Մրցութային հայտերի ներկայացումը երեկ լուսաբանում էին գերազանցապես
այդ մրցույթներին մասնակցող հեռուստաընկերությունները: Իսկ ՀՌԱՀ-ն էլ, մի բացառությամբ, որեւէ հարց չուղղեց փաթեթները ներկայացնողներին:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ լսեց հայտարարված 18 մրցույթներից 8-ի համար ներկայացված հայտերը: Դրանցից 7-ին մասնակցում են մեկական ընկերություններ: Ուստի անկախ նրանից, թե սեփական կամ հայրենական արտադրության որքա՞ն հաղորդումներ են այս անգամ խոստացել նրանք, կամ արդյոք հիմնավորվա՞ծ է նրանց բիզնես ծրագիրը՝ այդ 7-ն արդեն արտոնագրատեր են: Եվ գուցե այդ պատճառով էլ երեկ նրանց մրցութային առաջարկները լսելու չէին եկել ո՛չ տպագիր կամ համացանցային մամուլի մեր գործընկերները, ո՛չ լրագրողական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Չմանրամասնելով, թե ինչ տվյալներ ներկայացրին արտոնագրատիրոջ ընտրության համար վճռորոշ այլ չափանիշների կապակցությամբ՝ առավել մեջբերենք ներկայացված այն տվյալները, որոնք կարող են վերաբերել «բազմակարծությունը խթանելու կարողությանը»: Առաջ անցնելով նշենք՝ չնայած միջազգային կառույցների մշտական քննադատությանը հայկական եթերում բազմակարծության պակասի վերաբերյալ՝ մեր հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներից դատելով, իրենք այդ մասին տրամագծորեն հակառակ կարծիքի են:
«Արմենիա»
Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Մարգարիտա Գրիգորյանն իրենց մրցութային առաջարկը ներկայացնելիս հայտարարեց. «Իր ստեղծման օրվանից «Արմենիա» հեռուստաընկերությունը հասարակությանն ապահովում է անկախ լրատվական հաղորդումներով, ընդունում է հեռախոսազանգեր սոցիալական եւ քաղաքական հիմնախնդիրներ լուսաբանող հաղորդաշարերի ընթացքում եւ ապահովում է առողջ մթնոլորտ քաղաքական ուժերի եւ հանրության երկխոսության համար: Հետագայում եւս հեռուստաընկերությունը նախատեսում է խթանել բազմակարծությունն իր եթերում եւ զանգվածային լրատվության դաշտում ընդհանրապես՝ հնարավորություն ընձեռելով տարբեր քաղաքական կողմնորոշումներ եւ հայացքներ ունեցող բազմաթիվ անհատների, ինչպես նաեւ խմբերի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հանդես գալ իր քաղաքական եւ սոցիալական ուղղվածության տարաբնույթ հաղորդաշարերում: Մասնավորապես քաղաքական բազմակարծությունը եւ հավասարակշռությունը կպահպանվեն «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական թողարկումներում, որտեղ կլուսաբանվեն հասարակությունում առկա բոլոր խնդիրները եւ կներկայացվեն այդ բոլոր խնդիրների շուրջ գոյություն ունեցող բազմաբեւեռ տեսակետներ ու սկզբունքներ»:
«Շանթ»
Հեռուստաընկերությունն իր հայտը ներկայացրեց շուրջ 35 րոպեանոց ֆիլմում, որի գերակշիռ մասը «Շանթի» անցած ճանապարհի մասին էր: Մեջբերված էին ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ այլոց՝ այս հեռուստաընկերության մասին դրվատալից տեսակետները:
Ֆիլմից պարզ դարձավ, որ առաջիկա 10 տարիներին «Շանթը» մասնավորապես ծրագրում է «ստեղծել լրատվական ծառայության այնպիսի հզոր ցանց, որը հնարավորություն կտա բոլոր հայերին տեղեկացնել բոլոր հայերի մասին, այսինքն՝ Հայաստանում տեղեկացնել Սփյուռքի մասին, իսկ Սփյուռքին՝ Հայաստանի մասին, ապահովելով միմյանց կարծիքներն ու տեսակետները լսելու բոլոր հնարավոր միջոցները, հասնելով եթերում բազմակարծության լիարժեք դրսեւորման»: Ներկայումս գործող «Հեռանկար» ու «Հայկական աշխարհ» ծրագրերի մասին ասվեց. «Հաշվի առնելով հասարակական-քաղաքական ծրագրերի առանձնահատուկ հնարավորությունը եթերում բազմակարծությունը խթանելու եւ առավել արդյունավետ կիրառելու՝ պլանավորվում է ավելացնել դրանց հեռարձակման պարբերականությունը, ընդլայնել օգտագործվող տեխնիկական բազան, ներգրավել տեխնոլոգիական նորագույն միջոցները հասարակության առավել մեծ խմբերի ներգրավման նպատակով՝ ինտերնետային քվեարկություն, կարծիքների հաղորդում, հարցերի առաջադրում եւ այլն: Ապագայում նախատեսվում է նաեւ կազմակերպել հասարակական-քաղաքական եւս մի թոք շոու ժանրի բանավիճային ծրագիր՝ լսարանի առկայությամբ, ինչը հնարավորություն կտա ներկայացնել հասարակության տարբեր շերտերի, քաղաքական տարբեր կուսակցությունների եւ քաղաքական հայացքների հակադիր տեսակետներ եւ միաժամանակ ստուգել լսարանի վերաբերմունքը՝ դրանցից յուրաքանչյուրին»:
«Հ2»
«Հայկական երկրորդ հեռուստաալիքի» մրցութային առաջարկը ներկայացնելիս շարադրվեցին այսպիսի տվյալներ՝ վարչական շենքը եռահարկ քարե շինություն է, ունի էլեկտրամատակարարում, գազամատակարարում, «միացված է ջրմուղ-կոյուղու համակարգին» եւ այլն: Մանրամասն թվարկվեց, որ բացառիկ հնարավորություն են ունեցել հեռուստադիտողին ներկայացնել Մայքլ Ջեքսոնի եղբորը՝ Ջերեմի Ջեքսոնին, Միխայիլ Շիֆուտինսկուն եւ այլոց:
Գործունեության բովանդակային կողմի մասին Գայանե Փայտյանը մասնավորապես ասաց. «Արտոնագիր ստանալու դեպքում հեռուստաալիքի եթերում պահպանելով բազմակարծության սկզբունքը՝ շարունակելու ենք վստահություն ներշնչել հասարակությանը, իհարկե՝ ունենալով դրա համար իրական հիմքեր: Հեռուստաընկերությունը ստեղծել եւ ստեղծելու է այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի են առնում հասարակության տարբեր շերտերի ազգային, կրոնական, քաղաքական հայացքներն ու նախասիրությունները»: Բազմակարծությանն ուղղված քայլ որակեց այն, որ բացի «Լրաբերի» լրահավաք հեռախոսից՝ «Գործում է նաեւ 0-8000-8000 թեժ գծի համարը: Սա ուղիղ կապ է հեռուստադիտողի եւ հեռուստաընկերության ներկայացուցչի միջեւ»:
«Կենտրոն»
«Մուլտի մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ» ՓԲԸ-ն իր մրցութային առաջարկը եւս ֆիլմով շարադրեց, որի ընթացքում մասնավորապես ներկայացնելով այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ նշեց հետեւյալը. «Հարգել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ տեղեկություններ չտալու եւ հարցերին չպատասխանելու իրավունքը»: Այս հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարն իրոք գործով է ապացուցել «բազմակարծությունը խթանելու կարողությունը», եւ ֆիլմում այս հանգամանքն անընդհատ շեշտվում էր տեսաշարի միջոցով՝ այս կամ այն ընդդիմադիր գործչի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցից պատկերներով: Ֆիլմին ի հավելումն՝ Պետրոս Ղազարյանը, որը ներկայացնում էր մրցութային առաջարկը, ասաց. «Մեր առաջնահերթությունը լինելու է բազմակարծության ապահովումը: Մենք ուզում ենք բանավեճի մշակույթը, տարբեր սոցիալական խմբերի միջեւ խնդիրները վեր հանելու մշակույթը նաեւ հեռուստաընկերության միջոցով գա դեպի հասարակություն: Մենք նաեւ մի սկզբունք ենք որդեգրելու, որ ոչ մի սոցիալական խումբ պետք է մերժված չլինի մեր հեռուստաընկերության կողմից»: Հայտնեց, թե նախատեսում են ավելացնել սոցիալ-քաղաքական թոք շոուների քանակը՝ նաեւ լսարանի մասնակցությամբ. «Հասարակությունը կարիք ունի այդ խնդիրների մասին բաց խոսելու»:
«Երկիր Մեդիա»
«Մեզ համար բազմակարծությունն ու հանդուրժողականությունը դատարկ խոսքեր չեն: Մեր ողջ գործունեության արդյունքում մենք ապացուցել ենք մեր հավատարմությունը համամարդկային այդ արժեքներին»,- «Հուսաբեր» ՓԲԸ-ի հայտը ներկայացնելով՝ ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը: Նաեւ խոստացավ. «Մեր քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքական տեսակետների բազմազանության ու լրատվության բազմակարծության խթանմանը, ինչը կնպաստի որակապես նոր ու տարբերակված հաղորդումների հեռարձակմանը: Այն առաջին հերթին ուղղված է լինելու հասարակության սոցիալական եւ քաղաքական իրականության արտացոլմանը»: Անգամ հայտնեց, թե ծրագրում են նվազեցնել գեղարվեստական կինոնկարներին հատկացվող եթերաժամանակը՝ այն տրամադրելով հասարակական-քաղաքական եւ երիտասարդական հաղորդումներին: Ի դեպ, «Երկիր Մեդիան» միակն էր, որին հարց ուղղվեց: Գրիգոր Ամալյանը փորձեց պարզել բանավոր ներկայացված տվյալի, թե 2020-ին հայրենական արտադրության հաղորդումները կազմելու են հեռուստածրագրերի 98%-ը, իսկ սեփական արտադրության հաղորդումները՝ 95%-ը, եւ մրցութային առաջարկում այդ կապակցությամբ տարբերվող տվյալների (համապատասխանաբար՝ 90% եւ 80%) հակասությունը: Դավիթ Հակոբյանն առաջարկեց հիմք ընդունել իր հայտարարած առավելագույն տվյալները:
«Անսվեր»
Ներկա մրցույթների միակ «գորշ ձիուկն» այս ՍՊԸ-ն էր, որի վերաբերյալ շատ հարցականներ պարզվեցին երեկ: Նախ՝ անվանումն իրոք ուղղակի անգլերեն answer՝ պատասխան բառն է: Երկրորդ՝ ընկերության հիմնադիրն ու տնօրենը Լեւոն Սուլթանյանն է: Եվ վերջապես՝ հանրապետական սփռմամբ ընդամենը վերահեռարձակելու են «ՌՏՌ-Պլանետա» ալիքի հաղորդումները: Ու թեեւ 2007-ի նոյեմբերին հիմնադրված «Անսվեր» ՍՊԸ-ն շահույթ հետապնդող է, ինչպես հայտնեց Լեւոն Սուլթանյանը՝ «Կոնկրետ այս նախագծի իրագործման մեջ շահույթ չենք հետապնդում», քանի որ մասնավորապես հաշվի առնելով Հայաստանի եւ ՌԴ կառավարությունների միջեւ պայմանագիրը՝ ռուսաստանյան հեռահաղորդակցական կազմակերպությունների ծրագրերը մեր պետության տարածքում տարածելու վերաբերյալ՝ «Պատիվ ենք համարում մեր պետության ստանձնած պարտավորությունների իրականացման գործում մեր լուման ունենալը»:
«Ա-ԹԻՎԻ»
Թվում էր՝ «Ա-ԹԻՎԻ»-ի դեպքում բազմակարծության խթանման վերաբերյալ խոստումներ չեն կարող լինել, քանի որ սա զուտ ժամանցային ուղղվածության ալիք է, սակայն պարզվեց՝ մեզ սխալ էր թվում. «Բազմակարծությունն ապահովելու միջոցները, այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը. մենք՝ նկատի ունենալով հեռուստատեսություն-հասարակական կարծիք հարաբերության փոխկապակցված, փոխներգործող բնույթը՝ պլանավորման հիմքում դրել ենք հասարակություն-ստեղծագործական խումբ-վարչական կառավարման համակարգ ծրագրային բովանդակության նոր կառուցվածք՝ էլի վերադարձ հասարակությանը այդ շղթայի համագործակցության կազմակերպումը»,- այս խրթին շարադրանքն ընթերցեց «Ա-ԹԻՎԻ»-ի մրցութային առաջարկը ներկայացնողը՝ հեռուստաընկերության իրավաբան Վարուժան Վարդանյանը: Հայտը ներկայացնելու ընթացքում նա հարցականների տեղիք տվող այլ պնդումներ էլ արեց: Ասենք՝ «Ա-ԹԻՎԻ»-ի նոր անունների շարքում մասնավորապես նշեց Գարիկ Մարտիրոսյանին ու Միշա Գալուստյանին. «Մեր հեռուստաընկերությունում նոր դեմքեր են»: Սակայն ՀՌԱՀ անդամներն այս ամենն ընդունեցին անվրդով եւ էլի ոչ մի հարց չտվեցին:
ԱԼՄ
Երիտասարդական ուղղվածության հեռարձակում իրականացնելու համար մրցույթը, հայտնի է, որ ունի երկու մասնակից: Առաջինը հայտը ներկայացրեց ԱԼՄ-ն՝ ի դեմս Մանվել Մարգարյանի, որը պնդեց, թե հեռուստաընկերության հաղորդումների հիմքում «եղել են եւ կլինեն համամարդկային արժեքները՝ արդարության, մարդու հիմնարար իրավունքների, բազմակարծության սկզբունքները»: Ըստ նրա՝ ԱԼՄ-ն ապահովում է «առավելագույն անկողմնակալություն, եւ ես ուզում եմ հատկապես ընդգծել՝ բազմակարծություն», «այլընտրանքային ընտրության հնարավորություն է տալիս քաղաքական երկու թեւերի՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչներին, եւ կառուցողական բանավեճի իրավունք ընձեռելով՝ սրությամբ դնում բազմաթիվ հարցեր ու հիմնախնդիրներ»: Մանվել Մարգարյանը հավելեց, թե քանի որ այժմ հայտ են ներկայացնում դառնալու երիտասարդական ալիք՝ «Հաղորդումներով ձգտելու ենք հետեւյալ կարեւոր նպատակներն իրագործել՝ աջակցել երիտասարդների իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորմանը» եւ այլն: Իսկ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը հավելեց. «Ես դրսից եկած ներդրում անող եմ: Ես չեմ կարող իմ փասափուսեն հավաքեմ՝ այստեղից գնամ, եթե ենթադրենք՝ զրկվեմ կապուղուց: Մենք ունենք հստակ էլեկտորատ եւ մենք պահպանում ենք այդ շահերը»:
«Երեւան»
Միակ հայտատուն, որն իր մրցութային առաջարկը ներկայացնելիս որեւէ կերպ չփորձեց ապացուցել բազմակարծությունը խթանելու սեփական կարողությունը՝ «Երեւանն» էր: Հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Նաիրա Սիմոնյանն ասաց, թե իրենց լուրերը լինելու են միայն երիտասարդների մասին: Նաեւ հաստատակամություն հայտնեց պահպանելու իրենց ամենավիճահարույց հաղորդաշարը. «SMS-chat՝ ամենաաղմկահարույց եթերաժամը մեր եթերում, որ բազմաթիվ այլ կարծիքներ է ունեցել: Մենք շարունակելու ենք այս փաթեթում, եւ ասեմ ինչու՝ որովհետեւ հեռուստաժամը օգնում է տարբեր բարդույթներով անձանց, հատկապես երիտասարդներին, անկաշկանդ շփվել: 2 տարի է՝ արդեն հեռարձակում ենք եւ նույնիսկ բոլորին համարյա գիտենք՝ անուններով: Օնլայն շփում հեռուստադիտողների միջեւ, ֆորումներ՝ երիտասարդներին հետաքրքրող բազում հարցերի շուրջ եւ վերջապես՝ ծանոթություն: Կարծում եմ՝ դեմ չի լինի ոչ մեկ, որ շարունակվի SMS-chat-ը»:
Հ. Գ. ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մեր հարցին, թե ինչպե՞ս են գնահատելու բազմակարծությունը խթանելու կարողությունը՝ պատասխանեց. «Հիմա չեմ շտապի՝ պիտի նայենք ներկայացված նյութերի ամբողջ ծավալը եւ դրա համադրությամբ փորձենք գնահատել հնարավորությունները»: