերքատու կլինեն, մարդիկ գնացին նաեւ այս քայլին: Հողը պատրաստեցին, եկավ վերջին օրը, երբ պիտի սերմը ստանան, պարզվեց՝ խաղի կանոնները փոխվել են: Թեպետ ռուսական հայտնի ասացվածք կա՝ գետնանցումի ժամանակ ձիերին չեն փոխում, բայց մերոնք հայավարի «փոխեցին»: Փոխեցին այսպես՝ սերմ կտրվի 16 եւ ավելի հեկտար ունեցողներին: Ո՞ր գյուղացին այդքան հող ունի, այդքան հող ունեցողները արդեն գյուղացի չեն: Ստացվեց, որ սերմը բերեցին եւ տվեցին այն մարդկանց, որոնք ինչքան ասես՝ հող ունեն, ինչքան ասես՝ փող ունեն, ինչքան ասես՝ սերմ կարող են իրենց համար բերել, կուզեն՝ կցանեն, ձեռնտու չի լինի՝ չեն ցանի: Իսկ այն գյուղացիները, որոնք պարտք արեցին, վարկ վերցրին եւ հողը նախապատրաստեցին, մնացին խաբված: Ամեն հեկտարի համար, կրկնավարձը հաշվի առնելով, ծախսվեց 180 հազար դրամ: Փաստորեն, 680 ընտանիք այդքան ծախսեց եւ խաբված մնաց: Այսքանը միայն մաքուր փողն է, չհաշված այլ ծախսերը, գյուղացու աշխատանքը, օգտագործած բենզինը, հոգնությունը, տրակտորիստին մի բաժակ խմացնելը եւ այլն, եւ այլն:
– Ուզում եք ասել, որ այդ կարգի որոշումներ կայացնողները գյուղին ծանոթ չե՞ն եւ չգիտե՞ն հայ գյուղացու վիճակը:
– Չգիտեմ, գուցե որոշել են գյուղացիությունը որպես դասակարգ վերացնել, տեսան՝ ինքն իրեն չի վերանում, գուցե որոշեցին օգնել, որ վերանա: Եվ ինչքան գյուղացիներ կան ամբողջ Հայաստանում, որ չստացան այդ սերմը: Իմ նշած թիվը միայն Արագածոտնի մարզին է վերաբերում: Կարծում եմ՝ այստեղ պետությունը մտածելու բան ունի, իրենց որոշումով իրենք խաբել են գյուղացուն եւ իրենց որոշումով էլ պետք է կոմպենսացնեն այդ ծախսերը: Ռուս հարկատուն որոշել էր օգնել հայ գյուղացուն (սերմը Ռուսաստանից էր գալու- Մ. Ե.), որոշել էր լավ բան անել, ստացվեց՝ ինչպես միշտ: Ստացվում է, որ հայ գյուղացուն խաբելու մեջ մեղքի իր բաժինն ունի նաեւ ռուս կառավարությունը, որը տվեց եւ չհետեւեց՝ իր հարկատուների օգնությունը հասա՞վ հայ գյուղացուն: Եթե մեր կառավարությունը իր իսկ մեղքով գյուղացու անտեղի ծախսած փողերը ետ չտա, ուրեմն պետք է պահանջել Ռուսաստանից:
– Դուք գյուղատնտեսությանն առնչվող կոնկրետ հարցեր եք բարձրացնում, գիտեմ, որ ինքներդ ապրում եք գյուղում: Խնդրեմ, այնուամենայնիվ, ասացեք, թե ձեր բարձրացրած հարցերը որեւէ կոնկրետ արդյունք տալի՞ս են, թե՞ պարզապես հնչում են, ու վերջ:
– Երբեմն արդյունք տալիս են, կոնկրետ վերջին հայտարարությանն արդեն անդրադարձ է եղել, գյուղնախարարը երեկ զանգել է մարզպետին, թե 50 տոննա սերմ ունենք, եկեք վերցրեք: Բայց արդեն բոլոր ժամկետներն անցել են, այսօր սերմը տանեն՝ ի՞նչ անեն, աղա՞նձ անեն, մեր լեռնային-նախալեռնային շրջաններում արդեն ուշ է ցանելը: Բայց միայն սա չէ, այսօր Ապարանի տարածաշրջանի բոլոր գյուղերում հավի ժանտախտ է, հավերը համատարած սատկում են: Ոչ մեկը տեղյակ չէ, երեկ զանգել եմ գյուղնախարարություն, այսօր կարծես մի ամբողջ խումբ է եկել Հարթավան գյուղ, բայց եկել են որպես զբոսաշրջիկ ու ետ են գնացել, ոչ մի կոնկրետ խորհուրդ չեն կարողացել տալ: Պետպատվերով համապատասխան վակցինան չի ներկրվում, եւ չուման տարածվում է: Իսկ հավն ու ճիվը գյուղացու միակ ունեցվածքն են: Բացի դրանից, պարզ է, չէ՞, որ մարդիկ իրենց նեղ վիճակից ելնելով՝ ստիպված կլինեն սատկած հավն ու ճիվը շուկա բերել: Եվ չի բացառվում, որ այդ նույն հավն ու ճիվը կարող են հայտնվել կառավարության անդամների ընտանիքների սեղանին:
– Դուք հիմնականում գյուղատնտեսության հարցերից եք խոսում եւ մշտապես մերժում եք քաղաքականությանը վերաբերող մեր հարցերին պատասխանել, սակայն մի հարց ուզում եմ ուղղել ձեզ: Գիտեմ, որ ժամանակին խորհրդարանական «ժողպատգամավոր» խմբում բավականին ջերմ աշխատել եք այսօր արդեն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Հայտնի է, որ պարոն Կարապետյանը բարեգործական ծրագրեր է իրականացնում, եւ այդ ամենը՝ առանց գովազդի եւ «կինո» նկարելու, ուրեմն՝ ինչո՞ւ են ժամանակ առ ժամանակ Կարեն Կարապետյանի անվան շուրջ ինչ-որ տեղեկություններ տարածվում:
– Շատ հետաքրքիր անցում եք կատարում գյուղատնտեսական հարցերից քաղաքական անձերի: Անկեղծ ասած՝ հարցն անսպասելի էր, եւ չեմ թաքցնում՝ ցանկալի: Ես հաճախ եմ մտածել այդ մասին: Հրեաները երկիր կառուցեցին, ոչ մի բան չունեին, դատարկ ավազուտներ էին, մի փոքր տեղում հավաքվեցին, երկիր կառուցեցին: Երբ մեր այն գործարարների հասցեին, որոնք սփռված են աշխարհով մեկ, որոշակի դիրքի են հասել, որոշակի կարողության եւ փորձում են օգնել հայ ժողովրդին, Հայաստանին՝ եւ բարեգործությամբ, եւ անմիջական ներդրումներով, չարախնդություններ եմ նկատում մամուլում, ուղղակի զարմանում եմ: Հրեաները մոտավորապես մեր պատմության նման պատմություն ունեցող ազգ են եւ դեռ երբվանի՜ց են հասկացել, որ տերն է խաչին զորացնողը: Մի բան պետք է հասկանաք, կան մարդիկ, որոնք հասնում են ինչ-որ մակարդակի, որից հետո իրենց համար կամ շատ-շատ լավ է լինում, կամ շատ լավ: Ինչ-որ բիզնես կպակասի, ինչ-որ բիզնես կավելանա, ինչ-որ բաներ կլինեն, բայց այդ մարդկանց համար երբեք չի կարող վատ լինել: Իսկ Կարապետյան եղբայրները արդեն այդ մակարդակին հասել են իրենց աշխատանքով, դրսում իրենց հաջողություններով, եւ ոչ ոք թող չմտածի, թե ինչ վատ բան կարող է լինել: Իրենց համար կարող է միայն շա՜տ-շա՜տ լավ լինել։ Այո, դուք ճիշտ եք, իրենք մեծ բարեգործություններ են կատարում, շատերի մասին ես տեղյակ եմ եւ գիտեմ, որ բիզնես առումով ոչ մի ակնկալիք չունեն: Մեկ-երկու կատեգորիա կա, որոնք փորձում են շոշափել Կարեն Կարապետյանի անունը: Առաջին կատեգորիան այն մարդիկ են, որոնք ցավում են Կարապետյանների համար եւ մտածում են, որ հանկարծ որեւէ պրոբլեմ չունենան: Ես այս մադկանց հասկանում եմ, գուցե եւ չիմանալով ամբողջ ինֆորմացիան՝ անհանգստանում են այս եղբայրների համար, որովհետեւ գիտեն այդ մարդկանց ունեցվածքից գոնե մի մաս իրենց հասնում է: Կա մեկ այլ կատեգորիա, եւ ես համոզված եմ, դա ընդդիմություն չի, դա ուրիշ խումբ է, որի համար Կարապետյանը վտանգ է ներկայացնում, եւ այդ է պատճառը, որ ցանկացած պատվեր հնարավոր է: Նրանք, ովքեր հույս են փայփայում, թե ինչ-որ պատվերներ տալով՝ կարող են վնասել Կարեն Կարապետյանին, չարաչար սխալվում են, որովհետեւ, նախ, ժողովուրդն է լավ ճանաչում Կարապետյան եղբայրներին, եւ գլխավորը՝ նախագահը բառացի հայտարարեց՝ ականջներդ տեսնում եմ, կպատժեմ: Կրկնում եմ՝ դրանք մեր թիմի անդամներն են, այն կաշառակերներն ու այն սրիկաներն են, որոնց ձեռք չի տալիս նախագահի կողքին ազնվագույն մարդ: