Դավիթ Հարությունյանը, ըստ մարքսիստի, ՀՀՇ-ի կնքահայր Վանոյի ստեղծագործությունն է
«Առավոտի» հետ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների ներկայիս փուլի վերաբերյալ զրույցում Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ընտրական բարեփոխումների «գլխավոր դերակատար», ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի մասին ասաց. «Այդ քաղաքական գործիչը եւ նրա կերպարը ՀՀՇ-ի կնքահայրերից մեկի՝ Վանոյի ստեղծագործությունն է: Նա նաեւ իր կնքահորը դատողն է. հարամ, «նե չիստիյ ֆրաեր»: Վարժապետից մինչեւ Ռոբին Հուդի (Ռոբերտ Քոչարյանի- Ն. Գ.) արհեստավարժ արդարադատության նախարար՝ նա մի ողջ քաղաքական կերպարանափոխությունների շղթա է անցել: Այդ մարդու անվան հետ են կապվում «ԱրմենՏել»-ի բոլոր բազարային գործարքները, որի ընթացքում նա միլիարդներ հափշտակեց: Նրա անվան հետ է կապված ազգին 50 աղանդներ պարտադրելով դավանափոխելը՝ խղճի ազատության անվան տակ: Նրա անվան հետ են կապված դատաիրավական բարեփոխումների պատրվակով յուրացրած մեծ վարկային գումարները: Այնպես որ՝ նրա բարոյական կերպարը հայտնի է: Բայց այսօր էլ նա կատարում է հանրապետականների իշխանության պատվերը եւ ուզում է աշխարհին ցույց տալ բարեփոխումների կեղծ կոսմետիկա: Մի խոսքով՝ գելին Ավետարան են տվել»:
Այս «Ընտրական օրենսգիրքը», որը, մեր զրուցակցի համոզմամբ, դեռ 1995-ից սկսած՝ կեղծ բարեփոխումների կոսմետիկա է անցել, այդպես էլ չկարողացավ իշխանափոխությունների ընթացքում ապահովել հասարակության ֆիզիկական անվտանգությունը՝ Հայաստանը դարձնելով արյունոտ շահատակությունների թատերաբեմ: «Ընդհանրապես, ընտրական իրավունքը համարվում է իշխանափոխության Սուրբ գիրքը կամ իշխանափոխության քաղաքական դատավորը. այն սրբապղծելը համարվում է պետական ծանրագույն հանցագործություն»,- ասում է մարքսիստն ու իր առաջարկները ներկայացնում.
1. Նոր ընտրական իրավունքը պետք է լինի հասարակության ֆիզիկական եւ պետության քաղաքական անվտանգության երաշխավորը:
2. Պետք է բացառի իշխանագողությունը՝ որպես պետական ծանրագույն հանցագործություն:
3. Ապահովի ժողովրդի քաղաքական կամքի ազատ դրսեւորման միջոցով գաղափարական նոր սերնդափոխությունը ներքեւից՝ խաղաղ, սահուն ճանապարհով, առանց քաղաքական կատակլիզմների:
4. Բացառի ֆինանսական, պետական եւ կուսակցական տոտալիտարիզմը:
5. Բացառի իշխանափոխությունը տեռորիզմի, բոնապարտիզմի, քաղաքական ավանտյուրիզմի եւ պալատական հեղաշրջումների միջոցով:
Նման ընտրական իրավունք ձեւավորելու համար մարքսիստն առաջարկում է. «Բացարձակ ընտրական իրավունքից անցնել Սահմանադրության մեջ ամրագրված համընդհանուր ընտրական իրավունքի եւ դիսկրիմինացիայի չենթարկել քաղաքացիներին՝ տարբեր եկամուտներ ունեցող անձանց պարագայում ամրագրելով միեւնույն ընտրագրավը: Կամ պետությունը պետք է հոգա ընտրական ծախսերը, կամ պետք է անցնել դիֆերենցված ցենզային ընտրական իրավունքի՝ յուրաքանչյուրն իր եկամտի որոշակի տոկոսը վճարի, որպեսզի քաղաքական եւ սոցիալական դիսկրիմինացիան վերանա: Կյանքի կոչել Սահմանադրության 65-րդ հոդվածը եւ արգելել օլիգարխիկ կապիտալի մուտքը պառլամենտարիզմի ինստիտուտ»: Այստեղ նա բերում է ԱՄՆ-ի եւ այդ երկրի նախագահ Ռուզվելտի օրինակը, ով պայքարելով «Մորգանի», «Դյուպոնի» ու «Ֆորդի» դեմ՝ հաղթեց՝ ծաղկեցնելով ամերիկյան դեմոկրատիան: Նաեւ՝ «Ընտրական հանձնաժողովների ձեւավորում՝ վերեւից. յուրաքանչյուր գրանցված կուսակցություն մեկ ներկայացուցիչ պետք է ունենա ընտրական հանձնաժողովներում»: Այս համատեքստում մարքսիստը նաեւ առաջարկում է Հայաստանում կուսակցական ռեֆորմ իրականացնել՝ ձեւավորելով երեք հիմնական գաղափարախոսական ուղղություններ՝ ձախ-սոցիալիստական, աշխատուժի շահերի պաշտպան, աջ-լիբերալ, կապիտալի շահերի պաշտպան եւ մեկ ազգային կուսակցություն: «Թե չէ՝ այսօր պառլամենտում տարբեր խունտաների շառլատաններ են նստած»,- վրդովվում է մարքսիստը: Այնուհետեւ առաջարկում է վերահսկել նաեւ քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին: Ընտրություններին չմասնակցելու՝ պետական մեքենայի ձեւավորմանը չմասնակցելու դեպքում կամ մեծ ֆինանսական տույժերի ենթարկել, կամ որոշակի ժամանակով զրկել քաղաքացիությունից, քանի որ կեղծարարությունների հիմքը պասիվ էլեկտորատն է: Եվ որ ամենակարեւորն է՝ պատգամավորության հավակնորդները ընտրություններից մեկ տարի առաջ պետք է լիցենզիոն քննություններ հանձնեն հասարակագիտությունից, համաշխարհային տնտեսագիտությունից, հռետորական արվեստից, իսկ նախագահի բոլոր թեկնածուները մեկ տարի առաջ պետք է լքեն պետական մեքենան, ոչ թե նշանակվեն վարչապետ՝ «որպեսզի մի կատվի ցատկ մնա մինչեւ գահը»: