Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական մասնաշենքի ճակատագրին բազմիցս ենք անդրադարձել՝ Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունը պատրաստ է հիմնանորոգել անմխիթար վիճակում գտնվող շենքը, եթե այն հանձնվի համայնքին: ՀՀ իշխանությունները չեն խոստանում շենքը համայնքին հանձնել: Վերջերս ՀՀ առողջապահության նախարարությունից Կապանի քաղաքապետի նամակին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2011թ.-ին Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի երկրորդ փուլի հավելյալ ֆինանսավորման շրջանակում նախատեսվում է ներդրումներ իրականացնել Կապանի բժշկական կենտրոնում՝ մասնավորապես իրականացնել բժշկական կենտրոնի վերանորոգման, նորագույն սարքավորումներով եւ գույքով հագեցման աշխատանքներ: «Բազմիցս է քննարկվել ծննդատան մասնաշենքի հետագա տնօրինման հարցը: Տեղեկացնում ենք, որ բժշկական կենտրոնի վերանորոգման, ճարտարապետանախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների ընթացքում միայն վերջնականապես պարզ կդառնա, թե ինչպիսին պետք է լինի ապագա բժշկական կենտրոնի կողմից մատուցվող հիվանդանոցային ծառայությունների օպտիմալ տեղակայումը: Վերոհիշյալից ելնելով՝ առողջապահության նախարարությունը նպատակահարմար չի գտնում վերջնական լուծում տալ քննարկվող հարցին, մինչեւ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում նախատեսվող ճարտարապետական նախագծման աշխատանքների ավարտը»,- ասվում է առողջապահության նախարարության նամակում:
Հիշեցնենք, որ ծննդատան հարցով ՀՀ առողջապահության նախարարին պետք է հանդիպեր նաեւ Երեւանում գտնվող Գլենդել-Կապան քույր քաղաքների միության պատվիրակությունը, սակայն հանդիպումը չկայացավ: «Դժբախտաբար՝ մեզ այդպես էլ չհաջողվեց հանդիպել առողջապահության նախարարին, վաղն էլ պետք է վերադառնանք Գլենդել: Այնտեղ վարչությունում հարցը կքննարկենք: Մենք նախապես Կապանի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հանձն էինք առել ծննդատան մասնաշենքի երրորդ հարկը հիմնանորոգել, եթե շենքը հանձնվի համայնքին: Սակայն այս անորոշ վիճակում հստակ քայլեր չենք ձեռնարկի: Եթե համայնքին հանձնվի մասնաշենքը, ապա մեր հանձն առած աշխատանքները լիովին կիրականացնենք, եթե ոչ՝ ապա, ամենայն հավանականությամբ, հանգանակված գումարները կնպատակաուղղենք Կապանի գյուղերում առողջապահական համակարգերի բարելավմանը»,- «Առավոտին» տեղեկացրեց Գլենդել-Կապան քույր քաղաքների միության հիմնադիր նախագահ Արթին Մանուկյանը: