Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԸ ՉՍՏԱՑՎԵՑ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Երեկ մեկնարկեց բասկետբոլի կանանց Եվրագավաթի 2010/11թթ.  խաղարկությունը: Ընտրական «F» խմբում Երեւանի «Հատիսը» Նովոսիբիրսկի «Սեվեր» մարզահամալիրում հյուրընկալվեց տեղի «Դինամո ԳՈՒՎԴ»-ին, որը ժամանակին եղել է Եվրոպայի ու ԽՍՀՄ-ի
ամենահեղինակավոր ակումբներից մեկը:
  

\"\"

Հայ բասկետբոլիստուհիները, գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի ղեկավարությամբ, մրցավայր ժամանել են հանդիպումից մեկ օր առաջ եւ նույն օրը երեկոյան փակ մարզում անցկացրել: «Armsport.am»-ի թղթակիցը Նովոսիբիրսկից տեղեկացնում էր, որ մեր թիմի ժամանումը իր մեծությամբ Ռուսաստանի երրորդ քաղաք՝ մեծ ոգեւորություն է առաջացրել տեղի հայկական ստվար համայնքում: Մեր հայրենակիցները խոստացել են ներկա գտնվել հանդիպմանը եւ աջակցել «Հատիսին», որպեսզի կաշկանդվածության զգացումը, որ լինում է ցանկացած խաղի սկզբում,  աղջիկներին չխանգարի: Երեկ թիմի կողքին գտնվելու նպատակով մրցավայր էր ժամանել նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ-ի գլխավոր ք
արտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Չնայած այս ամենին, հանդիպման մեկնարկն անհաջող ստացվեց հայաստանյան թիմի համար, որի խաղը մի տեսակ չէր ստացվում: Ասենք նաեւ, որ դա շարունակվեց ամբողջ խաղի ընթացքում: Դրա փոխարեն դինամոյականները գործում էին մեծ վերելքով: Հատկապես հաջող էին նրանց հեռահար՝ 3 միավորանոց նետումները, ինչի շնորհիվ էլ տանտերերը կարճ ժամանակում հաշվի մեջ շոշափելի առավելության հասան եւ առաջին խաղափուլն ավարտեցին իրենց օգտին՝ 21:9:
Հանգստից հետո խաղի պատկերը չփոխվեց եւ դինամոյականները շարունակում էին մեծացնել հաշվի մեջ եղած տարբերությունը: Անգամ եղավ մի պահ, որ նրանք 20 միավորի առավելության էին հասել: Սակայն մեր թիմին, այնուամենայնիվ, հաջողվեց երկրորդ ընդմիջմանը գնալուց առաջ մի փոքր կրճատել այդ տարբերությունը եւ երկրորդ խաղափուլն ավարտվեց 36:18 հաշվով:
«Armspot.am»-ի թղթակցի խոսքերով (նա տեքստային ուղիղ ռեպորտաժ էր վարում Նովոսիբիրսկից)՝ դինամոյականները վատ չէին խաղում, սակայն սերբ եւ մակեդոնացի մրցավարների աջակցությունն ակնհայտ էր: Լրագրողը նշում էր նաեւ, որ հանդիպման տեսուչն էլ Ռուսաստանից էր:
Երրորդ խաղափուլը նույնպես ընթացավ նույն սցենարով: Մեր աղջիկների գործողություններում ըստ երեւույթին պակասում էր հստակ համագործակցությունը, առանձին խաղացողների խաղն էլ, կարծես, չէր ստացվում: Արդյունքում դինամոյականները մեծացնում էին ճնշումը, ինչն էլ արտահայտվում էր ցուցատախտակի վրա: Թիմերը վերջին հանգստին գնացին արդեն 20 միավորի տարբերությամբ՝ 57:37 եւ կարելի էր ասել, որ հանդիպման ելքն արդեն վճռված էր: Չորրորդ խաղափուլում մեր աղջիկները չկարողացան բեկում մտցնել եւ ի վերջո պարտվեցին 50:79 հաշվով:
Մեր թիմից միավորներ վաստակեց հինգ բասկետբոլիստ. Ամանդա Ջեքսոն՝ 15, Քուիաննա Չենի՝ 12, Աննա Պոկոյովա եւ Էրիկա Դեւիս՝ 11-ական, Կաելա Չափդելայն՝ 1:
«Հատիսը» Եվրագավաթի խաղարկության հերթական հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ՝ նոյեմբերի 4-ին: Այդ օրը նա Երեւանում կընդունի Իսրայելի «Էլիտզուրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել