Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինքնաբերաբար» դառնում են համատիրության անդամ

Հոկտեմբեր 28,2010 00:00

«Արեգ» համատիրությունը քաղաքացուց անհիմն գումար կորզելու նպատակով հայց է ներկայացրել դատարան:   

Արաբկիր վարչական շրջանի «Արեգ» համատիրությունը դատական հայց է ներկայացրել Մամիկոնյանց 54/1 շենքի 31 բնակարանի բնակիչ Արտավազդ Մուրադյանի հանդեպ: Հայցը վարույթ է ընդունել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Պատասխանող Ա. Մուրադյանն առարկում է համատիրության հայցադիմումը եւ փաստում, որ ապօրինի է իրենից 28 368 ՀՀ դրամ պահանջելը: Հայցվոր կողմը հայցի իրավական հիմք է ընդունել «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի ա կետը, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետը եւ ՀՀ քաղօրի 345 եւ 348 հոդվածները, որոնք բացառապես վերաբերում են համատիրության անդամի պարտականություններին՝ ուղված պարտադիր նորմերի կատարման ծախսերին, տուրքերին, հարկերին եւ այլն: «Արեգ» համատիրությունը դատարանին է ներկայացրել նաեւ պարտադիր նորմերին վերաբերող ծախսերի եւ աղբահանության գումարները չվճարելուց գոյացած հաշվարկ, որը սկսվում է համատիրության կազմավորումից սկսած՝ 2003 թվականից, ներառյալ 2009 թվականը:
Պատասխանող կողմի պնդմամբ դրանք չեն կարող կիրառվել իր նկատմամբ, քանի որ պետական ռեգիստրում գրանցված համատիրությունն իր ծավալած գործունեությամբ խախտել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգը: Որպես վկայություն ասվածի՝ պատասխանող կողմը բերում է հետեւյալ հակափաստարկները. «Ես չեմ հանդիսանում համատիրության անդամ, քանի որ հայցվորի հետ չունեմ ոչ մի տեսակի պայմանագիր, նրան չեմ ներկայացրել դիմում՝ համատիրությանն անդամագրվելու վերաբերյալ»: «Համատիրության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերում նշվում է, որ համատիրությունը բնակչի հետ նախեւառաջ պետք է որոշակի պայմանագրեր կնքի պարտավորությունների մասով, որը այս պարագայում բացակայում է, հետեւաբար, ըստ Ա. Մուրադյանի՝ «ես «Արեգ» համատիրության նկատմամբ ոչ մի պարտավորություն չեմ ստանձնել, պարտավորությունները, ըստ քաղօրի, ծագում են պայմանագրից»:
«Առավոտին» դիմած քաղաքացին հավելեց, որ պայմանագրի բացակայության պայմաններում, այնուամենայնիվ, կատարել է աղբահանության, ավտոտնակի զբաղեցրած տարածքի համար նախատեսված վճարումները՝ գնահատելով «Արեգ»-ի մատուցած ծառայությունները: Ա. Մուրադյանի պնդմամբ՝ հենց համատիրությունն է խախտում «Բազմաբնակարան շենքերի կառավարման» մասին ՀՀ օրենքի պահանջը. «Կոնկրետ մեր շենքում պարտադիր նորմերը չեն կատարվում, եւ գույքի պահպանում չի իրականացվում: Միայն համատիրության վարչության նիստում որոշումներ են կայացվել համատիրության անդամների փայավճարների չափի եւ պարտադիր նորմերի սակագների մասին: Ամեն ամիս այդ գումարները ավելանում են, իսկ աշխատանքներ, ըստ էության, չեն կատարվում»: Հիշեցնենք, որ պարտադիր նորմերը սահմանել է կառավարությունը՝ ներառելով հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման եւ այլ միջոցառումներ:
Պատասխանող կողմի ներկայացմամբ՝ համատիրության նախագահ Ա. Մովսեսյանը, խախտելով տեղեկություններ ստանալու համատիրության գործունեության վերաբերյալ օրենքը, անտեսել է իր հետեւյալ պահանջը. «Եթե ես «ինքնաբերաբար» ընդգրկվել եմ համատիրության կազմի մեջ, ապա պատրաստ եմ վճարել, եթե ինձ տրամադրվի կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն»: Ավելին՝ «Իմ անվամբ անհիմն կուտակված պարտքի ցանկը ցույց տալուց հետո համատիրության աշխատակիցը ինձ հրամցրեց ստորագրելու նախապես համատիրության նախագահի կողմից ստորագրված պայմանագիր՝ համատիրությանն անդամագրվելու վերաբերյալ: Ստացվում է այնպես, որ առանց պայմանագրի ես պարտավորություններ եմ ստանձնել, որոնց բռնագանձման համար հայցվորը դիմել է դատարան, հետո միայն շնորհ արել ինձ հետ պայմանագիր կնքել: Երբեւէ չեմ էլ մասնակցել համատիրության կառավարման գործերին, տեղեկություն չեմ ստացել նրանց կատարած գործունեության մասին»,- ասաց Ա. Մուրադյանը:
«Առավոտի» հետ զրույցում «Արեգ» համատիրության լիազոր ներկայացուցիչ Լյովա Աղբալյանը պարզաբանեց հետեւյալը. «Ոչ ոքի հարկադրանքով համատիրության անդամ չեն դարձնում: Ըստ «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքի, պարտադիր չէ, որ շենքի բոլոր բնակիչները լինեն համատիրության անդամ: Եթե պատասխանողը համատիրության անդամ չէ, ապա բազմաբնակարան շենքի բնակիչ է եւ ունի որոշակի պարտավորություններ պարտադիր նորմերը կատարելու հարցում: Այժմ դատարանում հայց է քննվում, եթե հիմնավոր չլինի, կմերժեն: Մեկ տարի առաջ ներկայացրել ենք իր պարտավորությունները, թող այս ընթացքում գար եւ նայեինք իր պահանջները»:
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 4-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ա. Հունանյանի նախագահությամբ կսկսվի «սոցիալական բովանդակությամբ» այս դատավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել