Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա զուտ պատմության աղավաղում չէ»

Հոկտեմբեր 28,2010 00:00

ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը կարծում է՝ թուրքախոս պետությունները շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն:

Հանրապետության նախագահը վերջին շրջանում բավականին կոշտ անդրադարձ կատարեց ադրբեջանական կողմից պատմական փաստերի որոշ խեղաթյուրումների վերաբերյալ եւ հորդորեց մեր երկրի այդ հարեւաններին առավել ուշադիր լինել պատմական փաստերի հանդեպ եւ չփորձել խեղաթյուրել դրանք: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում համամիտ լինելով նախագահի հետ՝ հայտարարեց, թե ժամանակն է ադրբեջանցիներին կարգի հրավիրել:
Մենք հարցրինք՝ մի՞թե ուշացած չէ այս ամենը, արդյոք չէ՞ր կարելի ավելի վաղ հարեւաններին կարգի հրավիրել: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, թե Ադրբեջանը մշտապես է փորձել աղավաղել պատմական փաստերը եւ անմիջապես էլ մեր կողմից հակահարված է ստացել. «Ադրբեջանը, չունենալով սեփական պատմություն, ձեւավորված չլինելով որպես էթնոս՝ անգամ խորհրդային տարիներին այդպիսի կեղծիքների էր գնում: Եվ դրա հոգեւոր առաջնորդն էլ պրոպագանդայի գծով Ադրբեջանի Կենտկոմի քարտուղար, ակադեմիկոս Կուլիեւն էր եւ տխրահռչակ Զիա Բունիաթովը: Դա պատահական չէ, ցանկացած ժողովուրդ, որը պատմություն չունի, փորձում է ստեղծել ուրիշների հարուստ պատմության հաշվին: Իլհամ Ալիեւը այս մասով գերազանցեց իր բոլոր նախորդներին: Եթե, անցյալ չունենալով, ադրբեջանցիները ղաչաղ Նաբիին համարում են պատմական անձնավորություն, էլ ի՞նչ ասես: Եթե հայ ժողովրդի նախասկիզբը կապվում է ուրարտական թագավորների հետ, եւ ամբողջ աշխարհն է դա ընդունում, ապա ադրբեջանցիների նախահայրերը, ըստ իրենց պատմագրության, դառնում են ղաչաղները, քյոռօղլիները, մտացածին կերպարներ: Եթե մի ժողովրդի ազգային հերոսը ղաչաղ Նաբին է, բնականաբար, մեր պատմաբանները, քաղաքագետները, ըստ երեւույթին, արհամարհում էին այս կարծիքները: Ես էլ, որպես պատմաբան, անլուրջ եմ համարում պատասխանել Ալիեւի զառանցանքներին, երբ ասում է, թե Հայաստանը որպես պետություն ձեւավորվել է Ադրբեջանի պատմական հողերում, եւ իրենք թույլ չեն տա, որ Ադրբեջանի պատմական հողերում ձեւավորվի հայկական երկրորդ պետությունը»:
Պարոն Հարությունյանը կարծում է, որ իր այս «զառանցանքի մեջ» Ալիեւը միայնակ չէ. «Ստեղծվել է պետությունների մի ալյանս, որի մեջ մտնում են Ղրղըզստանը, Թուրքմենիան, Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը: Փորձում են մուսուլմանական ալյանս ստեղծել՝ հանձինս այս պետությունների: Եվ երբ ծանոթանում եմ նրանց տեսակետներին, որպես պատմաբան, տեսնում եմ, որ իրենք ոչ միայն օսմանիզմի վերականգնման գաղափարախոսությունն են դնում այդ ալյանսի հիմքում, այլեւ ավելի լայն մասշտաբ են վերցնում՝ հասնելով Չինգիզ խանի աշխարհատիրակալությանը»: Ըստ մեր զրուցակցի՝ «Իլհամ Ալիեւի վերջին ելույթը կարծես Թաթարստանի նախկին նախագահ Շամիեւի այն հայտարարության կրկնությունն է, ըստ որի՝ Իրտիշից մինչեւ Կասպից ծով տիրապետում է թաթարական մշակույթը, եւ այդ ամբողջ տարածքում որեւէ այլ մշակույթ չի եղել: Սա առաջին հերթին հարված է քրիստոնյաներին եւ Ռուսաստանին: Այս գաղափարախոսությունը միայն Ադրբեջանը չի առաջ տանում, այլ նաեւ բոլոր թուրքախոս ժողովուրդները, որոնք հայտնի պատմական իրադարձություններից հետո են հայտնվել այդ տարածքներում եւ երբեք էթնիկ, բնիկ ժողովուրդ չեն եղել»:
Համլետ Հարությունյանը վստահ է, որ Ադրբեջանի նախագահը այսօր ոչ միայն կեղծում է պատմությունը, այլեւ դրա միջոցով շատ ավելի հեռուն գնացող հարցեր է փորձում լուծել: Ըստ պատգամավորի, դա պատմության սովորական աղավաղում չէ, այլ թուրքախոս ժողովուրդների հեռուն գնացող ստրատեգիա: Պատգամավորը համոզված է, որ այս ամենի դեմն առնելը միայն Հայաստանի խնդիրը չէ, սա բոլորի խնդիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել