Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ՝ ԱՅԼ ԴԻԱԿ

Հոկտեմբեր 28,2010 00:00

«Առավոտը» շարունակում է հետաքննությունը

\"\"

\"\"«Առավոտը» քանիցս անդրադարձել է («Ո՞ւր է իմ հանգուցյալ հոր աճյունը», 03.08.2010, «Ես կորցրել եմ ոչ թե հեռախոս, այլ՝ հորս աճյունը», 17.08.2010, «Բերմուդյան եռանկյունի կամ գորբաչովյան պատասխան», 14.10.2010թ.) Նուբարաշենի գերեզմանատանը 19 տարի առաջ ամփոփված Հայրենական պատերազմի վետերան Հովհաննես Չիթիրյանի գերեզմանը՝ այլ սգակիր ընտանիքի տրամադրելու պատմությանը: Հրապարակումներից հետո բազմաթիվ հեռախոսային զանգեր ենք ստացել, այդ թվում՝  սպառնալից՝ խոստանում էին անգամ քրեական գործ հարուցել տողերիս հեղինակի դեմ, դատի տալ: Պատճառն այն էր, որ հրապարակել էինք հանգուցյալ Հովհաննես Չիթիրյանի որդու հաղորդումն այն մասին, որ այս տարվա հուլիսի 12-ին, այցելելով հոր շիրիմին, տեսել էր մեկ այլ \"\"շիրմաքար իրենց գերեզմանում:
«Բնակչության հատուկ սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը «ծանրակշիռ» թուղթ էր ուղարկել, որով հայտնել էր. «Մեր աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննություն, մետաղյա ձողով, արդյունքում պարզվել է, որ նշված տարածքում հուղարկավորված է մեկ հանգուցյալ՝ Գրիգոր Խաչատրյանը, որը հուղարկավորվել է 2009թ., տարածքը ցանկապատված է քարով, տեղադրված է տապանաքար եւ հուշաքար՝ նկարով» (27.07.2010 թ., թիվ 166 գրությամբ):
Երեկ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հետաքննիչ Եղիշ Եղյանի գլխավորությամբ բացվեց Գրիգոր Խաչատրյանի գերեզմանը: Վերջինիս հարազատները գերեզմանատեղին դեռ չփորված ասում էին, որ վստահ են, թե այլ աճյուն չկա, որ գերեզմանն իրենցն է եւ դատի են տալու Չիթիրյանին՝ իրենց պատճառած ապրումների համար: Իր հերթին իր հոր աճյունը փնտրող, իր հոր գերեզմանն անարգելու համար ոստիկանությունում հաղորդում տված Ա. Չիթիրյանը նկարագրեց, որ հորը թաղել է թեքությամբ, արեւի ուղղությամբ: Գերեզմանափորները փորեցին 1 մետրից ավելի: Հայտնաբերվեց դագաղը, վաղեմության հետքերով, փայտը տեղ-տեղ փտած:
Աշոտ Չիթիրյանը սկսեց լաց լինել, իսկ Գ. Խաչատրյանի քույրը տեղում պահանջում էր, որպեսզի բացեն դագաղը: Սակայն մի բան պարզ էր, որ Գ. Խաչատրյանը ամփոփվել է այլ հանգուցյալի առկայությամբ: Գերեզմանատան աշխատակից պարոն Գաբրիելը, չգիտես ինչու, սկսեց ներողություն խնդրել ինձնից. մինչ այդ հավատացնում էր, որ Աշոտ Չիթիրյանը սխալվել է՝ հոր աճյունը նշված վայրում փնտրելով:
«Առավոտի» տեսախցիկը լուսանկարել է ցանկացած դրվագ:
Ակնհայտ է, որ գործ ունենք հանցագործության հետ:
Այսքանից հետո պետք է հարուցվի քրեական գործ՝ ոչ միայն Հովհաննես Չիթիրյանի գերեզմանն անարգելու, այլեւ…այն հոգեկան ապրումների համար, որոնք պատճառվել են կողմերից յուրաքանչյուրին: Ակնհայտ է, որ այս դեպքում տուժող են երկու կողմերն էլ: Կողմերից մեկը պետք է վերահուղարկավորի իր հանգուցյալին: Ո՞վ է մեղավորը՝  կպարզվի քրեական գործի շրջանակներում:

Հ. Գ. Ի դեպ, երեկ հանգուցյալ Հովհաննես Չիթիրյանի ծննդյան օրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել