Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Wikileaks-ից չի վախենում. նա դրա դեմն առնելու ձեվերը գիտի

Հոկտեմբեր 28,2010 00:00

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունում արձագանքել են Wikileaks սկանդալային կայքի հայտարարություններին, թե կայքը մտադիր է մոտ ապագայում հրապարակել Ռուսաստանին վերաբերող կոմպրոմատներ: «Նախնական վերլուծությունը ցույց տվեց, որ Ջուլիան Էսսենջի ռեսուրսը Ռուսաստանի համար որեւէ վտանգ չի ներկայացնում»,- newsru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԴԾ տեղեկատվական կենտրոնի փորձագետը՝ հավելելով, թե պետք է հասկանալ, որ «ցանկության եւ համապատասխան հրամանի դեպքում դրանք կարելի է ընդմիշտ անհասանելի դարձնել»: Ռուսական հատուկ ծառայությունները կասկածի տակ են առել նաեւ կայքի տրամադրության տակ եղած նյութերի արժեքավոր լինելու հանգամանքը. «Այնտեղ եղած տեղեկությունների ավելի քան 40 տոկոսը կարելի է գտնել նաեւ համացանցում արդիական որոնողական համակարգերի օգնությամբ: Փաստաթղթերում գաղտնիության գրիֆը կայքի հեղինակների ձեռքի գործն է, ինչը խոսում է դրանք կեղծելու մեծ հնարավորությունների մասին»,- ասել է ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Wikileaks-ը հաղորդել էր, թե մտադիր է կայքում նաեւ Ռուսաստանին եւ այդ երկրի իշխանություններին վերաբերող սկանդալային կոմպրոմատներ հրապարակել, որը կարող է Ռուսաստանում ռումբի պայթյունի արդյունք ունենալ: Ավելի վաղ Էսսենջը իր պոտենցիալ «ներդրողներին» ուղղված նամակում շեշտել էր, թե նախագծի գլխավոր թիրախը լինելու են Ռուսաստանի, Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի բռնապետական ռեժիմները: Ռուսաստանցիներից շատերը, այդուհանդերձ, կարծում են, որ եթե կայքում շշմեցուցիչ տեղեկություններ հրապարակվեն էլ, ապա, միեւնույն է՝ ռուսաստանցիներին դա դժվար թե հասանելի լինի:
Քաղաքագետներից մեկն էլ՝ Ստանիսլավ Բելովսկին, կարծիք է հայտնել, որ եթե Wikileaks-ը հրապարակի ռուսական բիզնես էլիտայի բանկային գաղտնի եւ օֆշորային հաշվեհամարների մասին տեղեկություններ, ապա դրանք կարող են ապշեցուցիչ լինել:
ԱՄՆ-ում տեղակայված եւ Եգիպտոսում գրանցված կայքերից մեկը՝ Lubyankapravda.com-ը, վերջերս հրապարակել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության գաղտնիք համարվող օպերատիվ նշանակության մեծ թվով փաստաթղթեր, եւ դրանք Ռուսաստանում նույնիսկ չէին էլ նկատել: Ռուս լրագրող Անդրեյ Սոլդատովը հիշեցրել է, որ այդ փաստաթղթերում կային ՌԴ ԱԴԾ-ի կողմից Ուկրաինայում, Թուրքմենստանում եւ այլ երկրներում իրականացված գործողությունների մասին նյութեր: Դրանք դեռ հունիսին տեղադրվել եւ երեք շաբաթ անց էլ խորհրդավոր կերպով անհետացել էին կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել