Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդուս վարվելակերպն ինձ համար հարցական է»

Հոկտեմբեր 28,2010 00:00

Հրազդանի թիվ 10 դպրոցի աշակերտ Գուրգեն Հարությունյանի մայրը ժխտում է, որ իր որդին ինքնասպան է եղել անգլերենի պարապմունքից զզված:

Դպրոցականների ինքնասպանության դեպքերը կարծես դարձել են սովորական երեւույթ: Հասարակության հիշողության մեջ դեռ թարմ է դիմորդ Գոհարիկի ինքնասպանության դեպքը, որը տեղի ունեցավ պետական միասնական քննությունների ընթացքում՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունից հետո, իսկ օրերս արդեն գրանցվեց հաջորդ աշակերտի՝ Հրազդանի Վլ. Մայակովսկու անվան թիվ 10 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գուրգեն Հարությունյանի ինքնասպանությունը: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ պատանին իրեն կախել է հոկտեմբերի 19-ին՝ տան լոգարանի առաստաղից: Նրա թողած գրության համաձայն՝ ինքը զզվել է անգլերենի պարապմունքների հաճախելուց, այդ պատճառով էլ դիմել է նշված քայլին: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: «Առավոտը» դեպքի մասին մանրամասներ ստացավ Գուրգեն Հարությունյանի հետ առնչված տարբեր անձանցից: Հրազդանի թիվ 10 դպրոցի տնօրեն Վլադիմիր Բարսեղյանը Գուրգենի մասին պատմեց. «Նա հավասարակշիռ աշակերտ էր, աշխույժ, մարդամոտ տղա: Անգլերենի մասնավոր պարապմունքների էր գնում, սակայն այնքան էլ չէր ցանկանում հաճախել: Դժբախտ պատահարի կատարման օրը նրան տեսել եմ. ուրախ էր, լավ տրամադրված: Բայց հետո պարզվեց, որ նույն օրը երեկոյան իր համադասարանցիներին ասել էր, որ չի ուզում պարապմունքի գնալ»: Տնօրենին հարցրինք՝ չի՞ վախենում, որ նշված պատահարի պատճառով այսուհետեւ աշակերտները կխուսափեն թիվ 10 ավագ դպրոց հաճախել, պարոն Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Ախր ես 20-ից ավելի տարի աշխատում եմ դպրոցում, միշտ ուշադիր եմ եղել, այսուհետեւ ավելի ուշադիր կլինեմ… Ինձ համար սա անսպասելի էր»: Տնօրենը նշեց, որ այժմ ինքն ու դպրոցի ուսուցիչները պարբերաբար այցելում են քննիչներին, իսկ դասերի սկսելուն պես քննիչները գալու են դպրոց՝ զրուցելու աշակերտների հետ:
Գուրգեն Հարությունյանն ապրում էր բազմանդամ ընտանիքում՝ 3 քույրերի եւ ծնողների հետ: Նա ընտանիքի կրտսեր զավակն էր: «Առավոտի» հետ զրույցում 15-ամյա պատանու մայրը՝ տիկին Մարիամը, ժխտեց տարածված այն տեսակետը, թե Գուրգենը ինքնասպանության է դիմել անգլերենի պարապմունքներից զզված: Նա նշեց. «Ընդամենը 3-4 պարապմունք էր գնացել, դժվարանում էր, բայց քույրերն օգնում էին: Այդ օրը նա լրիվ չէր կատարել տնային առաջադրանքները, դրա համար չէր ուզում պարապմունքի գնալ, ասացի՝ ուսուցչուհու հետ խոսել եմ, կարող է գնալ, քանի որ նոր թեմա պիտի բացատրեր: Որդուս հետ կատարվածը անգլերենի հետ բոլորովին կապ չունի: Ինձ համար որդուս արարքը անհասկանալի է: Երեխայիս մեջ ոչ մի փոփոխություն այդ օրերին չեմ տեսել… Եվ հետո բոլորի ընտանիքներում էլ սովորելու հետ կապված խնդիրներ լինում են, նույնիսկ ծեծուջարդ, բայց ոչ մի երեխա նման քայլի չի դիմել»: Տիկին Մարիամը հավելեց. «Որդուս հետ կատարված դժբախտության օրը հայրս վատ էր զգում, ընտանիքով որոշեցինք գնալ տեսակցության: Սակայն Գուրգենը չէր եկել, դուստրերս ասացին, որ չի ուզում պարապմունքի գնալ, զանգեցի ասացի՝ ինչո՞ւ չես գնացել… Հետո երբ երեկոյան եկանք տուն, տեսանք տան դուռը ներսից փակ է, լույսերը միացրած: Պատուհանից մտանք ներս եւ տեսանք կատարվածը: Մինչեւ հիմա տղայիս վարվելակերպը ինձ համար մեծ հարցական է…»:
ԵՊՀ պրոֆեսոր, մանկավարժահոգեբանական ակադեմիայի իսկական անդամ Էլդա Գրինն էլ պատանիների ինքնասպանության դեպքերի մասին ասաց. «Սա լուրջ ահազանգ է դպրոցներին: Պետք է ուշադրություն դարձնել դպրոցներում տիրող մթնոլորտին, շտկել օգտագործվող մեթոդները, որ նման ողբերգական հետեւանքներ չլինեն: Ամենակարեւորն այն է, որ ուսուցիչը հասկանա՝ ինչի համար է գնացել դպրոց եւ նրանից ինչ է սպասվում… Իմ տպավորությամբ, ուսուցիչների զգալի մասը նայում է դպրոցին՝ զուտ որպես ապրելու միջոցի: Այնինչ՝ դպրոցում պիտի լինի հոգեբան, ունենա անհատական հանդիպումներ ուսուցիչների հետ, մյուս կողմից էլ տնօրենները պիտի ստեղծեն առողջ կոլեկտիվ: Ես մի քանի տնօրեններ գիտեմ, որոնք անձամբ նպաստում են դպրոցում անառողջ մթնոլորտի ստեղծմանը, ինչը բացասաբար է անդրադառնում աշակերտների հավասարակշռության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել