Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԻԼԻԶԱՆ ԱՄԱՅԱՆՈՒՄ Է

Հոկտեմբեր 28,2010 00:00

\"\"Չհստակեցված սահմանի, հարեւանների քմահաճույքների եւ ոտնձգությունների արդյունքում գյուղացին հող մշակելու համար պետական սահման է հատում,
գյուղապետն էլ ուրախ է, որ մենք խելոք ժողովուրդ ենք:

\"\"Լոռու մարզի՝ հայ-վրացական սահմանին մերձ Ջիլիզա (Ջիլիզ՝ հեռու կամ ամենահեռու) գյուղի հողատարածքները անմշակ չթողնելու համար անհրաժեշտ է օրը 2 անգամ սահման հատել: Բնակիչները ոչ մի կուլտուրա էլ չեն ցանում, դաշտերը խոտհարք են օգտագործում, որ հարմար ժամանակ ոտքով գնան-գան: Մեքենայի ճանապարհ ունենալու համար դիմել են ՀՀ կառավարությանը եւ հույս ունեն մոտ ապագայում լուծված տեսնել այդ հարցը: 1995-96 թվականներից Ջիլիզայի համայնքապետ, հանրապետական Մհեր Վարդանյանի խոսքով, գյուղը սահմանամերձ եւ բարձրադիր գոտում է ու պետության ուշադրության կենտրոնում: Վերջերս կառավարության հատկացրած 158 միլիոն դրամով հիմնանորոգվել է գյուղ տանող ճանապարհը, իսկ շուրջօրյա ջրամատակարարում ունենալու համար Լալվարի փեշերից խողովակներով ջուր է բերվել գյուղ: Վրաստանի Հանրապետության կամայականություններից գյուղացիները միայն այս տարվա սկզբից են ձերբազատվել՝ հայրենի երկրի հոսանքն են օգտագործում: «Ըստ տրամադրության էին հոսանք տալիս, պատահում էր՝ ամիսներով լամպի ու մոմի լույսի տակ էինք անցկացնում, հատկապես դժվար էր ձմռանը»,- հիշում է համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանը:
Հիմա առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրը գյուղի գազիֆիկացումն է: Ջիլիզան գազ չի ունեցել նաեւ խորհրդային տարիներին: Տարածքի սոցիալապես անապահով, փոքրաթիվ բնակչությունը այս տարի էլ փայտով կտաքանա, անտառից թափուկներ դեռ հնարավոր է լինում բերել: Գյուղապետը վստահեցնում է, որ վերջին տարիներին ապօրինի հատումներ չեն լինում, անտառտնտեսությունը սանիտարական եւ խնամքի հատումներ է իրականացնում, որն էլ բնակիչներն օգտագործում են իրենց կարիքների համար: Փոքրաթիվ բնակչություն ունենալը այս դեպքում լավ է անտառի համար՝ շատ փայտ չի պահանջվում: Սակայն հենց բնակչության սակավությունը՝ ընդամենը 130 բնակիչ ունենալն է պատճառը, որ գազիֆիկացումը թանկարժեք ու ծախսատար է եւ դեռ երկար ժամանակ Ջիլիզայի բնակչության համար երազանք կմնա:
Համայնքի բնակչության գրեթե կեսը՝ 50-ը ծերեր են, 18-ը՝ դպրոցականներ, 6-ը՝ մանկահասակ երեխաներ, մնացածը՝ միջին տարիքի: Նրանց մի մասը արտագնա աշխատանքի է մեկնում եւ տարին մեկ անգամ հազիվ է հայրենիք վերադառնում:
Ջիլիզայի բնակչությունը տարեցտարի ծերանում է, դրանից էլ ծնվում են սոցիալական անապահով պայմանները: Ծերերը չեն կարողանում մշակել հողատարածքները՝ կարտոֆիլ ու հացահատիկ էլ ցանում են միայն իրենց ընտանիքի համար: Մշակաբույսեր չցանելուն նպաստում է նաեւ շուկայի բացակայությունը՝ համայնքը նախկին շրջկենտրոն Ալավերդի քաղաքից 30 կմ հեռու է. «Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար բավարար պայմաններ կան, նույնիսկ ոռոգման ջրի անհրաժեշտություն չկա, կլիման էլ է մեր կողմից, միայն աշխատուժ ու հայրենիքը սիրող մարդ է պետք»,- ասում է Մհեր Վարդանյանը:
Ու թեեւ «Առավոտը» եւ 2009-ին, եւ 2010-ին բազմիցս տեղեկացրել է, որ վրացիները պարբերաբար ներխուժում են Հայաստանի Շիրակի մարզի Բավրա, Լոռու մարզի Ջիլիզա եւ Տավուշի Դեբեդավան ու Դեղձավան գյուղերի հարակից տարածքներ եւ, ըստ սեփական հայեցողության, որոշում, թե սահմանը որ հատվածում ինչպես է անցնում (26.08.2009՝ «Սահմանի հստակեցում վրացական ձեւով», 01.12.2009՝ «Ձերբակալվել է վրացիների պահանջով», 19.05.2010՝ «Վրացիները հավակնում են Դեբեդավանի 10 հեկտարին»), Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը վստահեցնում է, որ սահմանի հետ կապված խնդիր չկա, նույնիսկ սահմանն անցած անասուններին են հետ տալիս, բայց գյուղը պահելու խնդիր ունեն: Գյուղի բնակչության ծերացմանն ու մահացության աճին գումարվում է տարեցտարի աճող արտագաղթը: Համայնքապետը սա վտանգավոր է համարում, քանի որ գյուղը դատարկվում է. «Բնության օրենքի դեմն առնել չենք կարող, բայց արտագաղթի դեմը մի կերպ պետք է կանխել, որ մի օր գյուղը չդատարկվի»:
Ջիլիզայում նշագծված սահման չկա, ժամանակին սահմանը անտառով էր որոշվում, հիմա կտրվ ած անտառի հետ սահմանի ճշտման հարց է առաջացել, որը հարցականի տակ է դնում համայնքի միակ, կիսաքանդ, Խորակերտ անունը կրող եկեղեցու պատկանելության հարցը: Եկեղեցին որքանո՞վ կօգնի սահմանի նշագծմանը՝ համայնքապետը դժվարանում է ասել. «Կիսաքանդ եկեղեցի է, խորհրդային տարիներին էլ շատ բան է փոխվել, ինձ թվում է՝ սահմանի փոփոխությունն էլ այդ տարիներին է սկսվել»:
Գյուղապետի կարծիքով, սահմանի ճշգրտման հարցում ինքն անելիք չունի, ուղղակի պետք է սպասել եւ տուրք չտալ վրացական կողմի անհարկի ոտնձգություններին. «Մենք խելոք ժողովուրդ ենք, էդ խելոքությունը մինչեւ հիմա մեզ օգնել է, չարժե, որ մենք էլ իրենց նման պատասխանենք, դա պետության գործն է, բայց մինչեւ սահմանը չգծեն, եկեղեցի չենք կարող վերանորոգել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել