Լրահոս
Օրվա լրահոսը

Գալլիանոն, «Կադանսը», տանգոն

Հոկտեմբեր 28,2010 00:00

\"\"Տանգոյի շքահանդեսը սկսված է

Երեւանում է աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիչարդ Գալլիանոն: Հոկտեմբերի 30-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում լեգենդար երաժիշտը «Կադանս» համույթի հետ հանդես կգա համերգային ծրագրով: Մեծանուն երաժիշտը Հայաստանում է առաջին անգամ՝ Երեւանում անցկացվող տանգոյի միջազգային փառատոնի շրջանակներում:
Երեկ փառատոնի կազմակերպիչներն ու մաեստրո Ռ. Գալլիանոն ՀՀ մշակույթի նախարարությունում ներկայացրին փառատոնի եւ սպասվելիք համերգի մանրամասները: «Կադանս» երաժշտական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանի խոսքով, Գալլիանոյի ելույթով կբացվի Տանգոյի միջազգային երեւանյան փառատոնը, որն անցկացվելու է 2010թ. հոկտեմբերի 30-ից մինչեւ 2011թ. հունիսի 30-ը. «Հիմա բոլորը կասեն՝ միայն տանգոյի փառատոնն էր պակաս մեր երկրում: Ուզում եմ շեշտել, որ ոչ թե մոդայի ետեւից ենք ընկել, այլ մեր երկիրը հիմք ունի տանգոյի փառատոն կազմակերպելու: Հայաստանում մարդիկ սիրում են տանգո, սիրված է այս երաժշտությունն ու արվեստը: Իսկ փառատոնի հիմքը ճիշտ դնելու համար հարկավոր է կարկառուն դեմք, օրինակ՝ Ռիչարդ Գալլիանոն»:
Ակորդեոնահար, կոմպոզիտոր, Աստոր Պիացոլայի ընկեր եւ աշակերտ, «New muzette» երաժշտական ուղղության հիմնադիր Ռիչարդ Գալլիանոն առաջին անգամ է Հայաստանում: Ասում է՝ «Նախկինում շատ էի լսել Հայաստանի, հայերի մասին, բայց չէի պատկերացնում, որ այսքան լավ երկիր է, ու ջերմ մարդիկ են ապրում: Դեռ մի օր եմ այստեղ, բայց արդեն հասցրել եմ զարմանալ ամեն ինչով՝ սկսած հյուրանոցային ծառայություններից մինչեւ մարդկանց վերաբերմունքը: Արդեն հասկացա, որ այստեղ էլ է տանգոն սիրված երաժշտություն: Ինձ համար բացահայտում արեցի՝ ակորդեոնի արմատները «հայկական» են»: Ռ. Գալլիանոն նշեց, որ հիացած է «Կադանս» խմբի՝ Պիացոլայի կատարումներով. «Այսօր երաժշտությունը Հայաստանում ինձ համար դարձել է շփման միջոց, որովհետեւ հայերեն չգիտեմ, անգլերեն՝ կիսով չափ, տանգոյի երաժշտությունը միակ լեզուն է, որով կարողանում եմ էմոցիաներ փոխանցել»:
Հավելենք, որ Ռ. Գալլիանոն ծնվել է 1950 թվականին՝ Կաննում: Ծագումով իտալացի, ակորդեոնահար եւ ուսուցիչ Լյուսիեն Գալլիանոյի որդին է: Նվագել սկսել է դեռ 4 տարեկանից: Սովորել է Նիցցայի կոնսերվատորիայում: Հայտնի ջազ շեփորահար Քլիֆորդ Բրաունի ստեղծագործություններով իր համար բացահայտել է ջազը: «Այն ժամանակ, երբ ես սկսեցի նվագել, ջազում ակորդեոնը գրեթե չբացահայտված գործիք էր… Այժմ երաժշտական բոլոր ժանրերն էլ սիրում եմ: Այնպես է ստացվել, որ Պիացոլան կարողացել է համադրել ջազն ու տանգոն: Այդ առումով ես հետեւեցի նրան»,- ասում է Գալլիանոն: «Առավոտի» հարցին՝ տանգոյի «ասպետը» սիրո՞ւմ է պարել տանգո՝ արվեստագետը պատասխանեց. «Ես ակորդեոն նվագում եմ կանգնած: Նվագելիս՝ գործիքը գրկիս, տանգոյի հնչյունների տակ ես էլ եմ ակամայից շարժվում: Ստացվում է՝ նաեւ պարում եմ: Իրականում չեմ սիրում, երբ իմ տանգոյի տակ զույգերը պարում են: Պիացոլան էլ չէր սիրում: Մենք երկուսս սիրում ենք նվագելիս պատկերացնե՛լ զույգերի, որոնք պարում են տանգո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել