Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՃԵՄՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ «ՓՐԿԻՉԸ»

Հոկտեմբեր 28,2010 00:00

\"\"Դաշնակահարուհի Աննա Աճեմյանը հոր ժառանգությունն
ամփոփում է գրքերում եւ CD-ներով

Վերջերս տարբեր առիթներով «Առավոտի» հետ զրուցած անվանի արվեստագետներ՝ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը եւ այլք, հիացմունքով էին արտահայտվում հեռուստատեսության եւ ռադիոյի ջութակահարների անսամբլի հիմնադիր (1958թ.) եւ գեղարվեստական ղեկավար Գեւորգ Աճեմյանի՝ երեք հատորով հրատարակված մշակումների մասին: Հրատարակության նախաձեռնողն ու խմբագիրը Գ. Աճեմյանի դուստրն է՝ դաշնակահարուհի, Երեւանի կոնսերվատորիայի դասախոս Աննա Աճեմյանը (նկարում): Սա առիթ դարձավ հանդիպելու արվեստագետին, ով հպարտությամբ է ասում, թե իրենց ընտանիքը մշտապես ապրել է անսամբլի կյանքով, որը հոր մահից հետո 1998-ից ղեկավարում է մայրը՝ ջութակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Աճեմյանը: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ հրատարակված երեք գրքերը կունենան շարունակություն, հավելելով, թե թողարկվել են անսամբլի ձայնագրությունների CD-ները: Հրատարակման է պատրաստ նաեւ հորը նվիրված «Երգող ջութակների անսամբլի հայրը» գիրքը: Ի դեպ, այս տարի լրանում է Գեւորգ Աճեմյանի 85-ամյակը:
Էդ. Միրզոյանը Ա. Աճեմյանի մասին մեզ հետ զրույցում ասաց. «Երբ խոսում են Խաչատրյանի «Մանկական ալբոմի» մասին, ժպիտ է գծագրվում դեմքիս. հիշում եմ Աննային, ով 7 տարեկանում ներկայացնում էր ալբոմի ստեղծագործությունները: Այսօրվա նման հիշում եմ նաեւ Արամ Խաչատրյանի հիացմունքը, երբ այդ փոքր աղջնակի կատարմամբ լսում էր սեփական երկերը… Աննան կրթել է դաշնակահարներ՝ դարձնելով նրանց միջազգային մրցույթների դափնեկիրներ»: Կոմպոզիտորի խոսքերը վկայակոչելով՝ Ա. Աճեմյանին հարցրինք՝ ինչո՞ւ իրեն իբրեւ դաշնակահարուհի չենք տեսնում բեմում: «Պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանում, այնուհետեւ ասպիրանտուրայում ուսանելու տարիներին բազմաթիվ ելույթներ եմ ունեցել որպես մենակատար, ներկայացնելով արեւմտաեվրոպական, ռուսական եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մենակատարի կարիերաս կարող էր շարունակվել, սակայն նախընտրեցի կոնցերտմայստերի իսկապես դժվար մասնագիտությունը»,- պատասխանեց դաշնակահարուհին:
Նշենք, որ Աննան 1988-ից Գ. Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի կոնցերտմայստերն է, որը 2003թ.-ից գործում է Երեւանի կոնսերվատորիայի ենթակայությամբ:
Ալ. Հարությունյանն էլ դաշնակահարուհու մասին ասաց, որ Աճեմյանների դուստրը փայլուն արվեստագետ է եւ հմուտ մանկավարժ. «Նա շարունակում է պետերբուրգյան դաշնամուրային լավագույն դպրոցի ավանդույթները»:
Սվետլանա Նավասարդյանի կարծիքով, հանձին Աննայի՝ կոնսերվատորիան համալրվել է բարձրակարգ մի մասնագետով, որի հաջողությունների գրավականն է պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը գործին: Ս. Սարաջյանն էլ իր նախկին ուսանողուհու մասին ասաց այն, ինչի մասին հավանաբար համեստորեն լռում էր Աննան. «Երաժշտական հարուստ գիտելիքներով ու նուրբ ճաշակով օժտված արվեստագետը նաեւ աշխարհահռչակ երգչուհի Մարի Պոզապալյանի հեղինակած հոգեւոր երգերի, որոնք թողարկված են լազերային տարբերակով, դաշնամուրային պարտիայի հեղինակն է: Սա երեւույթ է համաշխարհային երաժշտարվեստում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել