Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒՄ Է ՊԵՏՔ ՀԱՄԱՐԵԼ «ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ»

Հոկտեմբեր 28,2010 00:00

\"\"Վարչապետը հակադարձեց Զարուհի Փոստանջյանին

Ազգային ժողովի կիսակլոր դահլիճում երեկ կառավարությունն առաջին անգամ պատասխանեց պատգամավորների հարցերին: Բովանդակային փոփոխություններ ոչ հարցերում եւ ոչ էլ պատասխանների մեջ առայժմ նկատելի չեն: Վիկտոր Դալլաքյանը հարցրեց, թե ինչպիսի մոտակա եւ հեռանկարային ծրագրեր ունի ՀՀ կառավարությունը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը շտկելու համար: Պատգամավորը տեղեկացրեց, որ 2009-2010-ի ընթացքում երկրից արտագաղթողների շուրջ 50 տոկոսը 20-49 տարեկաններն են, իսկ Հայաստանից մեկնողների տարիքային մեծ խումբը մինչեւ 14 տարեկաններն են:
Հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հայտարարեց, թե հիմնական վտանգավոր փուլը կարողացել ենք հաղթահարել՝ արտագաղթի տեմպերը կտրուկ նվազեցնելով, եւ մեր նպատակն է. «Մոտակա տարիներին մեր կողմից իրականացվող քաղաքականության շնորհիվ կարողանանք ստեղծել հակառակ միտումը, որ Հայաստան վերադարձողների քանակը լինի ավելի շատ, քան արտագաղթողներինը: Դա ենթադրում է՝ համալիր ծրագրի մշակմանը պետք է մասնակցեն մասնագետները, եւ ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այս հարցերը քննարկում ենք ոչ միայն տեղական փորձագետների հետ, այլեւ միջազգային: Ինչ վերաբերում է սոցիալական քաղաքականությանը, ուսումնասիրելով մեր վերջին տարիների բյուջեները՝ տեսնում եք, որ մենք էական նշանակություն ենք տալիս ծննդաբերության ծրագրերին՝ եւ առողջապահության ոլորտում, եւ ընտանեկան նպաստների տրամադրման առումով»: Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Ուզում եմ անդրադառնալ մի հարցի, ափսոս, որ ընդդիմության ներկայացուցիչները հեռացել են դահլիճից, ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին, որ Զարուհի Փոստանջյանը հնչեցրեց. կարծում եմ, դրանք տեղին չեն եւ հարիր չեն Ազգային ժողովին: Մեղադրել կառավարությանը կեղծիքի մեջ՝ չներկայացնելով որեւէ փաստաթուղթ, որեւէ հիմնավորում: Եթե իրոք՝ նման փաստաթուղթ են հայտնաբերում մեր պատգամավորները, այդ պարագայում ավելի կոռեկտ կլիներ, եթե նախապես մեզ հետ քննարկեին՝ մինչեւ այդպիսի ամպագոռգոռ հայտարարություններ անելը այս բարձր ամբիոնից: Մանավանդ՝ մի քանի րոպե առաջ նրա գործընկերուհին ասում էր, որ ընդդիմության նկատմամբ չի կարելի վերաբերվել որպես ներքին թշնամու: Իսկ կառավարության նկատմամբ կարելի՞ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել