Լիբանանահայերը, ապրելով պայթյունավտանգ վիճակում, հաջողացնում են մնալ ամենակուռ հայկական համայնքը
Լիբանանում այսօր գործում է հայկական երեք օրաթերթ՝ Դաշնակցությանը պատկանող «Ազդակը», Հնչակյան կուսակցությանը պատկանող «Արարատը» եւ Ռամկավարների «Զարթոնքը»: Հրապարակվում են նաեւ մարզական, մշակութային ամսագրեր, երիտասարդական, հոգեւոր պարբերաթերթեր, սփռվում է երկու հայկական ռադիոկայան: Այս մասին տեղեկացանք «Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանից: Մեր հարցին՝ ինչպե՞ս են Լիբանանի հայկական թերթերը դիմակայում այդ երկրի քաղաքական վայրիվերումների, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, արդյոք այդ ամենը չի՞ ազդել նրանց գործունեության վրա, պարոն Գանտահարյանը պատասխանեց. «Մամուլի նահանջը ընդհանուր երեւույթ է՝ աշխարհի համար: Էլեկտրոնային լրատվամիջոցներն ավելի հասանելի են, բայց մենք (այս պարագային ես միայն «Ազդակի» մասին կարող եմ խոսել) արտակարգ ճիգերու կդիմենք, օրինակ, մանկապատանեկան հատուկ թերթ կհրապարակինք ամսական հերթականությամբ, եւ այդ թերթի քաղաքականությունը կանուխ տարիքեն հայ երեխան հայ թերթին կապիլն է, որ մինչեւ չափահաս դառնալը երեխան կապվի թերթին, դառնա ընթերցող, նաեւ թղթակից, աշխատակից եւ շարունակի կարդալը: Մեր ընթերցողները ոչ միայն կարդում են, այլեւ գրում են, թղթակցում են: Բացի այդ՝ աշակերտներու համար, ուսուցիչներու համար հատուկ գին ունի թերթը: Այս եւ այլ բաներ անում ենք, որպեսզի կարելի ըլլա ընթերցողներուն թիվը գոնե կայուն պահել: Երիտասարդ խավը գրավելու համար հատուկ միջոցառումներ կընենք, ծրագրեր ունինք հատուկ երիտասարդական հավելված հրապարակելու: Թերթի էլեկտրոնային տարբերակը կա, որը մեծ հաճախելիություն ունի, քանի որ լիբանանահայ սփյուռքը, որը լիբանանյան պատերազմի պատճառով աշխարհի տարբեր երկրներու մեջ սփռվեց, գաղութի հետ կապը պահելու համար այցելում է կայքէջը: Թերթը տպագրվում է միայն հայերեն, բայց կայքի մեջ որոշ նյութեր անգլերեն ալ դնում ենք: Ամիսը մեկ ալ նաեւ արաբերեն կանինք, որովհետեւ արաբերենի կարիքը կա՝ հակազդելու համար թուրք եւ ադրբեջանական ապատեղեկատվությանը, որը սուր կերպով զգացվում է եւ տարածաշրջանում, եւ Լիբանանում: Նրանք արաբական մամուլի մեջ տանում են իրենց քարոզչությունը, որովհետեւ որոշ լրագրողներ արաբական աշխարհում այսօր ունին ադրբեջանամետ եւ թրքամետ կեցվածք, եւ հատկապես ղարաբաղյան հարցի թեմայով ապատեղեկատվություն է գնում, եւ մեր կայքի արաբերեն բաժանմունքը շատ արագ հակազդում է, եւ բողոքներ ենք գրում, եւ սրբագրություններ են լինում»:
Դիտարկմանը, թե փաստորեն՝ «Ազդակն» աշխատում է ոչ միայն Լիբանանի հայերի, այլեւ արաբների համար, պարոն խմբագիրը պատասխանեց. «Հայկական հարցի մասին մեր տեսակետներն ենք ներկայացնում նաեւ արաբական էջում, հակազդում ենք հակահայկական թեմաներին, քանի որ՝ չեմ ըսե, թե համատարած, բայց պարագայաբար այդ տեսակի հոդվածներ սկսած են արաբական մամուլի մեջ: Սա է նաեւ Միջին Արեւելքի հայկական լրատվամիջոցների առաջնային խնդիրն այսօր, որովհետեւ իրոք ակտիվացել է թուրքական եւ ադրբեջանական գործոնը»: Իսկ որքանո՞վ են նրանք հաջողում ապատեղեկատվության դեմն առնելու գործում՝ մեր հարցին պարոն Գանտահարյանը պատասխանեց. «Այսօր նրանք ոչ թե Ցեղասպանության ժխտումի թեման են տանում, որովհետեւ համայնքների խնդիր կա, եւ, օրինակ, Լիբանանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ այն ժխտելը նաեւ լիբանանյան առումով որոշ հակազդեցություն կստեղծի, այլ օգտագործում են ղարաբաղյան թեման, մանավանդ՝ կրոնական բնութագրումով են առաջ տանում, ասելով՝ «քրիստոնյա հայերը» եւ այլն: Կրոնական տարբերությունը շահարկում են, առավել եւս Խոջալուի դեպքերն են անընդհատ տարածում, եւ այդ բոլորը լուսաբանելու եւ ճշտելու, ուղղելու խնդիր կա, որ իրենց վրա վերցրել են հայկական թերթերը, որոնցից առաջատարը «Ազդակն» է»:
«Ազդակն» այսօր 3000 օրինակով է տպագրվում՝ ներառյալ Սիրիայի ընթերցողները: Սիրիահայ համայնքը օրաթերթ չունի, շաբաթաթերթ ունի, եւ «Ազդակի» որոշ օրինակներ գնում են Սիրիա: Իսկ կայքէջի այցելուների թիվը օրական հասնում է 6-8 հազարի, Լիբանանում քաղաքական լարված իրավիճակի դեպքում՝ մինչեւ 18-20 հազարի:
«Ինչպե՞ս եք կարողանում երկրի ներսում տիրող այդ ոչ միանշանակ իրավիճակում, այդ հակամարտությունների մեջ պահպանել չեզոքությունը»՝ «Առավոտի» այս հարցին պարոն Գանտահարյանը պատասխանեց. «Դա շատ լուրջ խնդիր է, որի հետ ամեն օր կբախվինք: Գիտեք, որ հայկական կուսակցությունների մեջ տարաձայնություններ կան, բայց երբ անվտանգության խնդիր է լինում, եւ անվտանգությունը սպառնում է հայ համայնքին, բոլոր կուսակցությունները միացյալ կեցվածք ունին: Միացյալ են նաեւ հիմնական համահայկական խնդիրներուն շուրջ՝ ղարաբաղյան հարց, Ցեղասպանության ճանաչում: Բարեբախտաբար, հայ համայնքը այս տարիների ընթացքում ունեցել է ընդունակություն, ճկունություն՝ հավասարակշռությունը պահելու եւ չներքաշվելու այս կամ այն ճամբարի մեջ, որովհետեւ միայն քաղաքական չեն բախումները, այլեւ կարող են վերածվել զինվորական բախումների կամ քաղաքացիական ընդհարումների: Եվ հայ համայնքի ու կուսակցությունների ղեկավարությունը տարիների ընթացքում ճկունություն է ձեռք բերել՝ քաղաքական ականված դաշտի միջից անվտանգ դուրս գալու: Եղել են, իհարկե՝ ցավոք, զոհեր՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ պետք էր հայկական թաղամասերը պաշտպանել, բայց մեծ մասամբ հայ համայնքը՝ իր հաստատություններով, իր կառույցներով, դպրոցներով, եկեղեցիներով, մամուլով, համեմատաբար անվտանգ է մնացել՝ շնորհիվ այդ չեզոք քաղաքականության»:
Նկատեցինք, որ լիբանանահայությունը, թերեւս, ամենաքիչ ուծացվող հայ համայնքներից է: Համաձայնելով այդ դիտարկմանը՝ պարոն Գանտահարյանն ասաց, որ այսօր Լիբանանում մնացել է մոտ 100 հազար հայություն. «Բավականին կազմակերպ համայնք է մեր համայնքը, եւ համասփյուռքյան կենտրոն ըլլալու հանգամանքը պահում է մեզ: Գիտեք, որ Լիբանանում են գործում Անթիլիասի կաթողիկոսարանը, հայ ավետարանական եւ հայ կաթողիկե համայնքների սփյուռքյան կենտրոնատեղիները, համասփյուռքյան միությունների կենտրոնները… 21 ամենօրյա հայկական վարժարան է գործում: Բավական կազմակերպված եւ ակտիվ գործունեություն կա՝ մանավանդ, եթե համեմատենք մյուս համայնքների հետ: Կարեւորը՝ մեր համայնքը ներգրավված է երկրի քաղաքական կյանքին, եւ ի տարբերություն մյուս միջինարեւելյան երկրների, ներկայացված է եւ կառավարությունում, եւ ԱԺ-ում, եւ պետական մարմիններում: Լիբանանում յուրաքանչյուր համայնք ունի իր չափաբաժինը՝ ներգրավվելու պետական կյանքի մեջ, եւ այդ առումով բավական ակտիվ է նաեւ համայնքի քաղաքական գործունեությունը»: