Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչին ստիպում են կրկնակի վճարել

Հոկտեմբեր 28,2010 00:00

\"\"Մեղավորը «ՀայՌուսգազարդի» աշխատակիցն է

Երեւանի Սայաթ-Նովա 20 հասցեի թոշակառու բնակիչ Ռազմիկ Պետրոսյանն արդեն 3 տարի  օր ու արեւ չի տեսնում: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, որ դեռ 2007-ին որոշել է իր բնակարանը գազիֆիկացնել. «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչը՝ Ալիկ անունով ինժեները եկավ մեր տուն, չափագրեց, հատակագիծը կազմեց ու ամեն ինչ կարգ ու կանոնով սարքեց, գնաց: Ես էլ վճարեցի համապատասխան վճարումները՝ մոտ 40 հազար դրամի կարգի: Այդ չարաբաստիկ օրվանից՝ ես ընկա քաշքշուկների մեջ: Անցավ մի որոշ ժամանակ, եկան ստուգելու ու արդյունքում մեկ էլ, հո՛պ, ակտավորեցին, հարցրի՝ ի՞նչ է եղել, ասաց, թե սխալ է խողովակներն անցկացվել ու իրավունք չունենք այս ձեւով գազ օգտագործել, որովհետեւ հրդեհի ու պայթյունի մեծ վտանգ կա: Հանում եմ թղթերը, ցույց տալիս իրենց աշխատակցի՝ Ալիկի անունը, ասում են՝ թե սա նախկին աշխատող է, մենք իր հետ գործ չունենք: Չեմ հասկանում՝ աշխատակիցը փոխվում է, հո՞ հիմնարկն էլ չի փոխվում»: Նրա պատմելով, ամեն ամիս տեսուչները գալիս են ու սպառնում, որ գազը կանջատեն, նորից են ակտավորում ու հեռանում. «Հիմա էլ պահանջում են, որ 30 000 դրամ վճարեմ, որ գան, իրենց նախկին աշխատողի սխալներն ուղղեն: Որտեղի՞ց վճարեմ, միայնակ թոշակառու եմ, ապրում եմ կնոջս հետ, ոչ մի խնամող չունենք, թոշակի հույսին ապրող մարդիկ  ենք: Էն ժամանակ ուրիշից պարտք եմ արել, էսպես ասած, բերանիցս կտրել եմ, վճարել, որ գազ քաշենք, ումի՞ց  30 000  ճարեմ: Ամբողջ տանս եղած-չեղածը վաճառել ենք, որ գոյատեւենք: Հիմա հագիս շալվարը հանեմ-ծախե՞մ, որ տանեմ դրանց փող տամ»: Բնակիչն ասում է, որ հենց ցրտերն ընկնում են՝ այցերն ավելի են հաճախանում ու հին վեճերը նորից են թարմանում. «Մի օր տեսուչն եկավ ու սկսեց ճղճղալով սպառնալ, թե իրեն կարգադրել են, որ գազս անջատեն, սկսեցինք կռվել, էն ասում է՝ անջատելու եմ, ես ասում եմ՝ գնա ասա բնակիչը չի թողնում: Սրա վերջը չգիտեմ ոնց է լինելու»:
Այս առնչությամբ պարզաբանում խնդրեցինք «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, այնտեղի լրատվության բաժնից «Առավոտին» խոստացան պարզաբանում տալ առաջիկայում՝ խնդիրը մանրազնին ուսումնասիրելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել