Երեկ youtube.com-ում տեսագրություն էր տեղադրվել, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ազգությամբ հայ երիտասարդին ասում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է ապրիլի 24-ից առաջ զանգահարել իրեն եւ խնդրել չշտապել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պատասխանելով այդ տեսանյութին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ հայտարարություն է տարածել, որում, մասնավորաբար, ասված է. «Հայաստանի Հանրապետության նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ. կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը՝ բոլոր հանրային ելույթներում եւ պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եւ կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները՝ ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը՝ հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»: