Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը թուրքերի խայծը կուլ չտվեցին

Հոկտեմբեր 28,2010 00:00

Հոկտեմբերի 23-ին՝ 30 տարի անց, Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում, որտեղ այժմ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, նորից աղոթք է հնչել: Նախաձեռնությունը Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշչյանինը եւ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրինն է: Ըստ թուրքական մամուլի, արարողությանը մեծ թվով՝ հիմնականում Սիրիայից եւ Եվրոպայից ժամանած դիարբեքիրցիներ են ներկա եղել: 1980-ական թվականներից բախտի քմահաճույքին թողնված Սուրբ Կիրակոս եկեղեցում վերանորոգման աշխատանքները 1 տարի առաջ են սկսվել, 70% ֆինանսավորումը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման հիմնադրամն է իրականացրել, որի ներկայացուցիչները հիմնականում արտերկրում եւ Ստամբուլում բնակվող դիարբեքիրցիներն են: Գումարի մնացած մասը տրամադրել է Դիարբեքիրի քաղաքապետարանը:
ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս առնչությամբ նշեց, որ հայերի համար կարեւոր է Թուրքիայի հայկական եկեղեցիների վերանորոգումը, բայց դա նաեւ նպաստում է Թուրքիայի տնտեսության զարգացմանը. «Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից հետո թուրքերը հասկացան, որ հայկական եկեղեցիների վերականգնումը նպաստում է այդ տարածքների զարգացմանը»։ Ի տարբերություն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի շուրջ ծավալված լայն քննարկումներին, Սուրբ Կիրակոս եկեղեցու «մասով» աղմուկ չբարձրացվեց եւ թուրքական շոու չմատուցվեց: Պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանը, ներկայացնելով իր նկատառումները, կարծիք հայտնեց, թե հատկապես Եվրամիության հետ կապված դժվար իրավիճակում հայտնված թուրքական կառավարությունը, չխոչընդոտելով գործընթացին, նախեւառաջ փորձել է խուսափել արտաքին աշխարհի արձագանքից: Պատմաբանի կարծիքով, մեկ այլ հանգամանք է այն, որ թուրքերը Աղթամարում մեծ հարված ստացան, քանի որ իրենց սարքած խայծը Հայաստանի եւ սփյուռքի հայության կողմից կուլ չտրվեց: Ք. Մելքոնյանը, անդրադառնալով Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի՝ հայերին որպես եղբայր ընդունելու հայտարարություններին, նշեց, որ Թուրքիայի ազգայնականները քննադատել են այդ ելույթը եւ նշել, որ քուրդ քաղաքապետը հայանպաստ քաղաքականություն է վարում: Պատմաբան Ռ. Թադեւոսյանը կարծում է նաեւ, որ թուրքերը, աղմուկ չբարձրացնելով, փորձեցին խուսափել նաեւ քրդերին գրգռելուց. «Թուրքերն իրենց թուրքական գոռոզամտությունը ցույց չեն տալիս, բայց նրանք սարսափում են քրդական խնդրից եւ չէին ուզենա, որպեսզի թուրքական, քրդական, արտասահմանյան ԶԼՄ-ները լինեին Դիարբեքիրում»: Նշենք, որ Դիարբեքիրի նահանգը Արեւմտյան Հայաստանի 6 նահանգներից մեկն է եւ տարածքով ներկա Հայաստանից ավելի մեծ է եղել՝ 37 500 քառ. կմ, 296 հազար բնակիչներից 105 հազարը հայեր են եղել, մնացածը՝ թուրքեր, քրդեր ու ասորիներ: Այսօր Դիարբեքիրում ընդամենը մի քանի հայկական ընտանիք է մնացել: Ռ. Թադեւոսյանը գտնում է, որ հայերը համառորեն չեն օգտագործում իրենց ձեռքում եղած խաղաքարտը՝ Լոզանի պայմանագիրը եւ 2007 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված հռչակագիրը. «Երկուսն էլ Թուրքիայի համար տհաճ փաստաթղթեր են: Լոզանի պայմանագրի 40-րդ հոդվածով Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն զարգացնելու իրենց կրոնական հաստատությունները, իսկ 43-ով Թուրքիան պարտավորվում է գերեզմաններից սկսած մինչեւ եկեղեցիները՝ զարգացում ապահովել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել