Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ՍՈՎԱԾ ՄՆԱՑԵԼ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Որ սոված չմնան ու վարկի տոկոսները փակեն, Ազատանի բնակիչները հիմնականում մեկնում են արտագնա աշխատանքի

\"\"
Ազատանցիները այս ձմռանը նկուղներից հանելու են իրենց փայտի վառարանները:

\"\"
Հովհաննեսի մայրը որդուն «խոպան» է ուղարկել, որ իրենք «ծայրը ծայրին» հասցնեն:
«Իմ տղես արդեն քանի տարի ա գնում ա արտագնա աշխատանքի: Հիմա Լենինգրադ ա գնացել: Շինարարության վրա ա աշխատում՝ ուրիշի ձեռքի տակ: Կամպանիայով մնում են մի տեղ, որ գալիս ա՝ տոմսի փողը, ուտելիքի փողը հանում են, տակը մնում ա էնքան որ գոյատեւելու գումար: Շատ քիչ են վաստակում, բայց որ գյուղի հողի հույսին մնանք, չենք կարող ոչ վարել, ոչ ցանել, դրա համար էլ գնում ա: Առաջ տղես որ գնում էր, գումար բերում էր, հիմա չգիտենք՝ ոնց ա, ոչ փող ա ուղարկել, ոչ բան»,- մեզ հետ իրենց սոցիալական վիճակի մասին զրույցն այսպես սկսեց Շիրակի մարզի Ազատանի 70-ամյա բնակիչ Զենվել Բաթմախչյանը: Նրա որդին՝ Հովհաննես Բաթմախչյանը, արդեն 6 տարի  գնում է Ռուսաստանի Դաշնություն, որ գոնե փոքր ինչ թեթեւացնի իրենց ընտանիքի սոցիալական հոգսը, քանի որ այլեւս հողագործությամբ ու անասնապահությամբ անհնար է գյուղում գոյատեւել: Այս տարի Ազատանում բերքը լավ չի եղել: Անասնապահության համար էլ գյուղում համապատասխան արոտավայրեր չկան: Սա հաստատեց նաեւ Զ. Բաթմախչյանի կինը: Նրա ներկայացմամբ. «Այս տարվա ոչ մի բանն էլ արդարացված չի, արեւը վառեց ու բերքը լավ չտվեց: Աձրեւներ չկային, ջրեցին էլ՝ օգուտ չտվեց: Շատերի բերքը հոտել ա: Անցյալ տարի բերքը լավ էր, բայց մարդիկ ընկան տոկոսների տակ, բանկերից վարկ վերցրին ու մեծ մասամբ չկարողացան վերադարձնել, որովհետեւ կարտոլը շատ էժան էր, մինչեւ 20-30 դրամ էժանացավ: Այս տարի էլ կարտոլը թանկ է, բայց բերք չկա: Հիմա հեկտարից 10 տոննա չենք հանի: Մենք վարկ չենք վերցրել, տղաս գումար էր ուղարկում՝ յոլա էինք գնում»: Այն հարցին, թե բերքի վատ լինելը նաեւ ոռոգման ջրի խնդիրների՞ց է, նա պատասխանեց. «Ոռոգման ջուրը կա, հեկտարին 11 հազար դրամ մուծում ենք եւ ջրում ենք: Որ րոպեին ուզել՝ ջրել ենք, ուղղակի մեր տանջանքի համեմատ բերքը շատ վատ ա»:
Գյուղը գազիֆիկացված է, սակայն ազատանցի ամուսիններ Կարինեն եւ Ռուբիկը որոշել են այս տարի իրենց տունը ջեռուցել վառելափայտով: Մեր այցելության պահին իրենց տան դիմաց փայտ էր լցրած, դեռ չէին հասցրել տեղավորել: Կարինեի խոսքերով. «Գազը շատ է թանկացել: Փայտի 1 կուբամետրը գնել ենք 15 հազար դրամով, 7 կուբամետր ենք առել, գոմաղբ էլ ունենք, յոլա կտանի մինչեւ մայիս ամիս: Ամբողջ ձմեռվա համար փայտով ավելի էժան է նստելու, քան գազով»: Մենք նրանցից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են իրենց սոցիալական խնդիրները լուծում՝ գյուղի մնացած ընտանիքների նման՝ արտագնա աշխատանքո՞վ, թե՝ գյուղատնտեսություն վարելով են ապրում,  նա պատասխանեց. «Մեր ընտանիքից ոչ մեկն էլ խոպան չի գնացել: Մի տղա ունեմ, չեմ ուզում ուղարկեմ դուրս: Ամուսնացած է, 2 անչափահաս երեխա ունի: Մենք հողով ենք ապրում»: Նա պատմեց, որ փորձել են գյուղատնտեսական վարկով իրենց հողագործությունը զարգացնել, սակայն ընկել են կրակը. «Մի կերպ ենք պրծել այդ վարկերից, մինչեւ վերջին կոպեկը ծախսեցինք, էլ կարտոշկա, էլ հաց ծախեցինք, 2 տարի անհաց մնացինք, որ այդ վարկը փակենք: Ասում էին, որ օգնություն է դա ժողովրդին, բայց դա մեզ հեչ էլ օգնություն չէր: Որ սոված մեռնեմ էլ, վարկ չեմ վերցնի: Մենք լավ վախեցել ենք: Վերցրել էինք  $1000, մեծ էլ գումար չէր, բայց մի օգուտ էլ չտեսանք, որովհետեւ վերադարձրինք $1500»: Ռուբիկն էլ ավելացրեց. «Վարկը տալու համար ինձնից ավանդ ուզեցին: $100 տվեցի: Երբ փակեցինք վարկը, ինձ հետ տվեցին ընդամենը 30 հազար դրամ, այդտեղ էլ տուժեցինք, տոկոս էլ չտվեցին: Մեր գյուղում վարկերի հետ կապված շատերը խնդիր ունեն»:
Չնայած գյուղացիները տուժել են վարկ վերցնելով, բայց, ըստ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանի, այստեղի հողերը 100%-ով մշակվել են. «Մեր տարածաշրջանում միայն կարտոֆիլի ցանքատարածություններն են պակասել՝ գրեթե կիսով չափ, քանի որ անցյալ տարի նորմալ գներ չէր սահմանվել շուկայական հարաբերություններում: Կարտոֆիլի ցանքատարածություններում այս տարի ավելի շատ նախընտրել են ցանել հացահատիկային կուլտուրաներ՝ ցորեն եւ գարի»: Գյուղապետը հավաստիացնում էր, որ, ի տարբերություն այլ գյուղական համայնքների, Ազատանը բավականին լավ վիճակում է. «Մենք գյուղտեխնիկայի խնդիր բացարձակապես չունենք, միայն մի քիչ հացահատիկային կուլտուրաների մշակման ժամանակ կոմբայնների խնդիր է առաջանում, որոնք սեզոնին հարեւան համայնքներից բերում ենք: Մեր ազգաբնակչությունը շատ է՝ 5700 մարդ, դրա համար մեկ շնչին ընկնող հողի քանակը քիչ է, իսկ այդքան վար
 ելահողով  հնարավոր չէ ընտանիք պահել: Տարեցտարի հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվողները պակասում են: Եթե նախկինում 40-50%-ն էր անասնազուրկ, հիմա մոտավորապես 60-65%-ն է, քանի որ կաթը շատ էժան է շուկայում՝ 80-100 դրամ, անասունին կերակրելու խոտ էլ չկա մեզ մոտ: Այս խնդիրներն են պատճառը, որ տարեկան 400-500 ազատանցի տղամարդ գնում է արտագնա աշխատանքի, այդպես են տուն պահում, բայց մեծ գումարներ չեն աշխատում, եթե, ասենք, բրիգադիր չեն լինում: Բայց ասեմ նաեւ, որ արտագնա աշխատանքի գնացած մեր գյուղացիները կարողացել են անգամ համայնքին օգնել՝ ֆուտբոլի թիմ է ստեղծվել նրանց գումարներով, խմելու ջրագիծն է փոխվել»: Անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնածների կանանց՝ Վ. Իկիլիկյանն ասաց, որ նրանք 500 հեկտար հող են մշակում իրենց փոքր երեխաների հետ. «Մեր բնակիչները շատ աշխատասեր են: Ասում են, որ շատ ամուսնալուծությունների պատճառը արտագնա աշխատանքն է, բայց մեզ մոտ տենց բան չկա, մեկ դեպք է եղել միայն: Մեր տղամարդիկ միշտ վերադառնում են»:
Նշենք, որ Ազատանում ապրում են նաեւ եզդիներ, որոնց համար հայկական դպրոցում եզդիերեն դասաժամեր են լինում: Բացի նրանցից, գյուղում ապրում են նաեւ հայ կաթոլիկներ: Նրանք ունեն իրենց եկեղեցին: Գյուղապետը պատմեց, որ նախկինում ինչպես եզդիները, այնպես էլ հայ կաթոլիկները հայ առաքելականների հետ չեն ամուսնացրել իրենց աղջկան կամ տղային, իսկ հիմա նման բան չկա, բնակիչները քիչ-քիչ մերվում են իրար հետ:

Հ. Գ. Մեդիա-տուրը կազմակերպել էր «Միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիրը: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել