Բագրատաշենի մաքսակետով Վրաստան ելումուտ անողները դժգոհում են այն նեղվածքից, որ առկա է այդ տարածքում: Մաքսակետի մոտ կառուցված զանազան օբյեկտների պատճառով դժվար է մեքենաների շարժը, մաքսային սպասարկումը: Ճանապարհի նեղ լինելու հետեւանքով հարեւան հանրապետություն մտնող եւ այնտեղից ժամանող մեքենաները մեկական շարասյուն են կազմում, ժամերով հերթեր են լինում: Խնդիրն առավել սրվում է ամռան ամիսներին, երբ Հայաստանի հազարավոր բնակիչներ Վրաստան՝ Սեւ ծովի ափ հանգստանալու են մեկնում: Վրաստանի տարածքում պատկերն այլ է: Սադախլոյի մաքսակետ մտնող եւ ելնող մեքենաները երկուական շարասյուն են կազմում, չհաշված պահեստային գծերը: Սադախլոյի մաքսակետում սպասարկումը հաշված րոպեներ է տեւում: Այդտեղ տարածքն ազատ է՝ առանց տարբեր «օբյեկտների»:
Երեւանի տարբեր հատվածներում հանրային գերակա շահի պատճառաբանությամբ կառուցապատում նախաձեռնած մեր իշխանությունները կընդունե՞ն, որ հատկապես Բագրատաշենի մաքսակետում պետք է գործի հանրային, նաեւ՝ պետական գերակա շահը եւ հանրապետության սահմանն ու մաքսակետը մաքրվեն կողմնակի «սպասարկող» օբյեկտներից: Բայց երբ հիշում ես, որ այդ օբյեկտների տերերը մաքսայինի ղեկավարներն են ու պետական բարձր պաշտոնյաներ, լավատեսության հիմք չի մնում: