Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐ ԿԵԾԱԿԻՆ»՝ Ի ՊԵՏՍ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"«Արմնյուզ» հեռուստաընկերությունը երեկ, ինչպես եւ 2003 թվականին, թվախեղդ ու խոստումնախեղդ արեց իր մրցութային առաջարկով: Թեեւ դեռ կատարված չէ նախկինում նրա տված խոստումների մեծ մասը:

8-ից 7-ը

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ լսեց եւս 8 մրցույթների մասնակիցների հայտերի համառոտ շարադրանքը: 8-ից 3-ը վերահեռարձակողներ են, ընդ որում՝ «Կայմ» \"\"ընկերությունը վերահեռարձակելու է «Ռուսական առաջին» հեռուստաընկերության ծրագրերը, «Պարադիզ» ՍՊԸ-ն՝ «Կուլտուրա» հեռուստաալիքը, իսկ «Առաջին ալիք» ՍՊԸ-ն՝ CNN-ը: Եվ որեւէ այլ ընկերություն չէր ցանկացել մրցակցել վերահեռարձակման իրավունք ստանալու համար: «Դար-21», «Ար», «Շարկ» եւ «Տավուշ-ՏՎ» ընկերությունները եւս մրցակիցներ չունեն եւ ըստ այդմ՝ փաստացի արդեն իսկ արտոնագրատեր են: Եվ զուտ հեռուստադիտողների հետաքրքրության համար հայտնենք, որ ինչպես նշեց «Դար 21»-ի տնօրեն Թամարա Սարգսյանը՝ իրենք եթերում ավելացնելու են դասական երաժշտության հեռարձակման ծավալը. մի բան, որը պիտի անեին՝ ըստ դեռ 2003-ին ներկայացված մրցութային առաջարկի, սակայն Թամարա Սարգսյանը, որը ժամանակին ղեկավարել է ԿԸՀ լրատվական ծառայությունը, Ավիացիայի լրատվական կենտրոնը՝ ընդամենը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է «Դար 21»-ը: Իսկ այսուհետ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության «Ար»-ի ներկայացուցիչ Ալիկ Հակոբյանն իրենց առաջարկը ներկայացնելիս ասաց, թե քանի որ այս ուղղվածության դեպքում էլ «այնուամենայնիվ՝ կարծիքները կարող են լինել տարբեր»՝ հեռուստաընկերությունն «իր գործունեության հիմքում կարեւորում է բազմակարծության ապահովումը», եւ հավասար պայմաններ են ստեղծելու բոլորի համար: Շարունակելու են նաեւ տեղեկատվական-հասարակական հաղորդումներ թողարկել, բայց ինչպես ասաց Ալիկ Հակոբյանը՝ այդ հաղորդումներն «առավելագույն ուշադրություն են արժանացնելու երեխաների եւ պատանիների իրավունքների պաշտպանության խնդիրներին» եւ այլն:

Այս 8-ից իրական մրցույթը միայն «Արմնյուզի» եւ «Ա1+»-ի պարագայում էր, ուստի նրանց ներկայացրած մրցութային առաջարկները կներկայացնենք առավել մանրամասն՝ համադրելով այն 6 չափանիշները, որոնք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ ՀՌԱՀ-ը պետք է հաշվի առնի արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ: Ի դեպ, պարզվեց, որ ՀՌԱՀ կայքէջում վրիպակ էր «Արմնյուզ» ՓԲԸ-ին ՍՊԸ ներկայացնելը, որն ուղղվեց միայն այն բանից հետո, երբ երեկ հրապարակեցինք պետական ռեգիստրից «Ա1+»-ի ստացած գրությունը, որ «Արմնյուզ» ՍՊԸ գրանցված չէ:

Սեփական հաղորդումների գերակայությունը

«Արմնյուզի» մրցութային փաթեթը ներկայացրեց ընկերության գլխավոր խմբագիր Վահե Ղազարյանը (հիշեցնենք՝ մինչ այս նա «Ա-TV» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր, դրանից առաջ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավարը): Նա հայտնեց, թե ըստ իրենց հայտի՝ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմելու է 82,5 տոկոս: «Մասնավորապես ավելանալու են լրատվական ուղղվածության 4 հաղորդումներ՝ դրանք են «Շաբաթը», «Կիրակնօրյա ամփոփիչը», «Մամուլի տեսությունը», «Մոբայլ ռեփորթերը»: Նկատենք, որ թվարկվածից որոշ հաղորդումներ արդեն վաղո՜ւց պիտի լինեին «Արմնյուզի» եթերում, եթե կատարած լինեին 2003-ի մրցույթի ժամանակ իրենց տված խոստումները: Հիշեցնենք դրանցից միայն մեկը. «Հեռուստաալիքը նախապատրաստում է մամուլի անդրադարձների տեսաձայնային շարքով ուղեկցված տարբերակի»:

«Ա1+»-ն իր առաջարկը ներկայացրեց ֆիլմի միջոցով, որի ընթացքում սեփական հաղորդումների մասին ասվեց, թե տեղական եւ միջազգային լրատվական-վերլուծական հաղորդումների ընդհանուր ծավալը 2011 թվականին կազմելու է 80 տոկոս:

Հայրենական հաղորդումների գերակայությունը

Վահե Ղազարյանը խոստացավ, թե հայրենական արտադրության հաղորդումների ծավալը կազմելու է 87 տոկոս, իսկ մնացած 13 տոկոսը հատկացվելու է «Euronews»-ի վերահեռարձակմանը. «Միջին հաշվով՝ օրական 3 ժամ «Արմնյուզը» նվիրել եւ նվիրելու է «Euronews»-ի լրատվական թողարկումների ուղիղ հեռարձակմանը, նույնն է թե՝ նպաստելով բազմակարծության զարգացմանը, եվրոպական արժեքների սերմանմանը մեր երկրում»: Միջանկյալ նկատենք, թե այդ նպաստի մասին պնդումները թերեւս առավել հիմնավոր լինեին, եթե նույն «Արմնյուզն» անցած տարիներին իր եթերից դուրս չթողներ «Euronews»-ի այն լրատվական թողարկումները, որոնցում անդրադարձ էր արվում Հայաստանի ընդդիմությանը: Հիշեցնենք նման մի դեպքի մասին՝ 2008-ի ապրիլի 9-ին «Euronews»-ը հաղորդել էր, թե Հայաստանում շարունակվում են բռնություններն ընդդիմության կազմակերպած բողոքի գործողությունների մասնակիցների նկատմամբ եւ մեջբերել մի քաղաքացու խոսքը. «Մենք ցանկանում ենք լինել մեր օրինական նախագահի հետ, այլ ոչ թե նրա հետ, ով այժմ օպերայում ստանձնում է պաշտոնը՝ բանակի եւ ոստիկանության պաշտպանության ներքո: Դա մեր ժողովրդի նախագահը չէ»: Եվ ինչպես հրապարակվել է մամուլում՝ նպատակաուղղված կերպով խափանվել էր այդ տեսանյութի հեռարձակումը:

Նշենք, որ ըստ «Ա1+»-ի առաջարկի՝ հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակման ծավալն արդեն 2011 թվականին նախատեսվում է 100 տոկոս:

Բիզնես ծրագրի հիմնավորվածությունը

«Արմնյուզի» գլխավոր խմբագիրը նշեց, թե մասնակցում են մրցույթին՝ ունենալով նախորդ 5 տարիներին 500 մլն դրամի ֆինանսական հոսքեր, 190 մլն դրամի տեխնիկական միջոցներ. «Հետագա 10 տարիների ընթացքում հեռուստաընկերության ընդհանուր հասույթը կկազմի 6 մլրդ 900 մլն դրամ»: Հավելեց, թե հեռուստաընկերության սեփականատերերը պատրաստակամություն են հայտնել առաջիկա 10 տարիների ընթացքում ներդնել 1 մլրդ 200 մլն դրամ: Ափսո՜ս չհրապարակեց այդ սեփականատերերի անունները, որ պարզ լինի, թե հետո ումի՞ց է պետք հետաքրքրվել՝ արդյոք իրոք արեցի՞ն այդ ներդրումները: Դարձյալ հիշեցնենք, որ իր նախորդ մրցութային առաջարկում էլ «Արմնյուզը» ներառել էր «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ի հավաստագիրը, թե 7 տարում իրականացնելու են 2,5 մլն դոլարին համարժեք դրամի ներդրումային ծրագիր: Սակայն այդ խոստումն այնքան իրական էր, որքան «Շարմ» ընկերությանը 2002-ին «Եվրոմոթորս» ՍՊԸ-ի եւ «Հայգյուղփոխբանկի» տված՝ հիմա արդեն վստահաբար կարող ենք ասել՝ համանման թղթի կտորները 1 մլն 850 հազար դոլարի ներդրման մասին, քանի որ դրանք այդպես էլ չարվեցին: «Արմնյուզն» այժմ էլ «Ամերիա» բանկից հավաստագիր ունի, որ 500 մլն դրամի վարկ են ստանալու արտոնյալ պայմաններով՝ 11 տոկոսով:

Նշենք, որ «Ա1+»-ի ներկայացրած բիզնես ծրագիրը մշակվել է MDLF ամերիկյան կազմակերպության հետ համատեղ եւ արժանացել միջազգային աուդիտորների եւ փորձագետների հավանությանը: Ներկայացվեցին նաեւ մի շարք կազմակերպությունների ներդրումային հավաստագրերը՝ տարբեր բիզնես պայմանավորվածություններով. «Մասնավորապես՝ Տանելյան ընտանիքը կհատկացնի 500 հազար եվրո, իսկ աշխարհով մեկ մասնաճյուղեր ունեցող անգլիական ճանաչված HOBBINGTON MANAGEMENT LINITED կորպորացիան՝ իր ձեռնարկություններով, կներդնի 310 հազար դոլար գումար»: «Մելտեքս» ՍՊԸ հիմնադիրներ Մեսրոպ եւ Տատյանա Մովսեսյանները պատրաստակամ են 2011-ին ներդնել 158 622 դոլար գնահատված առկա հիմնական միջոցները. «Եվ եւս 100 հազար դոլար՝ անհրաժեշտության պարագայում»: Հիշատակվեց նաեւ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը, որի նախաձեռնած դրամահավաքին մեկ շաբաթում արդեն իսկ մասնակցել է 4 հազար հոգի:

Բազմակարծությունը խթանելու կարողությունը

«Արմնյուզի» գլխավոր խմբագիրն ասաց. «Քաղաքական բազմակարծությունն ապահովելու չափանիշներից ելնելով՝ նախատեսում ենք մի շարք ծրագրեր՝ «Մամուլի տեսություն», «Հեռուստադուել», «Պատերազմ եւ խաղաղություն», «Թուր կեծակի», «Փաստորեն», «Քաղաքակրթություն», «Մոբայլ ռիփորթեր»: Հաղորդումներում կներկայացվեն քննարկվող, այդ թվում՝ քաղաքական թեմաների շուրջ հետաքրքրություն ունեցող բոլոր կողմերի կարծիքները»:

Եթե անցած տարիներին «Արմնյուզի» գործունեության ֆոնին այս հեռուստաընկերության վերոհիշյալ խոստումը բնավ հավաստի չի թվում, ապա «Ա1+»-ի ոչ համակիրներն անգամ, կարծում եմ, կհամաձայնեն, որ շուրջ 20-ամյա նրա գործունեությունից դատելով՝ որեւէ կեղծիք չկա մրցութային առաջարկի այս տողերում. «Մեր եթերում իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն կունենան բոլոր քաղաքական, հասարակական հոսանքների ներկայացուցիչները, մեզ համար չեն լինի անցանկալի գործիչներ կամ ինչպես ընդունված է ասել՝ «սեւ ցուցակում ընդգրկված մարդիկ»: Մեր թողարկումներում մշտապես կհնչի այլընտրանքային կարծիք»:

Տեխնիկական եւ  ֆինանսական հնարավորությունները

Իրենց ֆինանսական հնարավորությունները «Արմնյուզը» մասնավորապես պատրաստվում է ուղղել, ինչպես հայտնեց Վահե Ղազարյանը՝ նոր կայքի ձեւավորմանը: Զուգընթաց հոլովակում նշվեց կայքի անունը՝ www.armnews. com: Սակայն փոքրիկ խնդիր կա՝ նման անունով կայք արդեն գրանցված է եւ ոչ մի կապ չունի այս հեռուստաընկերության հետ: Հավաքեք այդ հասցեն, եւ այն ձեզ կհասցնի www.armenians.net լրատվական կայք, որը գրանցված է Գլենդեյլում՝ Արամ Բայբուրթյանի կողմից:

Տեխնիկական հնարավորությունների մասին ասվեց, թե «Արմնյուզը» նախատեսում է ձեռք բերել HD ֆորմատի շրջիկ կայան, «ինչպես նաեւ Երեւանի բանուկ հատվածներում տեղադրել շուրջ 50 HD ֆորմատի տեսախցիկներ, որոնք օնլայն ռեժիմով 24 ժամ ուղարկելու են ինֆորմացիա «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերային կայան»: Փոքր-ինչ անհասկանալի էր, թե տեղեկատվական ի՞նչ կարեւորության նյութեր են ակնկալում փողոցների այդ շուրջօրյա նկարահանումից, եթե, ասենք, չլինի վթար կամ որեւէ արտառոց միջադեպ:

«Ա1+»-ը ներկայացրեց. «Ծրագրով նախատեսված՝ հեռուստաընկերության տեխնիկական վերազինման համար մեր ընկերությունը բանակցել է տարբեր՝ ռուսական եւ եվրոպական մասնագիտացված ընկերությունների հետ: Մեր ձեռքի տակ են մի շարք ընկերությունների տեխնիկական առաջարկներ, առաջադրանքներ, նախագծեր, բյուջեներ, սարքավորումների ցանկեր»: Տեխնիկական սարքավորումների եւ արբանյակային կայանի ձեռք բերման մանրամասն տեխնիկական եւ ֆինանսական հաշվարկները նախագծել եւ իրականացրել են եվրոպական փորձառու ընկերությունները՝ «Ա1+»-ի պատվերով. «Մրցույթում հաղթելուց հետո ներկայացված մեկ տասնյակ առաջարկներից կընտրվի լավագույնը, որի հետ եւ կիրականացնենք մեր ընկերության տեխնիկական վերազինումը»:

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը

«Արմնյուզի» գործունեության մասին պատմող հոլովակում ասվեց, թե ներկայումս հեռուստաընկերությունում աշխատում է 10 լրագրող. նրանցից մեկը Ռաֆիկ Հովհաննիսյանն է, որ մինչեւ վերջերս «TV-5»-ի քաղաքական մեկնաբանն էր: Ընդհանուր առմամբ՝ «Արմնյուզ»-ի աշխատակիցները 72-ն են:

Իսկ «Ա1+»-ում աշխատակազմը այժմ 34 հոգի է: Խոստացվեց՝ «Աշխատակազմը կհամալրվի ինչպես մեր հին փորձառու լրագրողներով, ոլորտի պրոֆեսիոնալներով, այնպես նաեւ նոր աշխատակիցներով:

Շուրջօրյա եթեր ապահովելու համար բոլոր անհրաժեշտ օղակները կան»:

Ամփոփելով՝ նշենք, որ իհարկե՝ սահմանված չափանիշներից որոշներով «Արմնյուզի» առաջարկում խոստացված էր ավելին, քան «Ա1+»-ի դեպքում: Սակայն հաշվի առնենք, որ 2003-ին էլ էին նրանք ավելի շատ փող, տեխնիկա եւ ծրագրեր խոստացել ու չապահովեցին դրանցից եւ ոչ մեկը:

Հ. Գ. ՀՌԱՀ դահլիճը բազմամարդ դարձավ միայն այս երկու ընկերությունների հայտերի ժամանակ՝ ներկա էին նաեւ ԵԱՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Նշենք, որ առանց լուսամուտների եւ օդափոխության այս փոքրիկ դահլիճը նման դեպքերում դառնում է ուղղակի անթթվածին գազախցիկ: Եվ հույս հայտնենք, որ դեկտեմբերի 16-ին, երբ կկայանա արտոնագրատերերի ընտրությունը՝ ՀՌԱՀ նիստը կգումարվի իր նոր տարածքում, որը, որքան հիշում ենք, հատկացվել է դեռ ամռանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել