Անցած եւ արդեն անդարձ հեռացած անուշ տարիներին, երբ գարուններն անակնկալ էին, իսկ աշունները՝ երկար, եւ երբ մենք ջահել էինք ու բոյով, եւ մեզ թվում էր, թե երբ շատ մեծանանք, մի օր այնքան կարեւոր գործ ենք անելու, որ արեւը ծագելու է արեւմուտքից եւ մայր է մտնելու արեւելքում… Ինչպիսի միամիտ խաբկանք: Եվ այդ տարիներին էր, որ իմ մտերիմ ընկերներից մեկի մասին մի պատմություն-կատակ հորինեցի: Իբր ընկերս առավոտյան աշխատանքի գնալուց, փողկապը կապելուց հետո, մորն ասում է՝ մարե, ուզում եմ այսօր գնամ մի ձի առնեմ: Մայրը զարմացած հարցնում է. – Տղա ջան, քաղաքում ենք ապրում, ձին առնում ես ի՞նչ անենք: – Խոտ կբերեմ,- ասում է ընկերս: Մայրը զարմանում է կրկնակի՝ այ բալա, խոտն ինչի՞ համար պիտի բերես: Եվ ընկերս հաղթական շուռ է գալիս ու ասում՝ բա որ էդ ձին առնեմ, ի՞նչ պիտի ուտի: Պատմում էինք ու ծիծաղում, եւ ամենից շատ ծիծաղում էր ինքը՝ ընկերս…
Գուցե ես, թերեւս, երբեք էլ չհիշեի այս հին ու բարի պատմությունը, երեւի այդպես էլ մոռանայի, եթե ակամա չհետեւեի մեր քաղաքական եւ ամենակարեւորը՝ ընդդիմադիր ու չընդդիմադիր քաղաքականացված ներհայրենական մտքին: Ի՞նչ է կատարվում մեզ հետ, ինչո՞ւ ենք հորինում պատմություններ եւ չպատճառաբանված ուրախանում, ստեղծում իրավիճակներ ու սկսում ընդդեմ եւ հանուն պայքարել դրանց դեմ: Եվ վերջապես՝ մի՞թե մեզ համար այսօր չեն մնացել սրբազան արժեքներ, որոնց մենք պետք է անվերապահ հավատանք ազգովի, եւ որոնք քննարկման ենթակա չեն, ու մեր ներսում ուրացողներ չհորինենք, առավել եւս՝ չկասկածենք ցավով կնքված Մարդու խոսքին, ում ցավը ձեւակերպվել է դեռեւս այնտեղ՝ հարյուր տարի առաջ, եւ մորմոքում է այսօր նույնպես… Վերջերս միջազգային մի պաշտոնյա իրենց հրավիրած ճաշկերույթի սեղանի շուրջ ազնվորեն եւ իր խոսքին վստահ ասաց. – Այսօր Հայաստանում կա լրագրողների խավ, սակայն չկա մտավորականների խավ: Ուրիշները՝ չգիտեմ ինչպես, բայց իմ ներսում ես ապստամբեցի եւ բարձրաձայնեցի անհամաձայնությունս: Ինչպիսի անկում, Տե՛ր Աստված, երբ օրվա խնդիրը, պարզվում է, շատ ավելի կարեւոր է, քան հավերժությունը, որը այս կամ այն չափով մտավորականներին էր եւ է հասու միայն: Ասողը փորձառու մարդ էր եւ, թերեւս, գիտեր փողի տեղը, իսկ ես եւ իմ նմանները գիտերինք փողը ծախսելու տեղը, բայց փողի տեղը չգիտեինք… Ուստի, ներիր ինձ, Տերյան, ներիր ինձ, Չարենց, որ փորձեցի անհուսահատ պաշտպանել ձեզ, եւ ներիր ինձ, Հրանտ, որ քո ձին կանաչ դաշտում դեռ միայնակ կռվում է գայլի դեմ՝ իր քուռակի կյանքի համար: