Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Մինչեւ տարեվերջ ԿԳ նախարարությունը կհրապարակի լիցենզիաների գործունեությունը կասեցված բուհերի ուսանողների՝ այլ բուհեր տեղափոխվելու վերաբերյալ տվյալներ: Երեկ այս մասին ասաց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը: Նրա տեղեկացմամբ, այս պահին ուսանողների տեղափոխությունն իրականացվում է միայն հեռակա ուսուցման համակարգում, քանի որ օրենքով սահմանված կարգով տեղափոխությունները հնարավոր են միայն կիսամյակին նախորդող ու հաջորդող երկու շաբաթվա ընթացքում. «Հիմա դժվար է կոնկրետ թվեր հայտարարել: Առկա ուսուցման համակարգում տեղափոխված ուսանողների թիվը մի քանի հարյուրների է հասնում»: Ինչ վերաբերում է կրթական հաստատությունների լիցենզիաների գործունեությունը վերանայելու եւ հարկ եղած դեպքում կասեցնելու նպատակով կազմակերպված ստուգայցերին, փոխնախարարը վստահեցրեց՝ ստուգումներ եղել են, կան ու կշարունակվեն. «Ստուգելու ենք ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր բուհերը, հերթը քոլեջներին էլ է հասնելու… Մենք հաշվետու ենք եվրոպական կրթական դաշտին՝ ինտեգրման գործընթացի համար»: Պարոն Ավետիսյանը նաեւ վստահեցրեց, արդեն հեշտ է լինելու տարանջատել՝ անվճար համակարգում սովորող ուսանողը իր խելքո՞վ է ընդունվել, թե՞ ավանդական ծանոթ-բարեկամ հարաբերություններով, քանի որ ցածր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում նման ուսանողները միանգամից տեղափոխվում են վճարովի համակարգ՝ իրենց տեղը զիջելով վճարովի համակարգում սովորող ու բարձր առաջադիմություն ցուցաբերածներին: Ըստ փոխնախարարի. «Օրենսդրական դաշտում կատարվում են համապատասխան փոփոխություններ, նախարարության կողմից իրականացվում է վերահսկողություն, կրթական համակարգում ներդրվում են նոր գործիքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել