Երեկ երեկոյան, ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի Մայիսի 9-ի փողոցում անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ մի տղամարդու: Կնոջն անհայտ մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, իսկ տղամարդը տեղում մահացել է: Մի ժամ անց հիվանդանոցում մահացել է նաեւ այդ կինը: «Առավոտի» տեղեկություններով, մահացածներն են Արտեմ Անտոնյանն ու Վիկտորյա Շահբազյանը: Վթարի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Երեւանի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը եւ Երեւանի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Լեւոն Շմավոնյանը, քննիչներն ու փորձագետները, ովքեր դեպքի վայրում նկարահանման եւ տեղազննման աշխատանքներ են իրականացրել:
Դեպքի վայր եկավ նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Լեւոն Յազիչյանը, ով Շենգավիթի ոստիկանության աշխատակիցներին հանձնարարեց, որպեսզի վթարի վայրին հարակից բակերում փնտրեն վնասված մեքենաներ: