Խոստովանում են թիվ 68 դպրոցի նախկին ուսուցիչները
«Առավոտը» քանիցս անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 68 դպրոցի խնդրին, որտեղ մեր հրապարակումից հետո կրթության տեսչությունն արդեն ստուգումներ է սկսել: Ըստ խմբագրություն եկած դպրոցի նախկին աշխատակիցների, ամեն տարի ուսուցիչները «մուծվել» են՝ $500, ուսմասվարները $1000-ական: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին թիվ 68-ի արդեն նախկին մանկավարժներ՝ դասվար Ռոզա Աբրահամյանը, կենսաբանության ուսուցչուհի Արմինե Ավագյանն ու նախկին ուսմասվար, մաթեմատիկայի ուսուցչուհի Շողիկ Բաղրամյանը: Իսկ քանի որ դպրոցի մեկ այլ նախկին աշխատակցի՝ ռուսերենի ուսուցչուհի Նինա Սողոյանի ամուսինը պաշտոնյա է, տնօրենը նրանից գումար չի ուզել, այլ խորհուրդ է տվել հարցերը այլ մեթոդներով լուծել, բայց էլի ազատել է աշխատանքից:
Ուսուցիչները մտահոգված են նաեւ նրանով, որ տնօրենի ամուսին Գագոն մեկ անգամ չէ, որ սպառնացել է ե՛ւ աշխատանքից նոր ազատվածներին, ե՛ւ նախկիններին (այս մասին հրապարակում «Առավոտում» արդեն եղել է՝ 22.10.2010): Ի դեպ, հոկտեմբերի 26-ին էլի ինչ-որ մեկը զանգել էր Շողիկ Բաղրամյանին, ներկայացել որպես կրթության տեսչության աշխատակից ու պահանջել, որ դպրոց գա: Սակայն տիկին Շողիկը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի միջոցով պարզել էր, որ տեսչությունից ոչ մի զանգ էլ չի եղել: Մնում է ենթադրել, որ սպառնալիքներով աշխատող տնօրենի մատն է «խառը» այս պատմության մեջ:
Դասվար Ռոզա Աբրահամյանը թիվ 68 դպրոցում աշխատել է 42 տարի: Նրա սաներն արդեն հասել էին 4-րդ դասարան եւ մեկ տարի էր մնում, որ դասվարը դասարանը հանձներ, սակայն տնօրեն Ս. Ազիզյանը որոշել է նրան ազատել աշխատանքից՝ պատճառաբանելով, թե թոշակառու է: «Նա մի քանի տեղ էլ ասել է, որ իմ դասարանը փակվել է, դրա համար է ինձ ազատել աշխատանքից, բայց իմ դասարանում 28 աշակերտ կար, այդ մյուս դասարանն է փակվել, որտեղ 14 աշակերտ էր, այդ դասարանի դասվարին է տվել իմ դասարանը»,- պատմում էր Ռ. Աբրահամյանը: Նրա խոսքերով, տնօրենը իրեն մեկ այլ առաջարկ է արել. «Նա ասաց, որ ինձ կտա երկարօրյան: Եթե թոշակառուն իրավունք չունի դասարանում աշխատելու, ինչո՞ւ պետք է երկարօրյայում աշխատի: Ես որպես դասվար ստանում էի 76 հազար դրամ, իսկ որպես երկարօրյայի աշխատակից՝ ինձ առաջարկում էր 40 հազար դրամ աշխատավարձ: Ամուսին չունեմ, ինձ ձեռք չէր տալիս եւ հրաժարվեցի: Տնօրենը ասում էր, որ այդ աշխատանքում մնալու համար իրեն վճարեմ $500: Ասաց, որ կարող եմ դրամով էլ տալ: Ընկերուհուցս վերցրի 180 հազար դրամ ու իրեն տվեցի: Այդքանից հետո էլ ասաց, որ կես դրույքով եմ աշխատելու՝ երկարօրյայում: Հրաժարվեցի ու հետ պահանջեցի գումարը, նա էլ տվեց»,- հիշում է Ռ. Աբրահամյանը:
Իսկ ուսմասվար Շողիկ Բաղրամյանը ստիպված է եղել վճարել $1000: «Մի տարի վճարեցի, հաջորդ տարին չկարողացա տալ, նա էլ ինձ ազատեց աշխատանքից: Ամեն ամառ պետք է այդ գումարը տայի: Մենք շատ փաստեր ունենք, որոնց մասին դեռ չենք բարձրաձայնում, որովհետեւ մեր անվտանգությունն ապահովված չէ: Մտածում ենք, որ տնօրենի ամուսինը, ինչպես նախկինում սպառնացել է դպրոցում քարտուղարուհի աշխատող Արմինե Խանամիրյանին, այնպես էլ կարող է մեզ սպառնալ: Քարտուղարուհուն ասել էր, որ նրա աղջիկները կարող են տնից դուրս գալ եւ այլեւս չվերադառնալ: Դա 3 տարի առաջ էր: Մեկ աշխատակից էլ ունենք, որ պատահական ավտովթարներից հազիվ է փրկվել եւ դրանից հետո դիմել է Ազգային անվտանգությանը: Այդ Գագոն ինձ էլ է զանգել եւ ասել, որ ես իրավունք չունեմ իր կնոջը վատաբանելու»,- ներկայացնում է Շ. Բաղրամյանը:
Ռուսերենի ուսուցչուհի Նինա Սողոյանից տնօրենը գումար չի վերցրել, բայց էլի ազատել է աշխատանքից. երբ ուսուցչուհին փորձել է պարզել, թե ինչն է պատճառը, տնօրենը ասել է՝ թերծանրաբեռնվածությունը: Ուսուցչուհին փորձել է անձնական ծանոթությունների միջոցով հարցին լուծում տալ եւ վերականգնվել աշխատանքում, սակայն դա էլ չի օգնել. «Մեր ծանոթը զանգել էր տնօրենին, նա էլ ասել էր, որ ինձ վրա բողոք կա՝ երեխաների ծնողներն են բողոքել եւ դրա համար եմ ազատվել: Երբ իրենից պահանջեցի այդ բողոքը, ասացի, որ դատարան կդիմեմ, խոստովանեց, որ ոչ մի բողոք էլ չկա: Դրանից հետո խորհուրդ տվեց իմ հարցերը այլ մեթոդներով լուծել: Ես դիմել եմ Երեւանի քաղաքապետարան, բայց մինչեւ հիմա պատասխան չեմ ստացել: Քաղաքապետարանից նամակս ուղարկել են դպրոց, տնօրենն էլ զանգել էր ինձ եւ հարցնում էր, թե ինչ գրի, ես էլ պատասխանեցի՝ ինչ ուզում է: Չեմ զարմանա, որ վատ բաներ գրած լինի»:
Խմբագրություն այցելած ուսուցիչները այլ դժգոհություններ էլ ունեին: Ըստ Շ. Բաղրամյանի, ինչքան գրագետ ուսուցիչներ կան թիվ 68 դպրոցում՝ տնօրենը բոլորից ազատվում է. «Մնացածներն էլ անգրագիտության պատճառով կախման մեջ են տնօրենից: Նրանց իր տունը մաքրել է տալիս, լվացքն են անում: Օրինակ՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Ալետա Հովհաննիսյանը կրճատ բազմապատկման աղյուսակը սխալ է կազմում, բայց այդ ուսուցչուհին 10-11-րդ դասարաններում դաս էր տալիս, այս տարվանից էլ 9-րդում է: Դպրոցում աշխատում է մաթեմատիկայի ուսուցիչ Հրաչյա Հակոբյանը, որը մշտական ուսմասվար է, որովհետեւ դպրոցի անցուդարձի մասին տեղեկություններ է տալիս տնօրենին: Նա դպրոց է մտել միայն նրա համար, որպեսզի երեխաներ հավաքի ու բուհ ընդունվելու համար նրանց հետ պարապի: Որպես փոխտնօրեն՝ ոչինչ չի անում, միայն դասացուցակ է կազմում»: Ն. Սողոյանն էլ ասում էր, որ չնայած վերոհիշյալ պատմություններին, տնօրեն Ս. Ազիզյանն օրերս զանգել է իրեն եւ կանչել դպրոց. «Որ գնամ, մատյանները լրացնեմ: Ես մինչեւ սեպտեմբերի 15-ն եմ աշխատել, այդ ժամանակ դեռ մատյաններ չկային դպրոցում, ինչո՞ւ աշխատանքից ազատված մարդը պետք է հետո գնա եւ մատյան լրացնի եւ գնահատի»: Արմինե Ավագյանն էլ ասաց, որ ինքն էլ է մինչեւ սեպտեմբերի 15-ն աշխատել, սակայն տնօրենն իրենց չի կանչել մատյան լրացնելու:
Ի դեպ, խմբագրություն այցելած ուսուցիչները հրաժարվեցին հոդվածի համար լուսանկարվել, ասելով՝ ամաչում են, որ իրենց տնօրենի կամակորություններին ընդառաջ են գնացել: Ինչ վերաբերում է տնօրեն Ս. Ազիզյանին, նրա հետ այս անգամ չկապվեցինք՝ համապատասխան մեկնաբանություն ստանալու համար, որովհետեւ մշտապես կրկնում է, թե իր նախկին աշխատակիցների ասածները իրականությանը չեն համապատասխանում: