Շիրակի մարզի Գյումրիում էլ «Փեթակ» շուկա կա, որը, ի տարբերություն մայրաքաղաքի համանուն տոնավաճառի, մթերքի շուկա է: Նրանք, ովքեր եղել են «Փեթակ» տոնավաճառում եւ գիտեն, թե ինչ հակահիգիենիկ պայմաններում են այնտեղ սննդամթերքը, հագուստը, մաքրության միջոցներն ու պարսկական ապրանքներն իրար կողք-կողքի վաճառում, կպատկերացնեն, թե ինչ վիճակ է Գյումրիի «Փեթակում»: Դեռ օրը չբացված՝ Գյումրիի Մանուշյան փողոցի այդ հատվածում աղբն այնպես է կուտակված լինում, որ այդտեղով անցնել չի լինում: Փչացած մթերքի հոտն իրեն է ձգում տարբեր կենդանիների՝ թափառող շներից մինչեւ առնետներ։ Շուկայի առեւտրականները, որոնք մթերքը վաճառում են հենց աղբի կողքին, արդեն այնքան են հարմարվել այդ պայմաններին, որ ոչ մի արտառոց բան չեն տեսնում շուրջը թափված աղբակույտի մեջ։ Կանաչի ու միրգ վաճառող առեւտրականներից մեկի խոսքերով՝ «Մի ժամվա մեջ ո՞նց կարող է աղբի հոտը կպչի մթերքին»: Իսկ երբ հարցրինք, թե ինչո՞ւ են աղբը լցնում փողոցում, պատասխանեցին. «Բոլորն էլ լցնում են, ինչի՞ ես չլցնեմ»: Շուկայի փոխտնօրեն Վարդան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց. «Այդ աղբը մենք չենք թափել, մենք դրա հետ կապ չունենք: Օրերով աղբը կուտակվում է, ոչ մեկը տեր չի լինում»: Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Գեւորգ Մանուկյանի պարզաբանմամբ՝ «Այդ տարածքում աղբ թափողներին միշտ էլ զգուշացրել ենք, բայց էլի նույն բանը շարունակվում է, բերում-լցնում են: Տարածքում աղբարկղեր են տեղադրված, որոնց աղբը տեղափոխվում է ոչ միայն առավոտյան, այլեւ օրվա երկրորդ կեսին, բայց շատերը հենց փողոցում են լցնում աղբը»: