Ազգային ժողովը երեկ քննարկում էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքում եւ հարակից ավելի քան 10 օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որը միտված է հարկային մարմինների հետ էլեկտրոնային եղանակով աշխատելու մեթոդների կատարելագործմանը:
«ՀՀ-ում ավելի քան 140 հազար հարկ վճարողներ կան, որոնք հարկային մարմիններին են ներկայացնում զանազան հաշվարկներ, տեղեկանքներ, ամսական, եռամսյակային, տարեկան կտրվածքով հաշվետվություններ, եւ այդ հաշվետվությունները նրանք այսօրվա գործող օրենքով կարող են ներկայացնել ինչպես առձեռն՝ այցելելով հարկային մարմին, կարծում եմ, դրա դարն արդեն անցել է կամ անցնում է, այնպես էլ փոստով, ինչն այժմ տեղի է ունենում ՀՀ-ում»,- ըստ tert.am-ի՝ լրագրողների հետ զրույցում երեկ ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա ասել է, որ հարկային մարմիններ հաշվետվություններ ներկայացնելու էլեկտրոնային եղանակը նոր է ներդրվել, եւ եթե ընթացիկ տարվա սկզբին հարկային մարմինների հետ էլեկտրոնային եղանակով աշխատողներ գրեթե չկային, ապա այս սեպտեմբերի 1-ի դրությամբ 3100 հարկ վճարող իրենց հաշվետվություններն արդեն էլեկտրոնային եղանակով են ներկայացնում: «Ներկայացված փաթեթը նպատակ է հետապնդում տնտեսվարող սուբյեկտների համար ավելի քան 10 օրենքներում այնպիսի նույնականացում ապահովել, որպեսզի երկիմաստություններ, տարաձայնություններ չլինեն, եւ էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնողները որեւիցե խնդիր չունենան հաշվարկների ընթացքում»,- բացատրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը: Նա նաեւ հավաստիացրել է, որ առաջարկվող փաթեթով ապահովված են բոլոր պայմանները, որպեսզի էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններին իրենց հաշվետվությունները ներկայացնողները խուսափեն տարաձայնություններից, բոլոր կարգի խոչընդոտներից, ժամանակի կորստից. «Համոզված եմ, որ այս փաթեթի ընդունումից հետո 2011-2012թթ. հարկ վճարողների գերակշիռ մասը էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները կներկայացնի, իսկ այդ եղանակով հաշվետվությունները ներկայացնելուց հետո հնարավոր կլինի դրանք մշակել էլեկտրոնային եղանակով, քանի որ ձեռքով հնարավոր չի լինի, սուբյեկտիվիզմը կվերանա, եւ աստիճանաբար մենք կանցնենք ռիսկերի կառավարման լուրջ ու ժամանակակից մեթոդների»: