Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հոկտեմբեր 29,2010 00:00

Մեկնաբանելով «YouTube»-ում Ջո Բայդենի եւ ամերիկահայ երիտասարդի զրույցի տեսանյութը, որտեղ ԱՄՆ փոխնախագահն ասում է, թե հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձեւի ընդունումը, ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն, ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության, ասել է. «Դեռեւս հստակ չէ, թե ինչ է ասվել այդ զանգերի ժամանակ, բայց մի բան ակնհայտ է՝ որ ապրիլի 24-ից առաջ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարությունների միջեւ խոսակցությունները, ինչպես ճանապարհային քարտեզի եւ ձախողված արձանագրությունների շուրջ ամբողջ բանակցային գործընթացը, գաղտնի են պահվել հայ ժողովրդից՝ եւ Հայաստանում, եւ Սփյուռքում։ Յուրաքանչյուր նոր բացահայտման հետ, ներառյալ այս վերջին երկխոսությունը, մենք տեսնում ենք այն մեծածավալ բարոյական ու քաղաքական ծախսերը, որ Ամերիկան շարունակում է վճարել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական գործելակերպին հանցակից Սպիտակ տան ամոթալի քաղաքականության համար։ Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ հայ-թուրքական հարաբերություններով զբաղվող բոլոր շահագրգիռ անձինք գործեն թափանցիկ եւ հրապարակային»:

Իսկ վերլուծաբան Իգոր Մուրադյանը երեկ մամուլի ասուլիսում այսպես է արձագանքել. «Կա փաստ, ես Սպիտակ տանն այլ աղբյուրներ չունեմ՝ հերքելու կամ հաստատելու համար»։ Վերլուծելով այդ առիթով նախագահականի հերքումը՝ վերլուծաբանն ասել է. «Այդ տեքստից երեւում է, որ, ընդհանուր առմամբ, խոսակցություն եղել է։ Այն, ինչ ասվում է քաղաքական շրջանակներում, պետք է ընդունել փոքր-ինչ այլ կերպ։ Ես ամերիկացիների փոխարեն այդ տեքստից հասկացա նույն բանը, ինչ ասում է փոխնախագահը։ ԱՄՆ փոխնախագահը օգտվում է շատ տեղեկատվական աղբյուրներից, շատ խորհրդակցություններից։ Նրա կողմից այստեղ սխալ լինել չի կարող»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել